Տառապել սովից ու կարիքից, թե՞ կորոնավիրուսից. Հարցս ամենևին էլ հռետորական չէ, այլ շատ հստակ: Կարծում եմ կհամաձայնեք, որ այս հարցն աստիճանաբար ավելի մեծ թվով մարդկանց է սկսում հուզել: Վստահ եմ, բոլորն իրենց առօրյայում ականատես են լինում օրեցօր համազգային կարանտինի նորմերը խախտող ավելի շատ քաղաքացիների: Համաձայնեք, որ խախտողների գերակշռող մասի դրդապատճառն այն չէ, որ նրանք չեն գնահատում սեփական կյանքն ու առողջությունը, այլ այն, որ ուղղակի անհնար է այսքան երկար հարկադիր պարապուրդի պայմաններում հոգալ սեփական կենսաապահովման պահանջները:
Ըստ էության, քաղաքացիները ակնկալում էին, որ պետությունը կփոխհատուցի հարկադիր պարապուրդի հետևանքով չաշխատած գումարների շոշափելի մասը, որը թույլ կտար առնվազն հոգալ նվազագույն կարիքները: Գնահատենք, թե որքանով են արդարացված քաղաքացիների նման սպասումները, նույնիսկ այսքան բարդ իրավիճակում գտնվող պետությունից: Սկսենք բոլորին քաջ հայտնի փաստից, որ պետությունն ունի մի շարք հիմնական գործառույթներ, որոնց հնարավոր չէ դասակարգել ըստ կարևորության՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, առողջապահական և այլ գործառույթներ: Փաստ է, որ առանց պետական հիմնական գործառույթների զուգահեռ իրականացման պետությունը չի կարող գոյատևել: Որպես օրինակ, դիտարկենք ներկայիս իրողությունները, երբ պետությունն իր առողջապահական գործառույթն իրականացելիս բախվել է նախադեպը չունեցող խնդրի, այն է՝ չկառավարվող մահաբեր համաճարակը: Համաճարակի դեմ պայքարի ընթացքում պետության կարիքները պարբերաբար ավելանում են հավելյալ ֆինասական, մարդկային, տեխնիկական և այլ տեսակի ռեսուրսների տեսքով: Արդյո՞ք հնարավոր է մի իրավիճակ, երբ պետությունը հայտարարի, որ սահմանին կանգնած զինվորները և պայմանագրային զինծառայողները մեզ համար այս պահին առաջնային չեն և բանակին հատկացված ռեսուրսները փոխանցի առողջապահական համակարգին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, քանի որ պետությունն իր անվտանգության ապահովման գործառույթը պարտավոր է սպահովել 24 ժամյա անդադար ռեժիմով: Ինչպես արդեն նշեցի, պետական կառավարման մյուս բոլոր հիմնական գործառույթները հավասարազոր են և նույնպես ենթակա են կատարման անընդհատության ռեժիմով: Այս պահին մահաբեր վարակի դեմ պայքարի պետության գլխավոր գործիքը մարդկանց ինքնամեկուսացման պայմանների ապահովումն է, ինչը ենթադրում է իրավիճակից բխող սոցիալական և տնտեսական մարտահրավերներ: Պետության հիմնական գործառույթներից որևէ մեկի խափանումը չի կարող հիմնավորվել մեկ այլ հիմնական գործառույթի ապահոման անհրաժեշտությամբ: Ժողովրդավարական և սոցիալական պետությունն իր տնտեսական և սոցիալական գործառույթների շրջանակում պարտավոր է անհատի համար ապահովել ազատ շուկայական և մրցակցային պայմաններում բարիք ստեղծելու և սպառելու իրավունքը, ինչպես նաև սոցիալական պաշտպանվածության իրավունքը: Այսօր մենք բախվել ենք մի իրողության, երբ պետությունն իր առողջապահական խնդիրը լուծելու համար, պարտադրված զրկել է քաղաքացիների գերակշիռ մասին տնտեսվարելու և վաստակելու իրավունքից: Պետության գործողություններն օրինական են և օրինաչափ, սակայն միևնույն է՝ վերջինիս չեն ազատում իր՝ ոչ պակաս կենսական նշանակություն ունեցող գործառույթների իրականացումից:
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, պետությունն առնվազն պետք է պարտավորվածություն զգա ապահովել իր քաղաքացիներին կենսաապահովման մինիմալ պայմաններով, որպեսզի չշեղվի իր բնականոն հունից և հնարավորինս քիչ վնասներով դուրս գա այս իրավիճակից: Հակառակ դեպքում մարդիկ պարտադրված դուրս կգան ինքնամեկուսացման ռեժիմից և կվերադառնան իրենց աշխատաքային առօրյային, որի հետևանքով պետությունը կզրկվի համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքից՝ արդյունքում ունենալով առողջապահական ռիսկերի կտրուկ ավելացում: Եթե այսօր արդեն զարգացած երկրները սկսում են գնալ տնտեսությունների վերագործարկման ճանապարհով, ապա մեր երկրում դժվար կացությունից ելնելով են քաղաքացիները նախաձեռնում տնտեսական գործունեություն: Ենթադրում եմ, որ եթե մոտակա օրերին պետությունը տնտեսական և սոցիալական խնդիրների լիարժեք լուծումներ չնախաձեռնի (ընդլայնի հակաճգնաժամային փաթեթների շահառուների շրջանակը, ավելացնի նոր ավելի արդյունվետ փաթեթներ), պարտադրված կլինի տնտեսությունը գործարկի ոչ թե մասնակի, այլ ամբողջ ծավալով: Զարգացած երկրները պարտադրված են վերագործարկում տնտեսությունները, քանի որ իրենց շուկաներին անհրաժեշտ խոշոր ֆինանսական հոսքեր ապահովելու սահմանափակ հնարավորություններ ունեն (պետական պարտքի ծավալները սովորաբար գերազանցում են երկրի ՀՆԱ-ի ծավալներին): Այդ առումով, մեր երկրում վիճակն այդքան էլ բարդ չէ, որովհետև մեր երկրի պետական պարտքը գտնվում է ՀՆԱ-ի 50% շրջանակում, ինչը միջազգային չափորոշիչներով համարվում ցածր և կառավարելի ֆինանսական բեռ: Սա հնարավորություն է տալիս կառանտինի պայմաններում առնվազն երեք ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական հոսքեր ապահովել: Հուսանք, տնտեսության վերագործարկումից առաջ կլինի հաշվարկ և ռիսկերի գնահատում, թե ինչքան կծախսի պետությունը, եթե մեր ազգաբնակչությանը պահի կառանտինի պայմաններում հավելյալ մեկ-երկու ամիս `ապահովելով լիարժեք սոցիալական և տնտեսական աջակցություն, ինչից հետո նոր կվերագործարկի, քանի որ ողջ ծավալով վերագործարկումը կարող է կտրուկ ավելացնել վարակակիրների թիվը՝ կանգնեցնելով պետությանն ավելի լուրջ ու ծանր ֆինանսական հոգսերի առջև: Ինչպես ասում են, «ժլատը վճարում է կրկնակի», հուսով եմ դա մեզ չի սպառնա: Քաղաքացու պահանջն արդար է, երբ սոցիալական պաշտպանություն է պահանջում մի երկրից, որն իրեն հռչակել է ժողովրդավարական և սոցիալական պետություն:
Էդուարդ Պետրոսյան
Տնտեսագետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը