Հայաստանում կարևորագույն խնդիրներից մեկը պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսումներն են և ընդանհրապես ծախսերի խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Հայաստանի կառավարությունը ստիպված է մի շարք ոլորտներում ծախսերը կրճատել կամ կարևոր ծրագրեր չիրականացնել գումարի բացակայության պատճառով, կամ պարզապես համարում է ոչ արդյունավետ և տնտեսում է։ Բայց զուգահեռ իրականացվում են ծախսեր, որոնց նպատակն ու արդյունքն անհասկանալի են։
Մասնավորապես, երկրի վարչապետը հայտարարում է, որ մեկ տարում 105 միլիոն դոլար գումար է հետ բերել բյուջե։ Պարզվում է, սակայն, որ ավելի շատ գումար գնացել է ոչ արդյունավետ հատկացումներին, օրինակ՝ 45 միլիոն դոլար՝ պարգևատրումներին, 7 մլն դոլար՝ հանրաքվեին, կես միլիոն դոլար՝ ամանորյա տոնակատարություններին, 100 հազար դոլար՝ վարչապետի ձեռագրի գովազդմանը և այսպես շարունակ: Բայց քաղաքացին երբ լսում կամ կարդում է այդ թվերը՝ 45 միլիոն, 7 միլիոն, 100 հազար, դժվար է պատկերացնում դրանց իրական չափը, ծավալը։ Ժամանակին մի տեսանյութ էր աչքովս ընկել, որը բավականին պատկերավոր ներկայացնում էր այդ տեսակ հաշվարկները, և ես որոշեցի ներկայացնել ձեզ, թե որ ծախսը ինչ պատկեր կունենա եթե այդ ամենը ներկայացվի սովորական բրնձի հատիկների միջոցով։
1 կիլոգրամ բրինձը, պարզվում է, ուղիղ 50 հազար հատ է։ Հետևաբար, 1 գրամում 50 հատ բրինձ է։ Ընդունել ենք որպես հաշվարկների միավոր 1 բրնձի հատիկը, որը հավասար է Հայաստանի նվազագույն աշխատավարձին՝ 68 000 դրամին։
1 բրինձը նկատի ունենլով այդքան, ցույց ենք տալիս, թե որքան բրինձ կհասնի միջին կենսաթոշակ ստացողին, միջին ամսական աշխատավարձ ստացողին, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի անձնակազմի սննդին, միջին մի Մոտոհրաձգային գնդի ծառայողների սննդին, առողջապահության ոլորտում աշխատողին, Մարալիկի ծննդատանը, վարչապետի ԱՄՆ այցին, կառավարական առանձնատների նորոգմանը, Նիկոլ Փաշինյանի զրահապատ Մերսեդեսին, սպասվող հանրաքվեին, պարգևավճարներին։
Եթե, օրինակ, նվազագույն աշխատվարձը դիտարկում ենք որպես 1 բրինձ, իսկ միջին աշխատավարձը՝ 3 բրինձ, այդ պարագայում կառավարական առանձնատների նորոգմանը հասնում է 14 118 միավոր բրինձ, վարչապետի ավտոմեքենային՝ 3882 բրինձ, այսինքն՝ այդքան նվազագույն աշխատավարձ, հանրաքվեին՝ 51 հազար 471 միավոր բրինձ։ Իսկ պրգևավճարներին՝ 316 հազար 176 միավոր բրինձ, այսինքն՝ 6 կգ 323 գրամ։
Ուշագրավ հաշվարկները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը