Հայաստանի կառավարությունը շարունակ աչքի է ընկնում անթույլատրելի ճոխ ծախսերով, որը մեզ նման երկրի և հատկապես այս իշխանության համար որևէ արդարացում չունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր առիթներով հայտարարում է, թե 2019 թվականին կառավարությունը պետբյուջե է բերել 105 միլիոն դոլար չնախատեսված եկամուտ։ Եվ այդ դիրքերից էլ արդարացնում է իրականացվող ծախսերը, որոնք պետբյուջեով նախատեսված չեն և շռայլություն են թվում։
Օրինակ, երբ լուրեր տարածվեցին, թե կառավարական ամառանոցների վերանորոգումը արժեցել է 2 մլն դոլար, վարչապետ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ և ասաց, թե՝ կառավարությունը ահագին չնախատեսված գումար է բյուջե մուտք արել, և իր վերանորոգումն անհամեմատ փոքր թիվ է կազմում այդ գումարի դիմաց։ Բայց դա՝ մեկ ծախս, իսկ երբ մյուս ծախսերն էլ գումարում ենք, ստացվում է, որ բերած գումարը նույնությամբ դուրս է գալիս։
Ուրեմն, մամուլում հրապարակված՝ որոշները հետաքննած, որոշները պաշտոնական տեղեկություններից թվարկենք այդ ծախսերի մի մասը․
100 հազար դոլար՝ քաղաքի տարբեր հատվածներում Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառման գովազդի համար։
700 հազար դոլար՝ ԱՄՆ գնալ-գալու չարտերային ինքնաթիռի համար։
500 հազար դոլար՝ ԱՄՆ մեկնած պատվիրակության 30-ից ավել անդամների կեցության համար։
2 մլն դոլար՝ Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի և իրենց ընտանիքների կեցության վայրի՝ կառավարական առանձնատները նորոգելու, անվտանգության համակարգեր և նոր կահույք գնելու համար։
1 մլն դոլար՝ վարչապետի համար երկու զրահապատ մեքենաներ գնելու համար։
27 հազար դոլար՝ Նիկոլ Փաշինյանի դստերը մեքենա գնելու համար։
7 մլն դոլար՝ Հրայր Թովմասյանին հանելու հանրաքվեի համար։
45 մլն դոլար՝ 2019թ․ պարգևատրումների համար։
Սրանք միայն երևացող ծախսերն են և կազմում են 56 միլիոն 329 հազար դոլար, այսինքն, այսպես ասած, հետ բերածի ավելի քան կեսը։ Ասում են, թե կոռուպցիոներներից բյուջե է հետ բերվել 105 մլն դոլար։ Եվ քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ իր համար ի՞նչ տարբերություն՝ այդ գումարը թալանչիների մո՞տ էր, թե՞ թավշյա շռայլ ծախսողների։ Միևնույն է՝ քաղաքացու վրա, պետական կարևոր կարիքների վրա չի ծախսվում։
Բայց նաև տեղեկություններ են հասնում, որ բազմաթիվ ծախսեր դեռ արվում են թաքուն, օրինակ՝ այդ պարգևավճարները տրվել են թաքուն։ Այսինքն, եթե 45 միլիոն դոլարանոց թաքուն ծախս է արվում, հարց է առաջանում, է՞լ ինչ ծախսեր են անում հանրության աչքից հեռու։
Ստացվում է, որ Հայաստանի այսօրվա իշխանության համար մեր երկիրը խոպա՞ն է, իշխանության են եկե,լ որ գո՞րծ անեն, թե՞ պետբյուջեին վերաբերվեն որպես ավարի։ Գնալու են շուտով, կառավարման մակարդակն ու որակը դա է վկայում, ուրեմն պետք է օգտվել որքան հնարավո՞ր է։
Սրանք քայլեր են, որոնց պետք է հաջորդ իշխանությունն իրավական գնահատական տա։ Երևի թե շարժվում են տրամաբանությամբ, թե մեկ է՝ այսօրվա գործած հանցանքների համար (ապօրինի բանտարկություններ, դատարանների վրա ճնշումներ, սահմանադրական կարգի տապալումներ) պատասխանատվության են ենթարկվելու, այսինքն՝ նստելու են, ուրեմն գոնե մի բանից օգտվեն։ Բանտում, իհարկե, երանությամբ կհիշեն շքեղ ինքնաթիռը, 7 աստղանի հյուրանոցները, ոչինչ չանելու համար ստացած ամսական 1․5 միլիոն դրամը, ապրած շքեղ տունը․․․ բայց հաստատ դեռ կասեն՝ խի՞ Սերժի վախտ չեիք խոսում։ Խոսում էինք։
Ահարոն Համբարձումյան
Անիմաստ ծախսերն ընդգծող մեր պատրաստածբավականին պատկերավոր տեսանյութը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը