24 01 2020

Դա կոչվում է գլխապտույտ՝ «հաջողություններից»

Դա կոչվում է գլխապտույտ՝ «հաջողություններից»

Փաշինյանի գլխավորած կառավարության հունվար 23-ի նիստի մեկնարկը «հարվածային» էր, անկասկա՛ծ:

Վարչապետ Փաշինյանը, պետք է նկատել՝ բավականին կայտառ, ոգեշունչ առոգանությամբ (երևի ԱԺ-ի քծնանք-պատասխանից հետո մանրէազերծված կաթ էր ըմպել) հրապարակեց ժողովրդավարության ու կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված ինչ-որ միջազգային գործակիցներ, թե ինդեքսներ: Այդ ինդեքսները վկայակոչելով՝ վարչապետ Փաշինյանը երջանկացրեց այս թեթև ձմեռն էլ ծանրությամբ յոլա տանող հանրությանս, որ թե՛ ժողովրդավարական զարգացումների գծով, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի կամ հակակոռուպցիոն բնագավառում միջազգային ինչ-ինչ կառույցներ արձանագրել են Հայաստանի սրընթաց առաջխաղացումը:

Այնքան սրընթաց, որ պետք է ենթադրել, կառավարության անդամները ու նրանց ղեկավար վարչապետը թեթևակի գլխապտույտ ունեն: Դա, կարծեմ, կոչվում է «գլխապտույտ՝ հաջողություններից»: Ոչինչ: Շատ վտանգավոր բան չէ: Մի երկու անգամ որ փողոց ու ճանապարհ փակած անասնապահների հետ հաղորդակցվեն, գլխապտույտը կանցնի:

Պտույտի մասին: Կյանքը, հիրավի, ունիկալ ոլորապտույտներ է գործում: Միջազգային ինդեքսների հետ կապված էլ: Ընդամենը մինչև մի 2 տարի առաջ, նախկին իշխանություններն էլ էին զանազան միջազգային ինդեքսներ ու վարկանիշային աղյուսակներ վկայակոչում, որպես այս կամ այն ուղղությամբ գրանցած առաջխաղացման արձանագրում (բիզնեսի, ներդրումների, հենց նույն հակակոռուպցիոնի և այլն): Ու մինչև երկու տարի առաջ, այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր այդ ինդեքսներն ու վարկանիշները «սխալ հանելու», քարը քարի վրա չթողնելու, ինդեքսները, վկայակոչողներով հանդերձ ծաղրողների առաջին շարքերում էր, ամենից մարտական տրամադրվածը, կարելի է ասել:

Իսկ այսօր ահա, սեփական ընտրողների մոտ միայն մարզպետներին գործուղող կառավարության ղեկավարը իր իսկ ծաղրած ինդեքսներից է կառչում: Բա, հարգելիներս, ինդեքսն այդպիսի բան է. երեկ դա փրփուր էիր անվանում, իսկ այսօր ձեռքդ հենց այդ փրփուրներին ես նետում:

Դե, հա, ո՞վ չգիտե, որ «նոր Հայաստանում» կոռուպցիա չկա ընդհանրապես: Դե, վաբշե, էլի, չկա: Շատ էլ որ, Երևանի քաղաքապետարանից սկսած, ԱԺ-ով ու կառավարական, պետական այլ հաստատություններով վերջացրած, առանց մրցույթի, «մեկ աղբյուրից գնման» ռեկորդներ են խփում: Չէ՜, դե դա ի՜նչ մի կոռուպցիոն ռիսկ է:

Մեկ այլ ուշագրավ պահ: Կառավարության նիստում նախագիծ ներկայացվեց, որ նպաստառության ինդեքսը կամ, եթե կուզեք՝ շեմը 30-ից դարձվի 28 միավոր: Ու որոշումն ընդունվեց, որքան հասկացա: Բացատրեմ. Փաշինյանի կառավարությունը, նախարարներին ու բարձրաստիճան պետպաշտոնյաներին աստղաբաշխական աշխատավարձեր ու պրեմիաներ ապահովելուց հետո, մի քանի հազար դրամով էլ թոշակները բարձրացրեց: Բայց արի ու տես, որ այդ մի քանի հազար դրամի պատճառով հազարավոր մարդիկ կարող էին նպաստից զրկվել: Դե, եկամուտ է ավելացել, նպաստառության ցանկում ընդգրկվելու միավորն ինքնաբերաբար բարձրացել է: Որպեսզի մի 10 հազար նպաստառու ձմեռվա կեսին նպաստից չզրկվի, այդ նպաստառության շեմը որոշեցին 2 միավորով իջեցնել:

Հասկանալի է, իրենց եփած շիլան է, իրենք էլ փորձեցին շտկել: Կարծես թե չէին կարող, էլի, թոշակը բարձրացնելիս մտածել դրա մասին ու միանգամից անել: Նորմալ է, մի խոսքով: Դեռ լավ է, որ ընդհանրապես գլխի ընկան կամ հիշեցին:

Այստեղ հետաքրքիր է այլ բան: Մասնավորապես այն, որ Նիկոլ Փաշինյանը կտրականապես, եթե կարելի է այդպես ասել՝ սկզբունքորեն դեմ է նպաստներ տալու գաղափարին և սոցիալական գործիքակազմին: Բայց, արի ու տես, որ այդ ամենով հանդերձ, ընդունեց, որ նպաստառության շեմը երկու միավորով իջեցվի, որպեսզի 11 հազար նպաստառու շարունակի ստանալ այդ սոցիալական աջակցությունը: Դեռ մի բան էլ՝ նպաստառուների քանակը 1000-ով ավելացվեց:

Ճիշտ է, Փաշինյանը կառավարության նիստում էլի մի կրակոտ ճառ արտասանեց նպաստի անընդունելիության ու աղքատության թեմայով (դե, երևի, որ չասեն, թե սկզբունքից շեղվել է), բայց գործը իր համոզմունքի ու խոսքի հակառակն էր:

Իսկ ոչ մի գաղտնիք էլ չկա. այս նեղ վիճակում Նիկոլ Փաշինյանին հենց միայն նպաստառուների ցույցն էր պակասում՝ կառավարության շենքի առաջ: Ինչ-ինչ, բայց այդքանը նա լավ էլ հաշվարկում է: Մեծ բան չէ, որ ինքը նպաստառությանը դեմ էր, կարևորը առանց այն էլ սմքած ռեյծինգը չծլնգա:

Ի վերջո, նմա՞ն սկզբունքների վրայով է կրնկել-անցել. ԵԱՏՄ-ին դեմ էր, արդեն լրիվ ԵԱՏՄ է, կուտակային կենսաթոշակայինը մերժում էր, առաջինը դա ընդունեց, արտոնություններ տալուն դեմ էր, հիմա կառավարության ամեն նիստում արտոնություն է որ տալիս են: Վիճակագրական տվյալները նկարած էր անվանում, հիմա նկարչությունն իրեն ձեռնտու է: Դե, արագաչափերի ու կարմիր գծերի մասին էլ չասեմ... Մի խոսքով, ամենասովորական իշխանական սինդրոմ: Թե չէ՝ թավի՜շ, վաշ-վի՜շ:  

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ