02 04 2020

Ծաղկեպսակներ՝ ուշադրության սպասող հերոսների մայրերին. Եռաբլուրի զուգահեռ իրականությունը

Ծաղկեպսակներ՝ ուշադրության սպասող հերոսների մայրերին. Եռաբլուրի զուգահեռ իրականությունը

Ապրիլի 2-ին վաղ առավոտից «Եռաբլուր» պանթեոնը մարդաշատ էր: Վարչապետը, պաշտպանության նախարարը, ապա նաև նախագահը, Ազգային ժողովի նախագահը, մի շարք պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին: Ծաղկեպսակներ, ելույթներ, ճեպազրույցներ:
Համարյա նույնը, ինչ նախորդ տարի էր, իսկ վաղը նորից կորոնավիրուս, տնտեսական խնդիրներ և այլ օրակարգ: Այս պարտադիր արարողակարգից այն կողմ գոյություն ունի զուգահեռ իրականություն, որն այսօր ևս մեկ անգամ շատ ցայտուն և ցավոտ արտացոլվեց նույն Եռաբլուրում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտը լրագրողների հետ զրույցում ասում էր. «Եթե չլինեին այս 18 տարեկան երեխաները, հիմա չէինք ունենա Ազգային ժողով, ամբիոն, կառավարություն։ Իրենց շնորհիվ է, թող բոլորը իմանան»:

Նրա խոսքով, պատերազմից չորս տարի անց ոչինչ չի փոխվել, ցավը նույնն է, դժվարությունները` շատ: Նա նշում է, որ բոլոր զոհվածների ընտանիքներ կարիքներ ունեն, և ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի նրանց. «Մեր ղեկավարությանը կխնդրեմ մի փոքրիկ ուշադրություն մեր զոհվածների ընտանիքներին։ Մեր ընտանիքները շատ կարիքներ ունեն, չեն ուզում արտահայտվել, որ չմտածեն իրենց երեխաներին կոպիտ ասած «դրոշակ» են սարքել, ուղղակի լռում են, բայց թող մեկ անգամ դռները թակեն, տեսնեն այդ ծնողների վիճակը։ Բոլորը համարյա տոկոսների, պարտքերի տակ են, մարդիկ կան, որ իրենց բնակարաններն են ուզում վաճառեն, որոնցից մեկը ես եմ: Ընտանիքս բազմանդամ է, ոք չի աշխատում բացի ինձնից, մեկը կառավարությունից չի զանգում տեսնի ոնց ենք»։

Խոսքը եզրափակելով տիկին Անահիտը խնդրանքով դիմում է կառավարությանը, որ ապրիլի 2–ը հիշատակի օր նշանակեն, ինչպես, որ Քաղաքացու օր կա։

Ամաչելով է խոսում խնդիրների մասին, հրավիրում կառավարության ուշադրությունը, միևնույն ժամանակ հույսը չի կորցնում, հավատում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդարամիտ է, և իրենց խնդիրներին էլ լուծում կտրվի:

Շուտով կլրանա «արդարամիտ» Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարին, հետևավաբար՝ նրա անմիջական մասնակցությամբ և ցուցումներով են բաշխվել մշտապես թալանվածի համբավ ունեցող պետական բյուջեն, տարատեսակ հիմնադրամներ, ֆինանսական հոսքեր, որոնք կոչված են լուծելու պետության խնդիրները, առավելապես՝ սոցիալ-տնտեսական բնույթի: Այդ երկու տարիների ընթացքում բյուջեից գաղտնի որոշումներով նախարարների աշխատավարձերը ամսական միլիոնը գերազանցեցին, ամբողջ իշխանական թևի համար ամսական պարգևավճարներ հաստատվեցին՝ նույնպես միլիոնների հաշվարկներով, Մարտի մեկի զոհերի իրավահաջորդներին և տուժածներին աջակցություն տրվեց՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, վերջերս էլ 3.5 միլիարդի հատկացում արվեց Հրայր Թովմասյանին հանելու հանրաքվեն կազմակերպելու համար:

Գուցե կասեք` դեռ ժամանակ կա, ամեն ինչ հերթով կարվի, նույնն էլ գրեթե ասում են իշխանության ներկայացուցիչները: Բայց բարոյական և առհասարակ ո՞ր չափանիշով են որոշվում առաջնահերթությունները. սա է գլխավոր հարցը: Ինչո՞ւ պետք է զինվոր որդուն կորցրած մայրը սպասի, որ, օրինակ, նախարարի աշխատավարձը բարձրանա կամ պատգամավորը պարգևավճար ստանա, Հրայրին հանեն, իրենց կուսակից մարտի 1-ի զոհի հորը 30 մլն տան, հետո, եթե այլ կարովոր ծախսեր չունենան, մի բան էլ իրե՞նց կհասնի:

Տիկին Անահիտն ասում է, որ բազմանադամ ընտանիք ունի, ինքն էլ միակ աշխատողն է, թող մեկը կառավարությունից գոնե զանգի, տեսնի՝ ինչպես են ապրում: Ժամանակ չունեն, կասեք, վարչապետը ո՞ր մեկը հասցնի: Ֆեյսբուքում անցկացրած ժամանակն այս դեպքում չենք հաշվի. օրեր առաջ, ի տես աշխարհին երկու օր անընդմեջ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր պատահական համարներով քաղաքացիներին զանգելով և խնդիրների մասին զրուցելով:

«Դժբախտ պատահականությամբ», այդ համարների մեջ տիկին Անահիտի համարը չկար, ոչ էլ նրա բախտակիցների, բայց, վստահաբար, կարող էր լինել ոչ պատահական, այլ շատ կոնկրետ անուն, դիմացն էլ գրված՝ զոհված զինվորի մայր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ