Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին ժամանակների ամենաքննարկվող քրեական գործերին։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի գործին անդրադառնալով՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ փորձաքննությունը ավարտվել է, և մարտի մեկի դեպքերի հետ կապված համընկնումներ չկան։
Պատասխանելով այն հարցին, թե մարտի մեկի գործով ինչ փուլի են հասել, ում են հարցաքննել, ի վերջո, Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, ՀՔԾ ղեկավարն ասաց․ «Ես բազմիցս տարբեր առիթներով ձեզ ասել եմ, որ այլևս չեմ պատասխանելու այն հարցին, թե ում ենք կանչել հարցաքննության և ում ենք պատրաստվում կանչել հարցաքննության, և այդ իմ խոստումը հիմա էլ կպահեմ»։ Մարտի մեկի գործի ընթացքի մասին հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ գործն ակտիվ փուլում է, ամենօրյա ռեժիմով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և երբ կարիք զգան, տեղեկություններ կհրապարակեն։
Անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործին, Սասուն Խաչատրյանը նշեց․ «Որքանով արդեն դուք տեղյակ եք պաշտպանների հրապարակած տվյալներից, մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն։ Դրանից ավել բան ես չեմ կարող ասել՝ գործի շահերից ելնելով»։ Լրագրողների ճշտող հարցին՝ որ թվականին են տեղի ունեցել այդ դեպքերը, ՀՔԾ պետը պատասխանեց, որ խոսքը 2008 թվականի մասին է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը