20 04 2020

Իսկ դատավորնե՞րն ովքեր են...

Իսկ դատավորնե՞րն ովքեր են...

Արցախի հերոս, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանավորված պահելու գործող իշխանության ղեկավարի սևեռման հետևանքով ձևավորվել է մի իրավիճակ, որը խորությամբ հակասում է մարդկայնության, իրավականության, ողջամտության բազմաթիվ նորմերի: Այլ կերպ և խոսակցական տարբերակով այդ ամենը սովորաբար բնորոշում են որպես «բեսպրեդել»: 

Այլևս այնքան ակնհայտ է, որ վարչապետի դիրքում հայտնված Նիկոլ Փաշինյանը այդպիսով ամենից առաջ անձնական քինախնդրությանն է հագուրդ տալիս, որ հավելյալ ապացույցների կամ փաստարկների կարիք նույնիսկ չի զգացվում: Թեպետ, «զգացվել»-ը ո՞րն է, եթե իշխանությունը շարունակաբար ինքն է իր գործողություններով կամ անգործությամբ դա ապացուցում: 

Վերցնենք թեկուզ խնդրո առարկա «գործը» քննող դատավոր Աննա Դանիբեկյանի արձակուրդա-վիրահատական «բյուլետենի» պատմությունն ու դրանով ստեղծված անհեթեթ կացությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբանական թիմի տարբեր ներկայացուցիչներ վերջին օրերին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնեցին այդ առումով ստեղծված անորոշ, անհեթեթ ու անտրամաբանական կացության և խնդիրների մասին: 

Եթե դատավորը վիրահատվելու է, այսինքն՝ մի տևական շրջան չի աշխատելու և դատական նիստեր չի վարելու, ապա ոչինչ տվյալ դատարանի նախագահին չէր խանգարում «գործը» հանձնել այլ դատավորի: Այս դեպքում, ի դեպ, իրավիճակն ավելի «ճոխ» է. Աննա Դանիբեկյանը, նախ, պլանային արձակուրդ է վերցնում, դրանից հետո՝ վիրահատվում է, ապա... նորից է արձակուրդ վերցնում: 

Պատճառները հանգում են նույն նպատակին՝ ամեն գնով բանտում պահել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 

Առավել ևս, մի իրավիճակում, երբ դատարանը կանգնելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների ներկայացրած երաշխավորությունը քննելու անհրաժեշտության առաջ: Հնարավոր ենթադրությունն այն է, որ հասկանալով՝ այդ երաշխավորությունը մերժելու որևէ ծանրակշիռ և օրինական հիմնավորում չունեն, դատարանը (իշխանությունը) ընտրել է «գործը» հնարավորինս ձգձգելու մարտավարությունը: Իշխանության որդեգրած «ամեն գնով՝ կալանքի տակ պահելու» գործելակերպի տմարդիությունն ավելի է ընդգծվում տարածված վարակի սպառնալիքի առկայության պայմաններում, չհաշված արդեն, որ ոչ բանտային պայմաններում Ռոբերտ Քոչարյանին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքը, փաստորեն, կիսատ մնաց: 

Նման իրավիճակում առաջ է գալիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի պերսոնան, ավելի ստույգ՝ նրա յուրովի անգործության հարցը: Բանն այն է, որ եթե նշված դատարանի որևէ դատավոր առողջական կամ այլ պատճառներով հնարավորություն չունի դատական նիստեր անցկացնելու, դատարանի նախագահն իրավասու է փոխարինել այլ դատավորով, կարող է նաև փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությունը նման պայմաններում փոխանցել նույն դատարանի այլ դատավորի: Ի դեպ, փաստաբանները, մասնավորապես՝ Հայկ Ալումյանը, մեկ անգամ չէ, որ նշել է խնդրի կարգավորման այդ տարբերակը՝ հղում անելով նման իրավիճակների վերաբերյալ ԲԴԽ ընդունած որոշմանը: 

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ հարցը վերաբերում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրան ամեն գնով կալանքի տակ պահելու սևեռմանը, Հայաստանի դատարանների ու նրանց հրահանգող գործադիր իշխանության համար «օրենքը գրված չէ»: 

Ի դեպ, ովքե՞ր են դատավորները: Աննա Դանիբեկյանի դեպքում, ցավոք, պատասխանը հիմնականում ուրվագծված է և տեսանելի: 

«Գործով» անուղղակիորեն «անցնող» մյուս դատավորը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է: «Հանցավոր ռեժիմի իշխանության» շրջանում որոշակիորեն «աչքի ընկած» դատավոր է, պետք է նկատել: 

Նա, ըստ երևույթին, լիովին «վեթթինգվել» է «թավշյա» իշխանության ու իշխանապետի կողմից, եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, 2019թ. օգոստոսին նրան վստահվել է ներկայումս զբաղեցրած պաշտոնը՝ Բարձրագույն դատական խորհրդում անցյալ տարվա նշված ամսվա 2-ին տեղի ունեցած գաղտնի, բայց 6-ից՝ 6 «կողմ» միաձայն քվեարկությամբ: 

Եվս մեկ կարևոր «մանրուք». Դատարանի նախագահ դառնալուց առաջ, 2019 թվականի հունվարի 18–ին նույն դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը և, բնականաբար, մերժել էր կալանքը այլընտրանքային խափանման միջոցով (գրավով) փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը: 

Երբ այդ փաստերին մի փոքր ավելի անկյունից ես նայում, ապա անխուսափելի է ենթադրությունը, որ Արթուր Մկրտչյանի դեպքում ոչ թե «վեթթինգ-մաթթինգ» է եղել, այլ՝ ամենապարզ գործարք: Ենթադրենք այսպես՝ կհաստատե՛ս կալանքի որոշում, կստանաս դատարանի նախագահի պաշտոն: 

Չնայած, Արթուր Մկրտչյանի «դատավորական ուղին» այլ հետաքրքիր մանրամասնություններով էլ է «համեմված»: Բայց այդ մասին, ինչպես ասվում է, «հաջորդ դասին»: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ