15 04 2020

Գազի սակագինը հակառուսական հիստերիայի մշտական օջախ

Գազի սակագինը հակառուսական հիստերիայի մշտական օջախ

Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գինը մշտապես եղել է արևմտյան հիմնադրամների վարձկանների կողմից հակառուսական հիստերիա բարձրացնելու առիթ։ Քաղաքական շահարկումների մեջ իր «պատվավոր» տեղն է ունեցել նաև ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Այդ շահարկումների հետևանքով շատերի մոտ թյուր պատկերացումներ է ձևավորվել այս հարցի շուրջ, ուստի հստակեցումների անհրաժեշտություն կա։  

Նախ արձանագրենք, որ Հայաստանին մատակարավող ռուսական գազի սակագինը, անկախ միջազգային շուկայում վառելիքի կամ այլ հումքային ապրանքների գների տատանումներից, մշտապես եղել է արտոնյալ։ Սա պետք է արձանագրել՝ շահարկումներին վերջ տալու համար։ Այսինքն, Հայաստանի դեպքում գազի սակագնում գերակշռում է քաղաքական բաղադրիչը, և դա հօգուտ մեզ է։ Եթե մեզ մատակարարվող գազի սակագնի մեջ գերակշռեր տնտեսական բաղադրիչը և այն հաշվարկվեր ինքնարժեքով, իր մեջ ներառելով դրա տեղափոխման երկար ճանապարհն ու փոքր ծավալը, ապա գազը մեզ կհասներ շատ ավելի թանկ գնով։ Դա տեղի չի ունենում, քանի որ իր ռազմավարական դաշնակից Հայաստանին Ռուսաստանը գազը մատակարարում է, ինչպես արդեն նշեցինք, արտոնյալ գնով՝ պայմանավորված մեր երկրների ռազամավարական դաշնակիցներ լինելով։ 

Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները մշտապես ռուսական կողմին դիմել են հավելյալ զեղչեր ստանալու համար, ինչը բնական է, քանի որ Հայաստանի իշխանությունը պետք է ելնի մեր երկրի և ժողովրդի շահերից։ Որպես կանոն, երկկողմ քննարկումներից հետո կողմերը եկել են փոխշահավետ պայմանավորվածության, որը նաև արտացոլել է տվյալ պահին երկու երկրների հարաբերությունների մակարդակը։

Անբնական այստեղ այն է, որ ամեն անգամ, երբ քննարկվում է Հայաստանին մատակարավող գազի սակագնի հարցը, մենք բոլորս սկսում ենք համազգային «մուննաթը» ռուսական կողմի վրա։ Նրան հիշեցնում ենք ռազմավարական դաշնակից լինելը, Իրանից էժան գազ ստանալու արդեն ձանձրացրած առասպելը, տվյալ պահին վառելիքի միջազգային գները և այլն։ Ընդ որում, եթե միջազգային  գները բարձր են լինում, պահանջում ենք որպես ռազմավարական դաշնակցի մեզ մատակարարել ավելի ցածր գնով, իսկ երբ այդ գները իջնում են, սկսում ենք ռուսների «աչքը մտցնել» նվազած միջազգային սակագները՝ մոռանալով, որ դրանց բարձր եղած ժամանակ պահանջում էինք մեզ համար բացառություն անել։ Նման պահվածքը առնվազն տարակուսանք է առաջացնում ռուսական կողմի մոտ։ Սակայն, մեր հանրությունը այդպես էլ չի հասկանում, որ ռազմավարական գործընկերությունը չի ենթադրում, որ մի կողմը պետք է մշտապես պահանջի, թույլ տա որ հարցը դառնա հակառուսական քարոզչության առարկա, իսկ մյուս կողմը՝  հանդուրժի այդ ամենը և կատարի մեր պահանջը։ Միջպետական, առավել ևս դաշնակից պետությունների հարաբերություններում նման պահվածքը ոչ միայն չի նպաստում այդ հարաբերությունների ամրացմանն ու փոխշահավետ համաձայնությունների ձեռք բերմանը, այլև վատթարացնում է դրանք։ Հենց այդ վատթարացմանն են ձգտում  մեր երկրում ծավալված սորոսական և արևմտյան այլ կառույցները։

Ներկա պահին, մենք գտնվում ենք մի վիճակում, երբ ռուսական կողմը արդեն մեկուկես տարի ընդառաջում է հայկական կողմին, մատակարարվող գազի սակագինը փաստացի թողնելով նույնը (իր վրա վերցնելով 150 դոլարից 165 դոլար բարձրացրած գնի տարբերությունը)։ Սակայն, երբ «Գազպրոմ Արմենիան» սպառողներին մատակարարվող գազի սակագների մասին հայտարարեց, որ ռուսական կողմը դադարեցնելու է սոցիալապես անապահով խավի գազի սակագնի սուբսիդավորումը, բարձրացնելու է վերամշակող և ջերմոցային տնտեսությունների համար սահմանված սակագինը, անփոփոխ է թողնելու ջեմային կայաններին մատարարարվող գազի սակագինը և փոքր ինչ նվազեցնելու է բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, մենք դարձյալ ռուսական կողմին հիշեցինք գազի միջազգային գները։ Ընդ որում, դատելով ռուսական կողմի մոտեցումներից, աչքի է զարնում Հայաստանի իշխանությունների նկատմամբ արդեն իսկ գոյություն ունեցող անվստահության գործոնը, իսկ անցած մեկուկես տարում սակագնի անփոփոխ թողնելն էլ պայմանավորված է զուտ դաշնակցային հարաբերություններով՝ անկախ Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքից։ 

Հայաստանի ներկա իշխանությունների նկատմամբ Ռուսաստանի անվստահության պատճառները շատ են՝ բարձր պաշտոններ զբաղեցնող և հակառուսական ցույցերի և այլ գործողությունների մասնակցած ակտիվիստներ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տարվող ապօրինություններ, որոնց անընդունելի լինելը արտահայտվել է ոչ մեկ անգամ տարբեր ձևերով, ռուսական «Գազպրոմ Արմենիա», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին կոռուպցիայի և հարկերից խուսափելու մեջ մեղադրանքներ և գործողություններ, Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացրած և ռուսական ներկայությունը Հայաստանում մերժող «Սասնա ծռեր» խմբավորման նկատմամբ իշխանության թաքնված աջակցություն, վերջերս այլ պետության հետ համատեղ ռուսական կողմի վրա գազի գնի հարցում ճնշում գործադրելու անհեթեթ փորձ և այլն։ Եթե Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանությունից որևէ մեկին թվում է թե այս ամենը անհետևանք է մնում, ապա նրանք պարզապես անընկալունակ են։  Գազի գնի հարցով Հայաստանի կառավարության հերթական նամակին ռուսական պաշտոնական և փորձագետների մակարդակով արձագանքները դա են փաստում։

Մասնավորապես, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում գազի գնի թեմայի արծարծումը, իսկ հայկական կողմը՝ նշում է, ռուս փորձագետներից մեկը Հայաստանի կառավարությանն առաջարկում է բանակցել «Գազպրոմի», այլ ոչ թե Պուտինի հետ, մյուսը՝ հիշեցնում է, որ երբ գազի սակագները բարձր էին, Հայաստանի համար դրանք էժան էին, իսկ հիմա միջազգային գները էժան են և Հայաստանը դարձյալ էժան սակագին է ուզում։

Այս ամենը կարող էր չլինել, եթե Հայաստանի ղեկին լիներ ադեկվատ, Հայաստանի պետական շահով ղեկավարվող և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարկան բնույթը գիտակցող մարդ և քաղաքական ուժ։ Մյուս կողմից էլ, գազի նպաստավոր սակագին ունենալու համար Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է դադարեցնի զանազան արկածախնդիր անձանց և ուժերին ռուսների դեմ որպես դագանակ օգտագործելու և մեր երկրում հակառուսական հիստերիա հրահրելու գործելաոճը։ Չի կարելի թքել այն ձեռքի վրա, որից կերակրվում ես։ 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ