Թե ի՞նչ ծրագիր է առաջարկում Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով մեր տնտեսության վնասները հաղթահարելու նպառակով, անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ։
Այդ ծրագիրն, ըստ էության, ոչ թե փորձում է մեղմել տնտեսվարողների վնասերը, այլ նոր` թեկուզ անտոկոս վարկային բեռ է ավելացնում։ Քիչ հավանական է, որ այն հետաքրքրի գործարարներին և փաստացի մեռելածին ծրագիր է։ Այս համատեքստում դիտարկենք մի քանի երկրների կառավարությունների մոտեցումները կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին դիմագրավելու համար։
ԱՄՆ-ն, օրինակ, մտադիր է 1000-ական դոլար տրամադրել յուրաքանչյուր չափահաս և 500 դոլար՝ անչափահաս քաղաքացիներին։ Այդ նպատակով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է 500 մլրդ դոլար հատկացնել քաղաքացիներին ուղղակի վճարումների համար, իսկ հետագայում, անհրաժեշտության դեպքում այդ գումարը կարող է կրկնապատկվել։ Միաժամանակ, ԱՄՆ վարչակազմը նախատեսում է 90 օրով հարկային արձակուրդ տրամադրել տարեկան 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող անձանց և 10 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող ընկերություններին։ Փաստորեն, մի կողմից խրախուսում է սպառումը, մյուս կողմից՝ ընկերություններին թողնում հավելյալ գումարներ՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար։
Ռուսաստանը ազատել է ավիացիային և զբոսաշրջային ընկերություններին հարկային վճարումների տուգանքներից, «Տուրպոմոշչ» ասոցիացիայի անդամվճարների վճարումից, ինչպես նաև անձնական պատասխանատվության ֆոնդերին վճարումներից։ Փոքր և միջին բիզնեսի արտոնյալ վարկավորման սահմանափակումները վերացվում են և ավելանում է սուբսիդավորման ծավալը։ ՓՄՁ ոլորտը երեք ամսով ազատվում է վարձակալության վճարներից, որոնք գործում են պետական կամ համայնքային տարածքներում։ Առանձին ապրանքների, օրինակ՝ դեղորայք և բժշկական պարագաներ, մաքսային դրույքաչափերը զրոյացվում են։ Կարանտինում հայտնվածներին հիվանդանոցային վճարումներ են արվելու ։ Մինչև 300 մլրդ ռուբլու գումար ռեզերվից կարող է ուղղվել ծախսերի առաջնային պահանջների ապահովմանը։ Ինչպես տեսնում ենք, մի կողմից մեղմում են կորուստները, մյուղ կողմից՝ խթանում կոնկրետ ոլորտների և հատկապես փոքր բիզնեսի գործունեությունը։
Ֆրանսիայի կառավարությունը ավելի արմատական լուծումներ է առաջարկում՝ 45 մլրդ եվրո է նախատեսում ուղղել տուժած ընկերությունների և նրանց աշխատակիցների աջակցությանը «որպեսզի տնտեսական ճգնաժամը չդառնա սոցիալական ճգնաժամ»։ Այսինքն, ոչ թե պարտք է տալիս, այլ իր վրա է վերցնում այդ ծախսերը։ Միաժամանակ, ստեղծում է փոքր բինզեսի աջակցության ֆոնդ՝ նվազագույնը 1 մլրդ եվրո գումարով, որը կուղղի այն փոքր ընկերություններին, որոնց այս տարվա շրջանառությունը 70 տոկոսից ավելի անկում կունենա։ Բոլոր ընկերությունների համար սառեցված են հարկերի և տուրքերի, էլեկտրականության, գազի և ջրի վճարումները։ 300 մլրդ եվրո գումարով էլ պետակլան երաշխիքային ֆոնդ կստեղծվի ընկերությունների կողմից վարկերի ձեռքբերման համար։
Չեխիայի կառավարությունը դարձյալ իր վրա է վերցրել կարանտինի ժամանակ չաշխատող ընկերությունների ծախսերն 100 տոկոսով։ Դրա շնորհիվ, առանց աշխատանքի մնացած ընկերությունների աշխատակիցները կստանան աշխատավարձի 80 տոկոսը։
Վերջապես մեր հարևան Վրաստանը։ Զբոսաշրջության հետ կապված ընկերությունների՝ տուրգործակալություններ, տրանսպորտային ընկերություններ, էքսկուրսիաներ կազմակերպող ընկերություններ և այլն, համար մինչև նոյեմբերի 1-ը հետաձգվում է եկամտային հարկի վճարումը և չորս ամսով գույքահարկի վճարումը, ինչպես նաև կրկնապատկվում է հետ վերադարձվող ԱԱՀ-ն։ Շուրջ 2 հազար հյուրանոցների վարկերի տոկոսներն էլ կառավարությունը կմարի։ Կմարի, այլ ոչ թե պարտք կտա մարելու համար։
Այսինքն, ինչպես տեսնում ենք, կիրառվում են թե հարկային արձակուրդները, թե սպառումը խթանելու միջոցները, թե ամբողջությամբ բիզնեսի պարտավորությունները վերցնելու տարբերակները։ Տարբերակներ, որոնցից ոչ մեկը Հայաստանի կառավարությունը չի նախատեսել և որոնց մեջ բացակայում է մեր մոտ նախատեսված տնտեսվարողերին նոր վարկեր «շալակեցնելու» տարբերակը։
Գումարների չափի մասին։ Ոչ ոք չի համեմատում մեր հնարավորությունները ԱՄՆ-ի Ռուսաստանի կամ Ֆրանսիայի հետ։ Խնդիրը գումարի չափը չի, խնդիրը՝ կիրառվող մոտեցումն է, որը համեմատության եզր չունի մեր իշխանության որդեգրած մոտեցման հետ։
Ի դեպ, նախորդ տարի պետական համակարգում պարգևատրումների ծավալը կազմել էր մոտ 45-50 մլն դոլար։ Դա շատ չի տարբերվում փոքր բիզնեսից գանձված շրջանառության հարկի ընդհանուր ծավալից, որն այս տարի հաստատապես շատ ավելի քիչ է լինելու։ Գուցե հենց այստեղ է թաքնված հարցի պատասխանը, թե ինչո՞ւ կառավարությունը չի ցանկանում իր ծրագրում ընդգրկել շրջանառության հարկից փոքր բիզնեսին ազատելու առաջարկը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը