10 02 2020

Քանի՞ հոգու պետք է մերժել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, 2 միլիո՞ն

Քանի՞ հոգու պետք է մերժել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, 2 միլիո՞ն

Ինչպես 2018 թվականի ԱԺ ընտրություններն անցան բոլոր ուժերի համար անհավասար պայմաններում, նույնը սպառնում է նաև հանաքվեին։ Հիշում ենք՝ ԱԺ ընտրությունների ողջ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը բեմահարթակից ու եթերներից հայտարարում էր, թե իրենք սպիտակներն են, մյուս բոլորը՝ սև և կոչ էր անում մերժել բոլոր սևերին՝ անկախ նրանից՝ այդ սևը քաղաքական գործիչ է, թե նրան ընտրողները։ Արդյունքում սերմանվեց ատելության մեծ չափաբաժին։ Ընտրության գնացին միայն սև ու սպիտակի կողմնակիցները, իսկ քաղաքականության մեջ ավելի բազմերանգի կողմնակիցները, այն է՝ բնակչության 50 տոկոսից ավելին, նստեց տանը։

Մեկ տարի և 4 ամիս անց Նիկոլ Փաշինյանը դարձյալ մարդկանց ուղարկում է ընտրատեղամաս ու դարձյալ նման սխալ կողմնորոշումով․ նա հայտարարում է՝ «Ապրիլի 5-ին hեղափոխությանը ասում ենք՝ «այո», ապագային ասում ենք այո»»։

Խելք ունեցող ցանկացած ոք պետք է մտածի՝ բայց «հեղափողխությունը» եղել է արդեն, ուրեմն գնանք ու ի՞նչ անենք։  Ստացվում է, որ ապագային խանգարում էր ոչ թե, ասենք, ՀՀԿ-ն այլ Արևիկ Պետրոսյա՞նը, Ալվինա Գյուլումյա՞նը։ Նրանք ի՞նչ են արել։ Լավ մեր երկրում քանի՞ հոգու պետք է մերժել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ զգա, 2 միլիո՞ն։ Ու արդյո՞ք ամեն մերժումի համար պետք է քաղաքացուն քարշ տալ ընտրատեղամաս։

Նիկոլ Փաշինյանը մտադիր է սուտ հայտարարությամբ մարդկանց տանել հանրաքվեի։

Նա չի ասում՝ ժողովուրդ՝ կո՞ղմ եք, որ 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ ընտրված ՍԴ դատավաորները հեռացվեն աշխատանքից։ Նա հարցն այսպես չի դնում, որովհետև եթե այդպես դնի, ուրեմն նշանակում է՝ պետք է բացատրի, թե ովքեր են ՍԴ անդամները, ինչ է ՍԴ-ն ընդհանրապես, ինչ որոշումներ է կայացնում, ինչ հարցեր պետք է ապագայում քննարկի, ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ այդ հարցերը քննարկի հենց ա՛յս ՍԴ-ն։ Իսկ մարդկանց այս պահին իրենց ցածր աշխատավարձը, ցածր նպաստ-թոշակն ու գործազրկությունն ավելի շատ է հետաքրքրում, քան, ասենք, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դարձյալ թշնամացնում է ու ապակողմնորոշում մարդկանց։ Նա որոշել է այս հանրաքվեն հարամ անել ի սկզբանե։ Այլապես նա չէր խեղաթյուրի արդեն իսկ խեղաթյուրված հանրաքվեի էությունը։

Ով ուրեմն, անհրաժեշտ է մարդկանց բացատրել, ասել, տեղեկացնել, որ ապրիլի 5-ին նրանք ոչ թե «այո» են ասում հեղափոխությանը, այլ՝ «այո» են ասում Նիկոլ Փաշինյանի դիկտատուրային ու համատարած խաթարում են սահմանադրական կարգը։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ