23 03 2020

Կառավարությունը չի կիսում բիզնեսի բեռը ճգնաժամային իրավիճակում

Կառավարությունը չի կիսում բիզնեսի բեռը ճգնաժամային իրավիճակում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն անշեղորեն աճում է։ Թե որքա՞ն կշարունակվի տարածվել վիրուսը, հայտնի չէ։ Սակայն ակնհայտ է, որ կորոնավիրուսի պատճառով երկրի տնտեսության պատճառվող վնասը պակաս լուրջ չէ և այն հաղթահարելը երկար ժամանակ ու ջանքեր կպահանջի։ Այս առնչությամբ, հատկապես փոքր բիզնեսի համար առաջացող կորուստները մեղմելու վերաբերյալ մեր առաջարկը ներկայացրել էինք  նախորդ հրապարակմամբ:

Ինչ մնում է կառավարության քայլերին, ապա այս պահին խոսվում է 150 մլրդ դրամի աջակցության ծրագրի մասին։ Ծրագիր, որի մեխը ընկերություններին անտոկոս վարկ տրամադրելն ու բանկերից նրանց վերցրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն է՝ վերոնշյալ ընկերությունների կողմից իրենց վարկային, աշխատավարձերի վճարման և այլ պարտավորությունների կատարման համար։

Ծրագրի էությունը հետևյալն է․ «Նոր վարկ վերցրու բանկից, որի տոկոսները պետությունը կտա»։ Հայտնի է, որ բիզնեսը վարկ է վերցնում գործարար ծրագրերի իրականացման համար՝ այն հաշվարկով, որ շահույթ կստանա և կվերադարձնի վարկն ու դրա տոկոսները։ Հիմա, փաստորեն, վարկը լինելու է ծախսեր կատարելու համար։ Այսինքն,  այդ վարկով չի ստեղծվելու նոր արժեք և ընկերությունը չի ստանալու շահույթ։ Հարց է առաջանում, այդ դեպքում ինչպե՞ս է մարվելու այդ ՝ թեկուզ անտոկոս վարկը և քանի՞ գործարար կարող է գնալ նման անմտության։

Այս առաջարկով, կառավարությունը փաստորեն իր վրա չի վերցնում բիզնեսի համար առաջացող բեռը, ոչ էլ գոնե կիսում է այն։ Ընդհակառակը, այս ծրագրով տնտեսվարողներն ընկնում են լրացուցիչ վարկային բեռի տակ, որից դուրս գալը բավականին մշուշոտ է։ Ոչ ոք չգիտի, թե որքա՞ն կշարունակվի տնտեսական վիճակի  վատթարացումը, որքա՞ն կնվազի իր շրջանառությունը և ե՞րբ դուրս կգա այս վիճակից։ Նման պայմաններում անհայտ է, թե ե՞րբ կկարողանան վերադարձնել պարտքը և կկարողանա՞ն արդյոք։

Փաստորեն, առաջարկվում է մի տարբերակ, երբ կառավարությունը գործատուների հաշվին ցանկանում է «լավամարդ» դառնալ աշխատակիցների համար։ Սա ամբողջովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ բացառապես ամեն ինչ սեփական վարկանիշի պահպանման համար և այլոց պատասխանատվությամբ անելու գործունեության շրջանակներում, բայց ամենևին չի բխում ոչ գործատուների, ոչ աշխատողների, ոչ էլ մեր տնտեսության շահերից։

Եվ վերջապես, մինչ հեռանկարային ծրագրի մասին խոսելը, հարկ է գործողություններ ձեռնարկել հենց հիմա, երբ բառացիորեն օրեցօր է վատանում տնտեսական կացությունը։ Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ընկերություններն ու գործարարներն արդեն իսկ դադարել են գործել։ Կտրուկ նվազել է թե մանրածախ, թե մեծածախ առևտրի (բացառությամբ սննդամթերքի առևտրի) շրջանառությունը։ Ի՞նչ է անում այս վիճակում կառավարությունը՝ բացարձակապես ոչինչ։ Եթե չհաշվենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հորդոր-սպառնալիքը «ժամանակին և ամբողջ ծավալով» հարկային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Անշուշտ, անհրաժեշտ է կատարել հարկային պարտավորությունները, այլ հարց է՝  դա կարողանալը եթե այսպես շարունակվի։

Թե ինչպե՞ս են այլ երկրներում պատրաստվում դիմագրավել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին, կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակմամբ։  

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ