20 11 2018

Ո՞ւմ ձեռք չի տալիս, որ Մանվել Գրիգորյանը խոսի․․․ Մարտի 1-ից

Ո՞ւմ ձեռք չի տալիս, որ Մանվել Գրիգորյանը խոսի․․․ Մարտի 1-ից

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին արդեն որերորդ անգամ ահազանգում է փաստաբանը։ Ունի մոտ երկու տասնյակ հիվանդություն՝ շաքարային դիաբետ, փտախտի և հաղթահարած ուռուցքային պրոցեսի վերսկսման վտանգ և այլն։ Բժիշկը հայտնում է, որ կյանքին իրական վտանգ է սպառնում բանտային սահմանափակ պայմաններում։ Սակայն շարունակում են պահել կալանքի տակ։

Ամենաուշագրավն այն է, որ կալանավորման հնգամսյա ժամանակահատվածում որևէ քննչական գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել։ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք չի տվել մինչ այժմ։ Մարդն ասում է՝ բռնե՞լ եք, ապացուցեք։ Իրավապահներն էլ, կարծես, բացի ապօրինի զենք-զինամթերքից, այլ գործ չեն կարողանում կցել։ Մեղադրանքը հենց ապօրինի զենքի մասով է և յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության։

Հայտնաբերած տուշոնկան հարցի զգացական կողմն է և ամենամութ մասը։

Հասկանալի է, որ Մանվել Գրիգորյանին ապօրինի զենքի մագնատ ներկայացնելով՝ նրա վերաբերյալ հանրության կարծրացած պատկերացումները չէին փոխվի, ոչ ոք չէր մտածում, թե նրա պահեստից դաշնամուր են հանելու։ Եվ ուրեմն, հանրության զգացմունքային լարերի վրա խաղալու համար պետք էր տուշոնկան։

Այդ պատմության մեջ, սակայն, չմտնենք։

Ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանը դեռ բանտում՝ առանց քնչական գործողության, ո՞վ է նրան ցանկանում հատուկ պահել փակի տակ, ո՞ւմ է պետք անշնչացած Մանվել Գրիգորյանը։

Ուզում ենք թեմային նայել մարտիմեկյան դեպքերի շուրջ «նոր հանգամանքների» համատեքստում։ Հատկանշական է նրա դերակատարումը մարտիմեկյան իրադարձություններում։

Մանվել Գրիգորյանը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից էր, սակայն՝ ոչ սովորական իմաստով։ Նա պարզապես քաղաքացի չէր, որը գնում էր Ազատության հրապարակ ու «Լե-վոն նա-խա-գահ» վանկարկում։ Մանվել Գրիգորյանը ՊՆ փոխնախարարն էր, որը պատրաստ էր իմ ամբողջ ունեցածով, այդ թվում՝ մարդուժ և տեխնիկա, աջակցել պարտված թեկնածուի «հաղթանակին»։ Սա փաստ է։

Չհաջողվեց՝ իրենից չկախված հանգամանքներով։

Հուլիսի 9-ին Yerevan.Today-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմում է, որ երբ ինքը 2008 թվականի փետրվարին Մոսկվայում մասնակցում էր ԱՊՀ գագաթնաժողովին, Երևանում իրավիճակի մասին տագնապալի լուրեր է զեկուցում ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը․ Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարում է իր նախագահության ու պետական մեքենայի կազմաքանդման սկիզբը: Իսկ գործընթացում ներգրավում էին «Երկրապահին»՝ «Մանվել, Մանվել» վանկարկումներով։ «Երկրապահ»-ում գտնվող բազմաթիվ բարձրաստիճան գործող զինվորականներ էլ քննարկում էին «Երկրապահ»-ի՝ հրապարակին միանալու հարցը։ Իսկ նրանց թվում պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էր և մեկ այլ փոխնախարար՝ Գագիկ Մելքոնյանը: Փաստորեն, բանակը ներքաշում էին հետընտրական քաղաքական գործընթացների մեջ, ինչը սահմանադրական կարգի համար վտանգավոր էր։

Ռոբերտ Քոչարյանը կիսատ է թողնում այցը և վերադառնում Երևան՝ փետրվարի 22-ին։ Հաջորդ օրը բանակի հրամկազմին հավաքում է և խոսում բանակի՝ քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին, բոլոր գործող և «Երկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներին էլ պահանջում է կողմնորոշվել՝ կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից:

«Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել»,- մեզ հետ զրույցում շարունակում է Ռոբերտ Քոչարյանը։

 

Իհարկե, ըստ լուրերի, Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ այդքան «մեղմ» չի ասել, թե՝ գնա տուն և սպասի ճակատագրին ․․․ Ինչևէ։

 

Մինչ այդ՝ փետրվարի 22-ին, կատարվեց մեկ այլ ուշագրավ դեպք։ ԱԺ պատգամավոր Մանվել Եղիազարյանն ընթերցեց այն 7 պատգամավորների անունները, որոնք միացել էին ՀԱԿ-ին (կարճաժամկետ)՝ ստորագրությամբ հաստատելով դա։ Նրանց թվում Մանվել Գրիգորյանի եղբորորդին էր՝ Հրանտ Գրիգորյանը։ Վերջինս նույն օրը հերքեց ու պահանջեց ստորագրության փորձաքննություն անցկացնել՝ հորեղբորը մեղադրելով իր ստորագրությունը կեղծելու և իր անունից ՀԱԿ-ին միանալու մեջ։ Այդ ժամանակից էլ ավելի խորացան երկուսի միջև վատ հարաբերությունները՝ դառնալով թշնամական, որը նույնկերպ պահպանվում է մինչ օրս։ Հրանտ Գրիգորյանն ասում էր․ «Հորոխպեր-մորոխպեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի․․․»։

 

Մանվել Գրիգորյանը պարզապես ներքաշված չէր գործընթացներում։ Ինչպես վարչապետ Փաշինյանն է սիրում կրկնել՝ «օդում կախված լուրերի համաձայն», իր «Երկրապահի» ջոկատով զինված սպասում էր վճռական գրոհի՝ «հանուն Տեր-Պետրոսյանի հաղթանակի», և նրան փորձել է կասեցնել այդ ժամանակ ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը։

ՊՆ՝ այդ ժամանակ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը բանակի՝ քաղաքականությանը ներքաշվելու հերթական ապացույցն էր, ում անունը ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կոչով այդ օրերին հաճախ էին վանկարկում Ազատության հրապարակում, 1in.am-ին 2018թ․ օգոստոսի 6-ին տված հարցազրույցում՝ ասում է․ «․․․Մանվել Գրիգորյանն էլ, էլի տղաներ կային, որոնք էլի մեր համախոհներն էին։ Հիմնականում մեր տղաներից հատուկ գունդը՝ համարյա 80 տոկոսը, կանգնած էր ժողովրդի կողքին․․․»։

Մանվել Գրիգորյանը, իհարկե, ենթարկվում է Ռոբերտ Քոչարյանի սաստումներին։ Իսկ ապրիլի 2-ին, արդեն, ազատվեց փոխնախարարի պաշտոնից։

 

2008թ․ մարտի 13-ին Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանի մասին ասում է․ «Գեներալ Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է: Ավելին, նրա կինը` Նազիկը, մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ: Եվ ես երբեք չեմ փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Եվ շատ-շատ ափսոսում եմ եւ ցավում եմ, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ՝ պետք է հանգամանքները պարզվեն, եւ խնդիրը պետք է լուծում ստանա»:

 

Հանգամանքները պարզվեցին, թե ոչ, չգիտենք, բայց խնդիրը լուծում ստացավ․ Մանվել Գրիգորյանն իշխանական ճամբարում դեգերեց, ու մշտապես վայելեց Սերժ Սարգսյանի իշխանության համակրանքը՝ մաս կազմելով նույն իշխանությանը։ Նրան ներվեց ամեն ինչ ․․․ Գուցե պատերազմում ունեցած վաստակի շնորհիվ ․․․

Նոր իշխանությունը Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունի, երևի թէ չի ներում մարտյան դեպքերի ժամանակ խոսք տվածը չանելու համար և նրան մղում է դեպի Հադեսի մութ թագավորություն, ասել է, թե՝ մահ։ Այն էլ հիմա՝ մարտի 1-ի բացահայտման այս կարևոր փուլում, երբ ՀՔԾ-ն հայտարարում է, թե ով ինչ տեղեկություններ ունի, եկեք-հաղորդեք։

 

Ինչո՞ւ է ենթադրյալ ամենակարևոր տեղեկությունների շահառուներից մեկին մեկուսացրել։

 

Ակնհայտորեն, Մանվել Գրիգորյանը շատ բան կունենա պատմելու, որ մինչ օրս չի արել, գոնե թող պատմի՝ ինչպե՞ս և որպես ո՞վ էր հանդիպում Տեր-Պետրոսյանին 2008թ․ փետրվարին, ի՞նչ էր խոսք տվել, որ չարեց։

Ենթադրում եմ որ այդքանից հետո քրեական գործը կգնար այլ հունով։

Պե՞տք է իրավական գնահատական տրվի այն մարդկանց, որոնք իրականում բանակը ներքաշում էին իրենց քաղաքական խաղերի մեջ՝ չմտածելով, որ դա էլ անխուսափելիորեն բերելու է քաղաքացիական ու նաև զինված բախումների՝ վերածվելով քաղաքացիական պատերազմի, որը իհակառակ իրենց կամքից կասեցվեց։

Եվ ուրեմն, ո՞ւմ ձեռք չի տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի համախոհը, մարտի 1-ին ենթադրաբար երկրապահի ջոկատով կուլիսներում, զենքով-զրահով կազմ-պատրաստ կանգնածը խոսի ․․․ Մարտի 1-ից ․․․ Ու՞մ անունները կտար, որ ձեռնատու չէ։ Ուստի և մեկուսացվել է ․․․

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ