Նիկոլ Փաշինյանը չի դադարում զվարճացնել այն մարդկանց, ովքեր իրականությանը տեղյակ են և հիմարացնել նրանց, ովքեր կուրորեն հավատում են իր բոլոր ասածներին։ Նախընտրական շրջանում վարչապետի պաշտոնակատարը իր հերթական հանրահավաքի ժամանակ, նոյեմբերի 25-ին, հայտարարեց, որ «իրենք իրենց առաջ դրել են ամբիցիոզ խնդիրներ»։ Եվ որո՞նք են այդ խնդիրները։
Մասնավորապես այն, որ «Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, պետք է կրճատվի աղքատությունը»: Այս հայտարարությունը ևս հանրահավաքի մասնակիցների կողմից ընդունվեց հրճվանքով, քանի որ ներկաներից երևի թե միայն մեկ հոգի՝ հենց Փաշինյանը գիտեր, թե որքան է կազմել ծայրահեղ աղքատությունը և որքա՞ն աղքատությունը Հայաստանում 2017-ին և որ այդ մասին զեկույցը մի քանի օր հետո պետք է հրապարակի ազգային վիճակագրական ծառայությունը։
Եվ իսկապես, մի քանի օր հետո նոյեմբերի 30-ին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որին վարչապետի պատոնակատարը մինչ օրս չի անդրադարձել։ Դժվար չէ հասկանալ թե ինչու։
Բանն այն է, որ 2017-ին նախորդ՝ «հանցավոր ռեժիմի» կառավարման արդյունքում աղքատութոյւնը կրճատվել է 3,7 տոկոսով և հասել 25,7 տոկոսի։ Ծայրահեղ աղքատությունն էլ իջել է 3,1 տոկոսով և հասել 1,4 տոկոսի։ Աղքատության գիծ է սահմանվել 41612 դրամը մեկ շնչի համար։ Տեղեկացնենք, որ այդ գիծը փոփոխվում է գնաճի ցուցանիշը հաշվի առնելով։
Հիշեցնենք նաև, որ 2004-ին, երբ սկսվեց հաշվարկվել աղքատության ցուցանիշը, աղքատ էր համարվում երկրի բնակչության 53,5 տոկոսը։ 2008-ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի, որից 7 տարին՝ երկնիշ տնտեսական աճի արդյունքում, աղքատությունը կտրուկ նվազեց՝ հասնելով 27,6 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,6 տոկոսի։ Դրան հաջորդեց 2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը և աղքատությունը կրկին բարձրացավ՝ հասնելով մինչև 35,8 տոկոսի։
Վերադառնանք սակայն աղքատության 2017-ի ցուցանիշին։ Նիկոլ Փաշինյանի կողմից դրան չանդրադառնալու պատճառը միայն այն չէ, որ դա նախորդ կառավարության ձեռքբերումն է և ինքը չի կարող առայժմ վերագրել իրեն։ Հիմա չի կարող, իսկ ահա եկող տարի անպայման այդպես կանի։
Բանն այն է, որ այս տարվա առաջին եռամսյակի բարձր տնտեսական ակտիվության աճը, թեև զգալիորեն նվազած (10,6 տոկոսից հասնելով 6,5 տոկոսի), բայց դեռ պահպանվում է։ Անգամ եթե տարվա արդյունքով ունենաք 5 տոկոսի մոտ տնտեսական աճ, ապա աղքատության ցուցանիշը կնվազի ևս 1,5-2 տոկոսով։ Ահա հենց այդ ժամանակ էլ գործող վարչապետը կասի, որ 2018-ին կառավարությանը հաջողվել է աղքատության ցուցանիշը իջեցնել 1,5-2 տոկոսի և հասցնել աննախադեպ ցածր ցուցանիշի։
Ամենայն հավանականությամբ, 2017-ին ընդամենը 1,4 տոկոս կազմող ծայրահեղ աղքատությունն էլ կվերանա դարձյալ նույն պատճառով՝ նախորդ կառավարության արձանագրած բարձր ցուցանիշների և տարվա ընթացքում իներցիայով դրանց որոշ չափով պահպանման շնորհիվ։ Եվ դարձյալ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի․ «Մենք վերացրել ենք ծայրահեղ աղքատությունը Հայաստանում, ինչպես և հայտարարել էինք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ»։
Բնականաբար, այդ ժամանակ ևս, «հպարտ» քաղաքացիները, առանց խորամուխ լինելու այն ամենի մեջ, ինչ նշեցինք վերևում, կուրորեն կհավատան նրան։ Գիտակից մարդիկ էլ իրենց հերթին դարձյալ քմծիծաղով կվերաբերվեն վարչապետի ասածին՝ լավ հասկանալով, որ աղքատության նվազման և ծայրահեղ աղքատության վերացման գործում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ մի վաստակ չունեն։ Ավելին, եթե չլիներ նրանց «սիրո և հանդոuրժողականության» կոչվող հեղափոխությունը կամ որ ավելի ճիշտ է՝ իշխանության զավթումը, ե՛ւ տնտեսական աճի անհամեմատ ավելի բարձր ցուցանիշներ, ե՛ւ աղքատության շատ ավելի մեծ չափով կրճատում կունենայինք 2018-ին։ Միակ մխիթարանքը թերևս այն կարող է լինել, որ գիտակից մարդիկ այդ ժամանակ շատ ավելի շատ կլինեն, քան հիմա, իսկ Նիկոլ Փաշինյանին կորուրեն հավատոցողները՝ շատ ավելի քիչ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը