07 03 2020

Կորոնավիրուսի վտանգներին ինչպես ենք դիմագրավելու՝ Նիկոլ Փաշինյանի լայվո՞վ

Կորոնավիրուսի վտանգներին ինչպես ենք դիմագրավելու՝ Նիկոլ Փաշինյանի լայվո՞վ

Համաշարհային տնտեսությունը շարունակում է ցնցվել կորոնավիրուսից։ Տնտեսության ակտիվությունն ու գործարար միջավայրը բնութագրող տնտեսական ցուցիչները, հումքային ապրանքների գները անկում են արձանագրում։ Խոշոր տնտեսություն ունեցող երկրները զրկվում են միլիարդավոր դոլարներից։ Փորձագետները արդեն համակարծիք են այն հարցում, որ համաշխարհային տնտեսության այս տարվա ծավալները նվազելու են անցյալ տարվա համեմատ։ Լրջագույն խնդիրների առջև են կանգնել այնպիսի հզոր տնտեսություններ ունեցող երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոմիության երկրները։ Համաշխարհային տնտեսության ցնցումներից առավել խոցելի են փոքր և զարգացման ավելի ցածր մակարդակի վրա գտնվող երկրների տնտեսությունները։ Մի խոսքով, ողջ աշխարհի մտահոգությունն այսօր կորոնավիրուսն է, դրա դեմ պայքարը և դրա պատճառած հետևանքների հաղթահարումը։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը կամ մեր մոլորակից դուրս է գտնվում՝ ինչ-որ տեղ տիեզերքում, կամ երկրի ղեկավարությունը վստահ է, որ վիրուսին «կպառկեցնեն ասֆալտին» կամ «պատերով կծեփեն» և նրան չի հաջողվի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վիրուսի մուտքը Հայաստան կանխարգելելու ուղղությամբ կառավարությունն ըստ էության ոչինչ չարեց՝ երկիր մտնողների ջերմությունը չափելուց բացի։ Վարակն էլ ոչ թե հայտնաբերվեց համապատասխան ծառայությունների կողմից, այլ վարակակիրը ինքը դիմեց ստուգվելու համար։ Երկար կարելի է խոսել անցած օրերին կառավարության անկարողության, նրա ղեկավարի և անդամների՝ մեկը մյուսին հակասող քայլերի մասին։ Սակայն վերադառնանք տնտեսությանը սպառնացող վտանգներին։

Առանց այն էլ վերջին մեկուկես տարում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է լճացման մեջ, բնակչության ամենամեծ ընդգրկվածություն ունեցող ճյուղում՝ գյուղատնտեսությունում շարունակվում է անկումը, ներդրումները նվազել են, ֆինանսական արտահոսքը շարունակվում է, իսկ բնակչության գնողունակությունը աննախադեպ չափով նվազել է։

Այս կացության մեջ Նիկոլ Փաշինյանը խոսում է 7,6 տոկոս տնտեսական աճի մասին։ Թե ինչպե՞ս է հաջողվել նման աճ ունենալ 0,7 տոկոս գնաճի պարագայում, դժվար չէ պատկերացնել՝ աճը տեղի է ունենում հիմնականում վիճակագրական կոմիտեի թվերում, բայց ոչ իրական կյանքում։ Եթե հաշվի առնենք, որ այս տարվա առաջին ամիսներին էլ գնանկում է արձանագրվել, իսկ տնտեսական աճն ավելի բարձր է ցույց տրվում, ապա պատկերն պարզապես անհեթեթ է դառնում։ Տնտեսագիտությունից գոնե տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած անձ գիտի, որ ցածր գնաճը կամ առավել ևս գնանկումը խոսում է տնտեսության մեջ անկումային տրամադրությունների մասին։

Մյուս կողմից՝ անցած տարվա ցույց տրված 7,6 տոկոս տնտեսական աճի մեջ 5,3 տոկոսը ծառայությունների բաժինն է, որտեղ էլ գերակշռում է խաղային բիզնեսի ծավալը։ Այսինքն, աճում է տնտեսության մի ճյող, որը ոչ թե մարդկանց եկամուտներն է ավելացնում, այլ կլանում է դրանք։ Սա փաստում է նաև, որ մենք ունենք իրական տնտեսական աճի չափազանց ցածր ցուցանիշ։

Տնտեսական աճի 7,6 տոկոսի մեջ 1,86 տոկոսն էլ արդյունաբերության բաժինն է։ Սա է միակ իրական աճը։ Այն էլ ձեռք բերվել գլխավորապես հանքարդյունաբերության կամ ինչպես ժամանակին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ մեզ համար ապագա չհանդիսացող ճյուղի և ընդերքի հարստությունը վաճառելու շնորհիվ։ Եվ ահա, այս տարվա փետրվարից Հայաստանից վաճառվող հիմնական մետաղի՝ պղնձի գները ընկել են՝ 6200 դոլարից մինչև 5600-5800 դոլար։ Սա կորոնավիրուսի պատճառով մեր արդյունաբերության սպառնացող վտանգներից միայն մեկն է։

Աշխարհում, այդ թվում մեր հիմնական գործընկեր երկներում սպառման ծավալների նվազումը դժվարություններ է առաջացնելու նաև մեր մշակող արդյունաբերության համար։ Դա էլ շթղայաբար հարվածելու է առանց այն էլ անկման մեջ գտնվող գյուղատնտեսությանը։

Վիրուսի պատճառով խնդիրներ ունենք մեր անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ։ Ի՞նչ կլինի, եթե արտաքին աշխարհի հետ կապող այս երկու երկրներում տեղի ունենան անցանկալի զարգացումներ և մեր բեռների ելումուտը թեկուզ առժամանակ կասեցվի։ Ունե՞նք պարենի այնքան պաշար, որ գոնե ժամանակավորապես թույլ կտա դիմադրել անկանխատեսելի վտանգներին, հնարավոր խուճապի կանխարգելումը ինչպե՞ս պետք է կատարվի՝ Նիկոլ Փաշինյանի լայվո՞վ։ Գործողությունների ի՞նչ ծրագիր ունենք այս և մյուս դեպքերում։ Անգամ առանձնացված բուժհաստատություն չունենք, որը հնարավորություն ունենա վիրուսով վարակված առնվազն մի քանի տասնյակ հիվանդներ ընդունել և բուժում իրականացնել։ Մենք այն աստիճանի անպատրաստ ենք, որ անգամ վիրուս ունենալու մեջ կասկածվողների համար չունենք առանձնացված հիվանդանոց, և նրանց տանում ենք առողջարանային Ծաղկաձոր՝ միանգամից դատարկելով այն ներքին և դրսից եկած զբոսաշրջիկներից։

Նավթի գների նվազումը ազդելու է Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների վրա։ Ներդրումներին մասին թերևս ավելորդ է խոսել՝ առանց կորոնավիրոսի էլ դրանք Հայաստանից փախչում են։ Այս գործընթացի իրական պատճառները վերացնելու փոխարեն, դրա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն փորձում է նոր մեղավորներ գտնել՝ ի դեմս պետական ապարատի։ Ապրիլի 5-ի հանրաքվեն ևս մեկ անորոշության ալիք է ստեղծում ներդրումների համար, իսկ առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման հնարավորության և բանկային գաղտնիքի թուլացման մասին օրենքների ընդունումը պարզապես թաղում են Հայաստան ներդրում կատարելու ամենափոքի ցանկությունն անգամ։ Ուշադրություն դարձնենք, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանը անում է հիմա՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի մոլեգնելու օրերին, երբ բոլոր երկրներում ձգտում են հնարավորինս համախմբվել և արդյունավետ մեխանիզմներ կիրառել դրա դեմ։ Դա խոսում է այն բացարձակ անպատասխանատվության մասին, որով համակված է երկրի ղեկին հայտնված մարդը՝ որպես հետևանք ներքին վախերի, գիտելիքների պակասի, կրթություն և մասնագիտություն չունենալու։ Այլապես, վերոնշյալ սպառնալիքների առջև կանգնած երկրի ղեկավարը իր ժամանակը բուկլետներ բաժանելու և «հպարտների» հետ սելֆիներ անելու վրա չէր ծախսի։ Ցավոք, մենք այսօր ապրում ենք այս՝ ինքնահոսի մատնված և պետական հոգածության բացակայության իրականության մեջ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ