06 02 2020

Զբոսաշրջության աճն այլ կլիներ, եթե ․․․

Զբոսաշրջության աճն այլ կլիներ, եթե ․․․

Ամեն անգամ զբոսաշրջության այցելությունների աճի մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը փորձ է անում ներկայացնել այն որպես իր նվաճում։ Մինչդեռ իրականում՝

1․ Հայաստան այցելող զբոսաշրջիկների վերջին երկու-երեք տարիների աճը պայմանավորված է նախորդ իշխանության իրականացրած քայլերով,

2․ Մեր երկիր եկող զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ կլիներ, քան թե հիմա է, եթե չլիներ այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը»,

3․ Նախկինում եղել է զբոսաշրջային այցելությունների շատ ավելի մեծ աճ, քան հիմա է։

Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։

Նախ տեղեկացնենք, որ 2019 թ․-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, ըստ վիճակագրական կոմիտեի, կազմել է 1 միլիոն 894 հազար 377։ Դա 2018 թ․-ի համեմատ աճել է 14,7 տոկոսով կամ 242 հազար 595-ով։ Այս ցուցանիշն է իր գրառման մեջ մեջբերել Նիկոլ Փաշինյանը՝ հընթացս նշելով, որ Վրաստանն ու Թուրքիան աճի տվյալներով մեզ զիջել են։ Վերջինիս առնչությամբ հարկ է նշել, որ Հայաստանի կառավարության ղեկավարը հերթական անգամ պոպուլիզմը հանում է երկրից դուրս։ Եվ եթե Թուրքիայից հայտնեն, որ իրենց երկիր եկած զբոսաշրջիկների թիվն անցյալ տարի կազմել է 50 մլն մարդ, իսկ Վրաստանից էլ՝ 5 մլն մարդ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կպապանձվի և չի կարողանա պատասխանել։ 

Այժմ դառնանք Հայաստան այցելող զբոսաշրջիկների հարցին։ Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների մեջ գերակշռում են երկու երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից եկողները։ Իրանում տնտեսական դժվարությունների պատճառով անցած տարի այդ հոսքը որոշ չափով նվազել էր։ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը, այս պահին հրապարակված ինը ամիսների տվյալներով, աճել էր ավելի քան 76 տոկոսով։ Հիշեցնենք, որ նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից նախաձեռնվեց, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ վերջնականապես համաձայնեցվեց  Ռուսաստանի Դաշնությունից առանց արտասահմանյան անձնագրի Հայաստան որպես զբոսաշրջիկ այցելելու որոշումը։ Որոշ հարթուղեղներ դա բնորոշեցին Հայաստանի՝ Ռուսաստանի «գաղութ» լինելու վկայություն։ Հիմա, երբ այդ որոշման շնորհիվ Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը աճի բարձր տեմպեր ունեցավ, դրանով հպարտանում է այդ որոշման հետ կապ չունեցող ներկայիս կառավարության ղեկավարը։

Երկրորդը․ հիշեցնենք, որ 2017 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստան եկող զբոսաշրջիկներիկ թիվն աճել էր 18,7 տոկոսով, 2018 թ․-ի առաջին երեք ամիսներին այդ աճը դարձյալ բարձր էր՝ 16,1 տոկոս։ Ի՞նչ եղավ «թավշյա հեղափոխությունից» հետո։ 2018 թ․-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ արձանագրվեց զբոսաշրջային այցելությունների անկում 2 տոկոսով, իսկ 2018 թ․-ի տարեկան աճը կազմեց 10,5 տոկոս։Այսինքն, փաստենք, տարվա առաջին  եռամսյակում աճը 16,1 տոկոս էր, իսկ տարվա վերջին 10,5 տոկոս։ Աճի տեմպի անկումը հենց այն «աննախադեպ» ցուցանիշն է, որը փաստում է, թե ինչպես «թավշյա հեղափոխությունը» հարվածեց զբոսաշրջությանը և աճի տեմպը նվազեց։

Երրորդը՝ զբոսաշրջային այցելությունների իսկապես թռիչքային աճ, այնպես ինչպես տնտեսության մյուս ճյուղերում, ունեցել ենք 2000-ական թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Եթե 1998 թ․-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 32 հազար էր, ապա 2007 թ․-ին՝ 511 հազար։ Կոնկրետ 2007 թ․-ին 2006 թ․-ի համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել էր 33,8 տոկոսով, իսկ այդ տարիների այցելությունների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 36 տոկոս։

Հետևաբար, երկրի ղեկին հայտնված մարդուն մեկ անգամ ևս հիշեցնենք, որ դեռևս գոյություն չունի որևէ նվաճում, որը իր՝ արդեն երկու տարվա կառավարման ժամանակ է հիմք դրվել, որ նախկինում ձեռք բերված նվաճումները սեփականաշնորհելով, ինքը միաժամանակ քայքայում է դրանք և որ իր խոսքերի կեղծիք լինելը դժվար չէ բացահայտել։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ