06 03 2020

Սերժի ակցիայի համար գյուղապետերը կպատժվեն. Ցուցակ մարզպետարանում

Սերժի ակցիայի համար գյուղապետերը կպատժվեն. Ցուցակ մարզպետարանում

Արարատի մարզպետարանում գյուղապետերի ցանկ է կազմվում: Մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով, այս օրերին ճշգրտվում ու հաշվվում են այն գյուղապետերը, ովքեր փետրվարի 25-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության առաջին նիստի օրը, ներկա են գտնվել Երևանի առաջին ատյանի դատարանի մոտ կազմակերպած ակցիային:

Մարզպետի ձևակերպմամբ՝ «...աշխատանաքային օրով իրենց բուն առաքելությունը թողած՝ մարզից հելել-հասել էին Երևան՝ Սերժ Սարգսյանի կողքերը հավաքվելու համար, իբր թե սատարում էին շեֆին»: Ընդգծենք, Սերժ Սարգսյանին սատարող ակցիային միայն Արարատի մարզից մոտ հազար մարդ է եղել, մարզն ընդգրկող համայնքների 70 տոկոսի ղեկավարները՝ երկու քաղաքապետ (Արարատի, Մասիսի), մի քանի տասնյակ գյուղապետեր (Տափերականի, Արմաշի, Վանաշենի, Այգավանի Նոյակերտի, Լուսառատի, Ավշարի, Արալեզի, Սիսավանի, Արմաշի, Արարատ գյուղի և այլք) :

Փաստորեն, Գարիկ Սարգսյանը կամ իր ղեկավարները չափից ավել ծանր է տարել գյուղապետերի հանդուգն պահվածքը. չմոռանանք, մինչ այդ էլ նրանք նույն կազմով մասնակցել էին Հարսնաքարում ՀՀԿ-ի ամանորյա խնջույքին, որտեղ դարձյալ կենտրոնում Սերժ Սարգսյանն է եղել:

Այդպիսով, գյուղապետերը, ըստ էության, հասկացրել են հեղափոխական մարզպետին, որ իրենց համար մարզում «ասողը» եղել ու մնում է օրինակ՝ Ավշարի Արայիկը ( ՀՀԿ-ական գործարար, նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը):

Իսկ սա, մեծ հաշվով, կրկնակի ապտակ է մարզպետի համար. չէ՞ որ ՀՀԿ-ական գործարարի ազդեցությունը մեծ է մարզում, և այս հանգամանքից մարզպետ Գարիկը խիստ կոմպլեքսավորվում է: Ակնհայտ է, որ Ավշարի Արայիկն իր լծակներով սահմանափակում է հեղափոխական մարզպետի ազատությունը ու թույլ չի տալիս նրան անել խելքին փչածը:

Մարզպետի ջղաձգումների մասին լուրն ընկել է գյուղապետերի ականջը: Սպասվում է, որ առաջիկայում «սանկցիաներ» կկիրառի իրենցից ամեն մեկի նկատմամբ:

«Էդ տղեն տենց էլ չգիտակցեց, որ վարչապետի սանիկ լինելն էլ առավելություն չի ու ինքը չի կարող 91 համայնքների ղեկավարներիս կառավարել: Ինքը նաև մոռանում է, որ գյուղերի մասը դեռևս ղեկավարում են ՀՀԿ-ական գյուղապետեր կամ ՀՀԿ-ի սատարած թեկնածուներ են հաղթել ընտրություններում»,- YerevanToday-ի հետ կիսվում է նրանից մեկը:

Ուշագրավ է, սակայն, մեր հաջորդ տեղեկությունը.

Պարզվում է՝ միաժամանակ նույնատիպ մի ցուցակ էլ կազմվել ու հայտնվել է Արարատից պատգամավոր դարձած Սեդրակ Թևոնյանի ձեռքում: Խոսքը Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանի որդու մասին է, որին, ի դեպ, մարզպետ Գարիկ Սարգսյանը «բրդեց» ԱԺ՝ իշխանական «Իմ քայլի» ցուցակով:

Ու եթե մարզպետ Գարիկը իր «սև ցուցակում» ընդգրկվածների հետագա ճակատագրերն է որոշում, ապա իմքայլական պատգամավոր Սեդրակն ավելի ճկուն է գտնվել. իր վրա դրված հանրաքվեի ձայներն ապահովելու համար հերթով հանդիպում է իր ցուցակում ներառված անձանց, նաև «թաղի տղերքին»՝ մեկ առ մեկ խնդրում-բարեխոսում է, որ եթե ուզում են հետագայում էլ գյուղապետական աթոռներին հաստատվել, ուրեմն պետք է օգնեն իրեն հանրաքվեի ժամանակ, ԱՅՈ-ի համար առավելագույն ձայներ հավաքեն, որից հետո իքն անձամբ կտեղեկացնի այս անձանց մասին Փաշինյանին և կերաշխավորի նրանց քաղաքական հետագա հաջողությունները:

Փորձեցինք մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ կապ հաստատել՝ ճշտելու, ի՞նչ պատիժ է սպասվում իրեն անհնազանդ գյուղապետերին ու քաղաքապետերին, որոնք, այդուհանդերձ, հպարտորեն կանգնում են ՀՀԿ առաջնորդի կողքին։ Սակայն մարզպետն ավանդաբար չպատասխանեց մեր զանգերին, նույն կերպ անարաձագանք մնացին Սեդրակ Թևոնյանին արած զանգերը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ