Մի քանի օրից Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու համապետական ընտրություններ: Մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված ընտրատեղամասում: Այս մասին դեռ մեկ ամիս առաջ հայտնել էր Արցախի ԿԸՀ-ն:
Սակայն, ՀՀ-ում գործող սահմանափակումները ազդելու են նաև այս գործընթացի վրա: Մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ներկայացրեց Պարետի որոշումները, մասնավորապես, տեղաշարժի հետ կապված նոր սահմանափակումները: Ի թիվս այլ հարցերի Քրմոյանն անդրադարձավ նաև Արցախում սպասվող ընտրություններին ՀՀ-ում գտնվող արցախցիների քվեարկության կարգավորմանը:
«Այն սահմանափակումները, որ սահմանված են ՀՀ տարածքում, կկիրառվեն, և առավելագույնը 20 քաղաքացու տեղակայումը այդ տեղամասում կկիրառվի, նաև ինչու չէ կքննարկվի և Պարետը անհրաժեշտության դեպքում այդ հարցին լուծում կտա տեղաշարժի` այսինք տեղամաս գնալու կամ չգնալու հետ կապված, բայց այս պահի դրությամբ սահմանափակումները վերաբերում են մեր բոլոր քաղաքացիներին և մեր հյուրերին»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչ է համակարգվելու այս գործընթացը, քանի որ, ինչպես տեղեկանում ենք մամուլից, Ոստիկանությունը դժվարանում է այս պահին գործող սահմանափակումների կիրառելիությունն ապահովելու համար, բայց, վստահաբար, սա խոչընդոտելու է ՀՀ-ում բնակվող Արցախի քաղաքացիների կամարտահայտմանը: Իսկ նրանց թիվը փոքր չէ։ Արտակարգ դրության պայմաններում նրանցից շատերը, գուցե կխուսափեն դուրս գալ տանից, արդյունքում կտուժի մասնակցությունը:
Արցախում կայանալիք ընտրությունները հետաձգելու մասին շատ է խոսվել` նկատի ունենալով այն բոլոր ռիսկերը, որ այժմ առկա են կորոնավիրուսի տարածման հետ կապված: Արցախի իշխանությունները մի կողմից ակտիվ քննարկումներ են անում իրավիճակի կանխարգելման համար, գումար փոխանցելու հաշվեհամարներ են բացում, մյուս կողմից ամենառիսկային գործոնը շարունակում է մնալ` քարոզարշավն ու սպասվող ընտրությունները:
Բոլորը խոսում են արցախյան ընտրությունների ազատ և արդար լինելու կարևորության մասին, բայց փաստացի այս փուլում արդեն նախագահի թեկնածուները հայտնվել են անհավասար մրցակցության պայմաններում․ մի մասը հրաժարվել է հավաքներից, քարոզչությունը տեղափոխել ինտերնետային հարթակ, մյուս մասը մասամբ շարունակում է քարոզարշավ անել:
Նկատի ունենալով նաև վերը նշված գործոնը, մի բան անխուսափելի է՝ ստեղծված իրավիճակը զգալիորեն ազդելու է մասնակցության ցուցանիշի վրա` դրանով իսկ ստվեր գցելով ընտրված թեկնածուի լեգիտիմության վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը