Չնայած վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2019» զեկույցը, բայց Նիկոլ Փաշինյանը զարմանալիորեն դեռևս չի անդրադարձել դրան։ Դա փոքր ինչ տարօրինակ է, քանի որ պարբերաբար ընդհանուր պատկերից կտրված ինչ-որ ցուցանիշներ նա հրապարակում է և ինքնագովությամբ հայտարարում, թե տեսեք ինչ լավ է կյանքը «նոր Հայաստանում»։ Առավել ևս, որ մեկ տարի առաջ «հպարտների» վարչապետը հայտարարել էր, որ «Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, պետք է կրճատվի աղքատությունը»:
Այդուհանդերձ, չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն անի աղքատության նոր հրապարակված ցուցանիշների մասին և փորձի մարդկանց հավաստիացնել, որ ինքն իր խոստումը կատարում է և որ դա իր իսկ հորինած «տնտեսական հեղափոխության» արդյունք է։ Ուստի, ներկայացնենք, թե ինչպե՞ս է փոխվել աղքատության պատկերը անցած տարի, համեմատենք այն դրան նախորդ տարվա՝ 2017 թ․-ի պատկերի հետ և ցույց տանք թե ինչպիսի՞ փոփոխության հետ գործ ունենք։
Այսպիսով, համաձայն վերոնշյալ զեկույցի, 2018 թ․-ին Հայաստանում աղքատությունը 2017 թ․-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսով և կազմել 23,5 տոկոս։ Այսինքն, բնակչության 23,5 տոկոսը գտնվում է աղքատության գծից՝ որը կազմել է մեկ չափահաս անձի համար ամսական 42621 դրամ, ցած։ (Աղքատության գիծը ամեն տարի փոխվում է՝ գնաճի ցուցանիշը հաշվի առնելով)։ Ընդ որում, չափավոր աղքատները կամ այն աձիք, որոնց մեկ շնչին ամսական ընկնում է 37 հազար դրամ կազմել են 10,6 և նրանց թիվը 2017 թ․-ի համեմատ չի նվազել։ Իսկ ահա ծայրահեղ աղքատները, որոնց մեկ շնչին ամսական ընկնող գումարը 24827 դրամ է, կազմել են բնակչության 1 տոկոսը, որը 2017 թ․-ի համեմատ նվազել է 0,4 տոկոսով։
Սա շատ է, թե՞ քիչ, որքանո՞վ է առնչվում ներկայիս իշխանության հետ և ի՞նչ կլիներ, եթե տեղի չունենար ապրիլ-մայիսյան իշխանության զավթումը և պահպանվեր տնտեսական աճի այն բարձր՝ 10 տոկոսանոց տեմպը։ Ներկայացնենք նախորդ տարվա ցուցանիշները՝ հնարավորություն ստեղծելով համեմատություններ և եզրակացություններ անելու համար։
Նախորդ՝ «հանցավոր ռեժիմի» ժամանակ, 2017 թ․-ին աղքատությունը 29,4 տոկոսից կրճատվել է 3,7 տոկոսով և հասել 25,7 տոկոսի։ Չափավոր աղքատները կազմել են 10,6 տոկոսը՝ ավելանալով 0,8 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատների թիվը դարձյալ նվազել էր 0,4 տոկոսով և կազմել 1,4 տոկոս։
Ակնհայտ է, որ 2017 թվականին արձանագրված բարձր՝ 7,5 տոկոս տնտեսական աճի շնորհիվ աղքատությունն ավելի մեծ չափով է նվազել, քան 2018-ի ընթացքում, երբ տնտեսական աճը կազմեց 5,2 տոկոս։ Ակնհայտ է նաև, որ եթե չլիներ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը» և տարին ավարտվեր ոչ թե 5,2 տոկոս, այլ տարեսկզբի 10 տոկոս տնտեսական աճով, ապա «մի լավ բանի» ակնկալիք ունեցող աղքատների թիվը ավելի շատ կնվազեր։ Այսինքն, ավելի շատ մարդու եկամուտ կավելանար և ավելի շատ մարդ դուրս կգար աղքատությունից։ Սակայն նրանք ընտրեցին «Նիկոլ վարչապետ» տարբերակը և ստանում են այն, ինչ ընտրել են՝ շարունակում են մնալ աղքատության գծից ցած։
Այսինքն, կարող ենք արձանագրել, որ 2018 թ․-ի նվազած տնտեսական աճի, հետևաբար աղքատության կտրուկ նկազման փոխարեն ավելի փոքր՝ «թավշյա» նվազման մեղավորը ներկա իշխանություններն են, իսկ պատասխանատուն՝ նրանց ընտրած «հպարտ քաղաքացիները։ Այսինքն, աղքատության այս ցուցանիշը այնքանով է կապված նոր իշխանությունների հետ, որ այն կարող էր ավելի շատ նվազած լիներ, բայց նրանց պատճառով ավելի քիչ է նվազել։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի համար աղքատության այս ցուցանիշը ոչ թե հպարտանալու, այլ առնվազն արդարանալու պատճառ պետք է լինի։ Այս համատեքստում «ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելու» համար դեռ երկու-երեք տարի էլ կպահանջվի։
Ինչպիսի՞ն կլինի աղքատության ցուցանիշը այս տարի։ Այն կհրապարակվի եկող տարվա նոյեմբերի վերջին։ Քանի որ վիճկոմն արդեն ունի 7 տոկոս տնտեսական աճ ցույց տալու Նիկոլ Փաշինյանի հրահանգը, որը կրկնում են նաև տնտեսական բլոկի նախարարները, ապա միանշանակ է, որ եկող տարվա աղքատության զեկույցում նույն վիճկոմը պետք է աղքատության ցուցանիշն էլ առնվազն 3-4 տոկոս նվազած պատկերի։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրված իրական ցուցանիշը եկող տարի մենք այլևս չենք իմանա։ Պետք է չէ՞ «թավշյա» վարչապետը իր «հպարտներին» թվերով կերակրի և հայտարարի «նոր Հայաստանի» «աննախադեպ» հաջողությունների մասին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը