31 03 2020

Հայաստանի հանդեպ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը 2019-ին խիստ նվազել է

Հայաստանի հանդեպ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը 2019-ին խիստ նվազել է

Հայաստանում օտարերկրյա ներդրումները 2019 թ․-ին, համեմատած դրանց ծավալների անկման տխուր ռեկորդ գրանցած 2018 թ․-ի հետ, գրեթե անփոփոխ են մնացել։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռից։ 

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխության» ամիսներին՝ ավելի կոնկրետ 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) առաջին եռամսյակի համեմատ օտարերկրյա ներդումները Հայաստանում սրընթաց նվազեցին՝ մոտ 10 անգամ։  Հետագայում ԿԲ-ն փոքր-ինչ «ճշտեց» երկրորդ եռամսյակի ցուցանիշը, բայց պատկերը դարձյալ անմխիթար էր։ Թեև 2018 թ․ի երկրորդ կեսին ներդրումները որոշակիորեն վերակագնվեցին, բայց դրանց ծավալը շարունակեց հետ մնալ 2017 թ․-ի ներդրումների ծավալից։ Ընդգծենք, խոսքը 2018 թ․-ի, այսպես կոչված, հեղափոխությանը հաջորդած՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսների համեմատության մասին է 2017 թ․-ի նույն ամիսների հետ, քանի որ 2018 թ․ի առաջին երեք ամիսների ներդումների բարձր ցուցանիշը արձանագվել է նախորդ կառավարության  ժամանակ։

Այժմ ներկայացնենք 2019 թ․-ի տարեկան ցուցանիշները և համեմատենք դրանք 2018 թ․-ի տարեկան ցուցանիշների հետ։ 

Այսպես, 2019 թ․-ին օտարերկրյա ներդրումները կազմել են 254,5 մլն դոլար, իսկ 2018 թ․-ին՝ 254,1 մլն դոլար։ Ենթադրելի է, որ նման իրավիճակներում կառավարությանն  ու Նիկոլ Փաշինյանին թվային ցուցանիշներով օգնության շտապող ԿԲ-ն ամեն ինչ արել է, որ անցած տարվա ներդրումները չզիջեն կամ փոքր-ինչ գերազանցեն դրա նախորդ տարվա ներդրումների ծավալին։ Արդյունքում, 2019 թ․-ին, տարեկան ներդրումների ծավալի աննշան՝ մոտ 400 հազար դոլարի աճ է ստացվել։ Դա կատարվել է անցած տարվա վերջին՝ չորրոդ եռամսյակում 68,8 մլն դոլար ներդրումների ցուցանիշի հաշվին, ինչը 1,1 մլն դոլարով ավելի է եղել 2018 թ․-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից։

Հիմա հիշեցնենք դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի  օտարերկրյա ներդրումների մասին հատվածը․ «Իրականում, օտարերկրյա ներդրումներն ընդամենը կազմել են 2,2 մլրդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս»: Թե ինչքանո՞վ կապ ունեն ԿԲ հրապարակած տվյալները Նիկոլ Փաշինյանի հրապարակածի հետ, յուրաքանչյուրն իր եզրակացությունը կարող է անել։ 

Իրականությունն այն է, որ ավելի քան մեկ տարի հնչող «տնտեսական հեղափոխության» մասին ճոռոմ հայտարարությունների ֆոնին ունենք օտարկերյա ներդրումների առնվազն անփոփոխ վիճակ հեղափոխական 2018 թ․-ի համեմատ։ Մինչդեռ, եթե «սիրո և հանդուրժողականության հեղափոխության»  արդյունքում մեր երկրի հանդեպ վստահությունն ավելացած լիներ, այլ ոչ թե նվազած, ապա այդ ներդրումները պետք է «աննախադեպ» չափով ավելացած լինեին։ Ինչպես տեսնում ենք դա տեղի չի ունեցել։ Ընդ որում, Հայաստանում գործունեություն ծավալող ներդրողները ստացված եկամուտներն անգամ խուսափում են վերաներդնել մեր երկրում՝ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում վերաներդվել է ընդամենը 1,8 մլն դոլար։

Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հանդեպ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը շարունակում է նվազել։  Պատճառների համար հեռու գնալ պետք չի՝ ներդրողների հանդեպ երկու տարի շարունակվող ահաբեկումներ և ճնշումներ («Գազպրոմ Արմենիա», «Հարավկովկասյան երկաթուղի», «Վեոլիա ջուր», «Սանիտեք», «Լիդիան», «Սպայկա» և այլն)։ Ոչ մի օտարեկրյա ներդող չի ցանկանա «հանկարծ» մեղադրվել կոռուպցիայի մեջ և ենթարկվել «պատերին ծեփելու», «ասֆալտին պառկեցնելու», «թաթիկներ կտրելու» ոչ այնքան հաճելի գործողությունների։ Հավատացեք, դա գրավի չէ ներդրողների համար։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ