Ապօրինի ռազմամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի կալանքի օրից (2018թ․ հունիսի 19) մինչ այժմ երևի շուրջ 50 անգամ փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը՝ պնդելով, որ կալանքը համատեղելի չէ հիվանդությունների հետ, որ նա ունի։
Վարույթ իրականացնող մարմինը մեկուկես ամիս ուսումնասիրություն անելուց հետո 2018թ․ սեպտեմբերի 25-ին եզրակացություն է տալիս, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով։ «Տասից ավելի հիվանդություն ունի Մանվել Գրիգորյանը, այդ թվում՝ թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն: Իմ կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի ունեցած հիվանդություններն անհամատեղելի են կալանավորման պայմանների հետ, թե ինչ կասեն այս առումով գործը հսկող դատախազը և ինչ որոշում կկայացնի դատարանը դեռ կիմանանք»,- մամուլի աուլիսում 2018թ․ սեպտեմբերի 26-ին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարեց, թե Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը չափազանցված են: «Մարդկանց մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Խնդիրը այն է՝ այդ հիվանդությունները անհամատեղելի ե՞ն անազատության մեջ պահելու համար , թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության հետ կապված փաստ չկա»,- ասաց Խաչատրյանը:
Դրանից հետո բազմաթիվ անգամներ փաստաբանները դիմեցին ազատ արձակման համար՝ նույն պատճառով, ու ամեն անգամ դատավորը մերժում էր։ Ժամանակի ընթացքում հիվանդությունների թիվն ավելացավ։ Սկսեցին խոսել արդեն 30-ից ավելի հիվանդությունների մասին։ Հիմա Սասուն Խաչատրյանը որքանո՞վ է պատասխանատու իր այդ վարքի ու հայտարարությունների համար, երբ կողքի հետ մարդը մեռնում էր, բայց նա ասում էր, թե հիվանդությունների մասին լուրերը չափազանցված են։
Լավ, ասենք թե չափազանցված էին, իսկ ինչպե՞ս եղավ, որ մարդը, որը բանտում ուներ 10 հիվանդություն, 1 տարի հետո ունենում է մոտ 40 հիվանդություն։ Ուրեմն նպաստել են այդ հիվանդությունների սրմանը, նորերի առաջացմանը։
Մանվել Գրիգորյանին ազատ արձակեցին, բայց 1 տարի 7 միս կալանքի ընթացքում նրա նկատմամբ այդպես էլ քննչկան գործողություններ չիրականացվեցին։ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք չի տվել մինչ այժմ։
Մի կողմ ենք դնում այս պահին հարցը, թե ինչպես չվնգստացող, կառվարությունից զանգեր չստացող դատավորը, որը մինչ այս հեշտորեն մերժում էր բոլոր միջնորդություններն ազատ ա արձակելու վերաբերյալ, 4 ժամում ազատ արձակեց, երբ միջնորդություն էր ներկայացրել դատախազությունը։
Խնդիրն այն է, թե ինչու մինչ այս չէին ցանկանում, որ նա ազատ արձակվի, ինչու էին ձգտում նրա մահվանը և ինչու բաց թողեցին, երբ չի կարող խոսել։
Ավելի քան 1 տարի առաջ մեր վերլուծությունն արդիկան է այսօր ևս, որը խիստ համընկնում է նրան, ինչ կատարվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ։ Հոդվածն առաջարկում ենք վերընթերցել։
2018թ․ նոյեմբերին էլ էր վիճակը ծայրահեղ, հիմա էլ։ Այսինքն, հետևողականորեն, ամենօրյա տքնաջան աշխատանքով իրավապահ համակարգը գնում է նրա կործանմանը։
Ինչո՞ւ․ փորձենք հասկանալ։
Ուզում ենք թեմային նայել մարտիմեկյան դեպքերի շուրջ «նոր հանգամանքների» համատեքստում։
Մանվել Գրիգորյանը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից էր, սակայն՝ ոչ սովորական իմաստով։ Նա պարզապես քաղաքացի չէր, որը գնում էր Ազատության հրապարակ ու «Լե-վոն նա-խա-գահ» վանկարկում։ Մանվել Գրիգորյանը ՊՆ փոխնախարարն էր, որը պատրաստ էր իմ ամբողջ ունեցածով, այդ թվում՝ մարդուժ և տեխնիկա, աջակցել պարտված թեկնածուի «հաղթանակին»։ Սա փաստ է։
Չհաջողվեց՝ իրենից չկախված հանգամանքներով։
Հուլիսի 9-ին Yerevan.Today-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմում է, որ երբ ինքը 2008 թվականի փետրվարին Մոսկվայում մասնակցում էր ԱՊՀ գագաթնաժողովին, Երևանում իրավիճակի մասին տագնապալի լուրեր է զեկուցում ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը․ Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարում է իր նախագահության ու պետական մեքենայի կազմաքանդման սկիզբը: Իսկ գործընթացում ներգրավում էին «Երկրապահին»՝ «Մանվել, Մանվել» վանկարկումներով։ «Երկրապահ»-ում գտնվող բազմաթիվ բարձրաստիճան գործող զինվորականներ էլ քննարկում էին «Երկրապահ»-ի՝ հրապարակին միանալու հարցը։ Իսկ նրանց թվում պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էր և մեկ այլ փոխնախարար՝ Գագիկ Մելքոնյանը: Փաստորեն, բանակը ներքաշում էին հետընտրական քաղաքական գործընթացների մեջ, ինչը սահմանադրական կարգի համար վտանգավոր էր։
Ռոբերտ Քոչարյանը կիսատ է թողնում այցը և վերադառնում Երևան՝ փետրվարի 22-ին։ Հաջորդ օրը բանակի հրամկազմին հավաքում է և խոսում բանակի՝ քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին, բոլոր գործող և «Երկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներին էլ պահանջում է կողմնորոշվել՝ կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից:
«Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել»,- մեզ հետ զրույցում շարունակում է Ռոբերտ Քոչարյանը։
Մինչ այդ՝ փետրվարի 22-ին, կատարվեց մեկ այլ ուշագրավ դեպք։ ԱԺ պատգամավոր Մանվել Եղիազարյանն ընթերցեց այն 7 պատգամավորների անունները, որոնք միացել էին ՀԱԿ-ին (կարճաժամկետ)՝ ստորագրությամբ հաստատելով դա։ Նրանց թվում Մանվել Գրիգորյանի եղբորորդին էր՝ Հրանտ Գրիգորյանը։ Վերջինս նույն օրը հերքեց ու պահանջեց ստորագրության փորձաքննություն անցկացնել՝ հորեղբորը մեղադրելով իր ստորագրությունը կեղծելու և իր անունից ՀԱԿ-ին միանալու մեջ։ Այդ ժամանակից էլ ավելի խորացան երկուսի միջև վատ հարաբերությունները՝ դառնալով թշնամական, որը նույնկերպ պահպանվում է մինչ օրս։
Մանվել Գրիգորյանը պարզապես ներքաշված չէր գործընթացներում։ Ինչպես վարչապետ Փաշինյանն է սիրում կրկնել՝ «օդում կախված լուրերի համաձայն», իր «Երկրապահի» ջոկատով զինված սպասում էր վճռական գրոհի՝ «հանուն Տեր-Պետրոսյանի հաղթանակի»։
ՊՆ՝ այդ ժամանակ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը բանակի՝ քաղաքականությանը ներքաշվելու հերթական ապացույցն էր, ում անունը ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կոչով այդ օրերին հաճախ էին վանկարկում Ազատության հրապարակում, 1in.am-ին 2018թ․ օգոստոսի 6-ին տված հարցազրույցում՝ ասում է․ «․․․Մանվել Գրիգորյանն էլ, էլի տղաներ կային, որոնք էլի մեր համախոհներն էին։ Հիմնականում մեր տղաներից հատուկ գունդը՝ համարյա 80 տոկոսը, կանգնած էր ժողովրդի կողքին․․․»։
Հաջորդ 10 տարիներին Մանվել Գրիգորյանը ստացավ իշխանության աջակցությունը։ Սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունը Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունի, երևի թէ չի ներում մարտյան դեպքերի ժամանակ խոսք տվածը չանելու համար։
Ակնհայտորեն, Մանվել Գրիգորյանը շատ բան կունենա պատմելու, որ մինչ օրս չի արել, գոնե թող պատմի՝ ինչպե՞ս և որպես ո՞վ էր հանդիպում Տեր-Պետրոսյանին 2008թ․ փետրվարին, ի՞նչ էր խոսք տվել, որ չարեց։
Ենթադրում եմ, որ այդքանից հետո քրեական գործը կգնար այլ հունով։
Պե՞տք է իրավական գնահատական տրվի այն մարդկանց, որոնք իրականում բանակը ներքաշում էին իրենց քաղաքական խաղերի մեջ՝ չմտածելով, որ դա էլ անխուսափելիորեն բերելու է քաղաքացիական ու նաև զինված բախումների՝ վերածվելով քաղաքացիական պատերազմի, որը իհակառակ իրենց կամքից կասեցվեց։
Եվ ուրեմն, ո՞ւմ ձեռք չի տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի համախոհը, մարտի 1-ին ենթադրաբար երկրապահի ջոկատով կուլիսներում, զենքով-զրահով կազմ-պատրաստ կանգնածը խոսի ․․․ Մարտի 1-ից ․․․ Ու՞մ անունները կտար, որ ձեռնատու չէ։ Ուստի և մեկուսացվել է։
Հետևյալ վերլուծականը ևս կարելի է ընդերցել՝ «Կարևոր վկան պետք է չեզոքացվի. գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածը»։ Սա ևս ուշագրավ է խնդիրն այս տեսանկյունից դիտարկելիս։
Մանվել Գրիգորյանը շատ բան կունենա ասելու, և այդ խոսքից վախեցողներ կան այս իշխանության ամենավերին հատվածում։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը