29 01 2020

Ո՞վ հարվածեց աղքատության նվազմանը

Ո՞վ հարվածեց աղքատության նվազմանը

«Ահա հենց այդ ժամանակ էլ գործող վարչապետը կասի, որ 2018-ին կառավարությանը հաջողվել է աղքատության ցուցանիշը իջեցնել 1,5-2 տոկոսի և հասցնել աննախադեպ ցածր ցուցանիշի». սա ասել էինք մոտ մեկ տարի առաջ՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2018 թ․» զեկույցին անդրադառնալիս ։

Մոտ մեկ ամիս առաջ էլ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2019 թ․» զեկույցին անդրադառնալիս դարձյալ աղքատության ցուցանիշի վերաբերյալ հետևյալն էին ասել․ «Այդուհանդերձ, չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն անի աղքատության նոր հրապարակված ցուցանիշների մասին և փորձի մարդկանց հավաստիացնել, որ ինքն իր խոստումը կատարում է և որ դա իր իսկ հորինած «տնտեսական հեղափոխության» արդյունք է»։

«2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: ․․․ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության աճը», սա էլ այն է ինչ սպասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ասել է իր մամուլի ասուլիսի ժամանակ՝ որպես մեկը «100 փաստ»-ից։

Ինչպես տեսնում ենք, «թավշյա» վարչապետը շարունակում է կանխատեսելի լինել երկու հիմնական առումներով՝ ստելով և ուրիշի արածն իրեն վերագրելով։ Տվյալ դեպքում գործ ունենք երկուսը միասին դրսևորվելու հետ։ 

Նախ՝ ներկայացնենք, թե ինչպե՞ս է պատրաստվում զեկույցը, ո՞ր ժամանակաշրջանն է այն ընդգրկում, որքա՞ն է նվազել աղքատությունը վերջին երկու տարիներին և ո՞րն է դրա գլխավոր պատճառը։

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը պատրաստվում է մեկ տարի առաջ արված հարցումների հիման վրա։ Այսինքն, 2019 թ․-ի զեկույցում արտացոլվում են 2018 թ․-ի նոյեմբերին արված հարցումների արդյունքները, 2018 թ․-ի զեկույցում՝ 2017 թ․-ին արված հարցումներինը և այսպես շարունակ։

Ըստ 2018 թ․-ի զեկույցի, աղքատությունը Հայաստանում 2017 թ․-ին, նախորդ՝ «կոռումպացված ռեժիմի» կառավարման արդյունքում աղքատությունը կրճատվել է 3,7 տոկոսով և հասել 25,7 տոկոսի։ 

Ըստ 2019 թ․-ի զեկույցի, 2018 թ․-ին Հայաստանում աղքատությունը 2017 թ․-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսով և կազմել 23,5 տոկոս։

Իսկապես, աղքատության նվազման գլխավոր գործոնը տնտեսական աճն է։ Փաստենք, որ, ի տարբերություն 2017 թ․-ի 7,5 տոկոս տնտեսական աճի, որը բերել էր աղքատության 3,7 տոկոսով նվազման, 2018 թ․-ին տնտեսական աճը կազմեց 5,2 տոկոս և բերեց աղքատության 2,2 տոկոս նվազման։ Այսինքն, ինչպես տեսնում ենք 2018 թ․-ին աղքատությունն ավելի քիչ է նվազել, քան 2017 թ․-ին։

Երկրորդը, որ վատ չէր լինի, որ հասկանան «հպարտ» աղքատները, այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թ․-ին աղքատության նվազման հետ այնքանով կապ ունի, որ եթե չլիներ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը», աղքատությունն ավելի շատ կնվազեր և ավելի շատ մարդիկ, այդ թվում «հպարտներ» դուրս կգային աղքատության մակարդակից։

Ինչպե՞ս։

Բանն այն է, որ 2018 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել էր 10,6 տոկոս։ Եթե տեղի չունենային երկրի զարգացմանը հարվածած և հետ գցած 2018 թ․ի ապրիլ-մայիսյան դեպքերը, ապա աղքատությունն առնվազն նվազած կլիներ 4-5 տոկոսով, այլ ոչ թե 2,2 տոկոսով։

Հետևաբար, երբ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է աղքատության նվազման մասին, ապա պետք է ազնիվ լինի և ասի, որ իր գովերգած և արդեն ձանձրալի դարձած հեղափոխության հասցրած հարվածն է պատճառը, որ այն ավելի քիչ է նվազել։ Սակայն, ազնվություն հասկացությունը Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի՝ այլ բան է խաբեությունն ու ուրիշի արածը յուրացնելը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ