05 03 2020

Կառավարությանը հաջողվել է նվազեցնել աղքատությունը․ բայց ո՞ր կառավարությանը

Կառավարությանը հաջողվել է նվազեցնել աղքատությունը․ բայց ո՞ր կառավարությանը

Օրերս Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում աղքատության ցուցանիշին, հետևյալն ասելով․ «2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1,2 տոկոսից նվազել է մինչև 1 տոկոս: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի: Այստեղ կա խնդիր, այն մեթոդաբանությունը, որով աղքատությունը հաշվարկվում է, ներդրվել է 2009 թվականին»։ Գուցե զարմանալի թվա, բայց նրա ներկայացրած ցուցանիշները այս անգամ չէին հակասում վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հետ։ Խնդրին այլ է՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ իրեն է վերագրում մի բան, ինչի մեջ ինքը ոչ միայն որևէ ավանդ չունի, այլ ընդհակառակը՝ իր պատճառով գործընթացը ավելի վատ արդյունք է տվել, քան կարող էր լինել։

Այն, որ կառավարությանը հաջողվել է 2018-ի ընթացքում 2,2 տոկոսով նվազեցնել աղքատությունը և հասցնել 23,5 տոկոսի, թերևս մոտ է իրականությանը։ Սակայն հստակեցնենք, որ խոսքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Կարեն Կարապետյանի կառավարության մասին է (դա խոստովանել է անգամ «իմքայլական» նախկին տնտեսական լրագրող պատգամավորը)։ Այս մասին հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ:Համառոտ հիշեցնենք, որ 2017 թ․-ին, ապա 2018 թ․-ի առաջին եռամսյակին բարձր տնտեսական աճ էր արձանագրվել։ Մասնավորապես, 2018 թ․-ին տնտեսական աճը գերազանցել էր 10 տոկոսը, սակայն «թավշյա» հեղափոխության պատճառով տարվա վերջին այդ աճի ցուցանիշը նվազեց, հասնելով 5,2 տոկոսի։ Բնականաբար, աղքատության նվազումը ավելի քիչ եղավ, քան՝ եթե պահպանվեր տարեսկզբի բարձր տնտեսական աճը։ Չնայած դրան, այսօր էլ «հպարտ» քաղաքացիները հաճույքով սելֆիներ են անում աղքատության նվազումը կասեցրած մարդու հետ, բայց դա, ինպես ասում են, այլ խոսակցության թեմա է։

Անդրադառնանք մեթոդաբանության փոփոխությանը։ Թե ինչպե՞ս է այն փոխվել, մասնագիտական բացատրության հարց է, միայն նշենք, որ 2009 թ․-ին համաշխարհային տնտեսական
ճգնաժամի տարում աղքատությունը Հայաստանումկրկին աճեց։ Մինչ այդ, շնորհիվ 2000-ականների բարձր տնտեսական աճի, աղքատությունը արագ տեմպերով նվազում էր։ Բավական է նշել, որ հին՝ 2004թ․-ի մեթոդաբանությամբ, 1999 թ․-ին Հայաստանում աղքատությունը 56,1 տոկոս էր, իսկ 2008 թ․-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի վերջում այն արդեն 23,5 տոկոս էր։ Իսկապես որ տպավորիչ՝ մոտ 33 տոկոսով նվազում։

Նոր մեթոդաբանությունը, այսպես ասենք, ավելի խիստ չափանիշներով է գնահատում աղքատությունը։ 2009 թ․-ին այն 34,1 տոկոս էր։ Հետագա տարիներին այն նվազեց և 2018 թ․-ին հասավ 23,5 տոկոսի։ Նվազումը, իհարկե անհամեմատ ավելի նվազ տեմպերով է տեղի ունեցել՝ 9 տարում մոտ 10-11 տոկոսով։ Այդուհանդերձ, լավ, թե վատ, դա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման արդյունք է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը ոչ բարոյական, ոչ էլ գործնականում իրավունք չունի իրեն վերագրել այս ցուցանիշը։ Ինչպիսի՞ն կլինի նրա վարչապետության արդյունքը՝ կերևա միայն 2019 թ․-ի ցուցանիշներից, որոնք հրապարակվելու են այս տարվա վերջին։  

Սակայն, դատելով վիճակագրական կոմիտեի վերջին մեկ-երկու տարիներին իրականությունը գլխիվայր ներկայացնելու գործելաոճից, 2019 թ․-ի աղքատության ցուցանիշի արժանահավատությունը չափազանց կասկածելի է լինելու։ Եթե նկատի ունենանք, որ անցած տարվա տնտեսական աճի առյուծի բաժինը խաղային բիզնեսի շնորհիվ է, որը ոչ թե նպաստում է աղքատության վերացմանը, այլ խորացնում է աղքատությունը, իսկ բնակչության ամենամեծաթիվ մասն ընդգրկող գյուղատնտեսությունում անկումը խորանում է, ապա աղքատությունը անցած տարի էապես նվազած չի կարող լինել։ Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանը «վստահություն է հայտնել», որ աղքատության նվազեցումը և ծայրահեղ աղքատության վերացումը իրագործելի խնդիրներ են, ապա վիճկոմի ղեկավարություն նամեն ինչ անելու է թղթի վրա դա ցույց տալու համար։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ