01 04 2020

Անփորձ Ավինյանի «պարետային» կիքսերը

Անփորձ Ավինյանի «պարետային» կիքսերը

Կառավարության որոշմամբ, մարտի 16-ին մեկ  ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն:

Ըստ որոշման, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվեց  պարետատուն, որի ղեկավարման համար պարետ նշանակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այնուհետև երկու անգամ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելու նախաձեռնությամբ, քանի որ արտակարգ դրության ռեժիմն իրականում ոչինչ չէր փոխում։ 

Պարետ Ավինյանն այս կարճ ընթացքում հասցրեց աչքի ընկնել իր հակասական որոշումներով: Ներկայացնենք դրանիցի մի քանիսը:

1.Սահմանվեցին մի շարք սահմանափակումներ ԶԼՄ-ների համար, մասնավորապես՝ կորոնավիրուսի հետ կապված ցանկացած տեղեկատվությունը պետք է գրվի հղում անելով պաշտոնական աղբյուրներին, իսկ խուճապ առաջացնող հրապարակումները պարտադրաբար հեռացվում են սկզբնաղբյուր հարթակից: 

Այս որոշումը առաջացրեց բազմաթիվ լրագրողների, լրագրողական կազմակերպությունների տարակուսանքը, նրանք հադես եկան հայտարարություններով: 

Նշենք նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը նույնպես իր թվիթերյան էջում քննադատեց Հայաստանի կառավարության որոշումը՝ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվությունը սահմանափակելու մասին:

Դրանից մի քանի օր անց պարետը վերացրեց սահմանափակումները։ Պահանջ դրվեց, որ պետք է նյութերը լինեն հղումով, պարետատան հերքման դեպքում էլ պետք է հերքման հրապարակումից երկու ժամ անց տեղադրվի հերքումը լրատվամիջոցի կայքում։

2.Պարետի մեկ այլ որոշմամբ դադարեցվեց  տպագիր մամուլի գործունեությունը, փակվեցին «Պրես Ստենդի» կրպակները: Հասկանալի է, որ այս քայլը միտված է վիրուսի տարածումը կանխելուն, բայց, հաշվի առնելով լրատվականների դեմ կիրառվող մեթոդները, տպավորություն է ստեղծվում, որ տպագիր մամուլին լռեցնելու միակ հնարավորությունը դրա գործունեության դադարեցումն էր։

Տպագիր մամուլից հնարավոր չէ հոդված հեռացնել, ինչպես օնլայն հարթակներից, իսկ չտպագրվելու դեպքում, պարետատունն ազատվում է այդ խնդրից։ 

Այս որոշումը ևս չեղարկվեց։

3.Մարտի 25-ից թույլատրվեց, որ անձնական մեքենաներով երթևեկեն բացառապես երկու անձ։ Այս որոշումը ևս շատ քնադատությունների արժանացավ, քանի որ առաջացնում էր մի շարք անհարմարություններ։ Օրինակ՝ ծնողները պետք է երթևեկեին առանց երեխաների։ Բացի այդ, երթուղայինները շարունակում էին բազմամարդ երթևեկությունը: Օրեր անց այս որոշումը ևս փոփոխությունների ենթարկվեց: Մասնավորապես, տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում:

4.«Պարետի՝ 24.03.2020թ. որոշմամբ սահմանափակվել էին տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ որոշ բացառություններով: Բացառությունների մեջ ներառված չէր փաստաբանական գործունեությունը:

Պարետը մեկ օր անց փոխեց նաև այս որոշումը։

5.Ամենակայծակնային փոփոխված որոշումը․ մարտի 31-ին որոշվեց փակել Չարենցավան քաղաքի ելումուտը։ Մեկ ժամ անց չեղարկվեց՝ անհեթեթ պատճառաբանությամբ՝ սխալվել էին։

Նշված օրինակները, իհարկե, բոլորը չեն, բայց ամենից շատ քննադատածներն էին, որոնք ցույց են տալիս, որ պարետատունն ու պարետն արտակարգ դրության փոփոխվող ռիթմին չեն հասցնում կամ էլ այնքան լավ չեն պատկերացնում: Անընդհատ տպավորություն է թե, վարչապետը, պարետն ու այլ պաշտոնյաներ փորձարկումներ են անում երկրի հետ, անում են՝ տեսնեն որը ոնց կաշխատի․ չի աշխատում՝ փոխում են որոշումները։ Նորից հարց է առաջանում, պարոնայ՛ք, պատերազմի ժամանակ է՞լ եք այսպես վարվելու մեր, մեր երկրի, անվտանգության հետ․․․  

Ամեն դեպքում, կադրերի անփորձության մասին խոսելիս հաշվի էր առնվում նաև նման իրավիճակների հավանականությունը: Կառավարման փորձ չունեցող Ավինյանը կրկնակի խոցելի է, առավել ևս՝ պարետի դերում:  

Հարց է նաև, թե Հայաստանն այս վիրուսից որքան է տուժում անփորձ ու իր աշխատանքը չպատկերացնող կառավարության, խորհրդարանի պատճառով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ