Նիկոլ Փաշինյանը տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նրա հետ նաև սելֆի է արել ու գցել ֆեյսբուքյան պատին։ Դրանցում Փաշինյանն ու Մակրոնը ջերմ շփվում են։ Ընդհանրապես, Ֆրանսիայի նախագահները մշտապես հայ ժողովրդի լավագույն բարեկամների թվում են եղել, անկախ այդ երկրում և Հայաստանում պետության ղեկավարի անձից։ Այնպես որ, անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության պայմաններում Ֆրանսիան իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ չի փոխում։ Դեռևս ամեն բան նորմալ է։
Բայց խիստ զարմանալի է, երբ Փաշինյանն է Մակրոնի հետ շփվելիս ողջագուրվում։ Ավելի հասկանալի կլիներ, որ Փաշինյանը Ելիսեյան պալատում ելույթ ունենար ու մեղադրեր Մակրոնին Ֆրանսիայի սահմանադրական կարգը տապալելու մեջ, դեռ Սասուն Խաչատրյանին էլ կարող էր իր հետ տանել՝ «փաստարկված» մեղադրելու համար։ Ինչու՞:
Ի՞նչ է արել Մակրոնը․ կանխել է իր երկրում պետական հեղաշրջման փորձը, որն արվում էր «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ճանապարհով։ Արդյունքում զոհվեց 11 մարդ։ Ի՞նչ էին անում Ֆրանսիայում ցուցարարները․ նետում էին ձողեր, մոլոտովյան կոկտեյլներ, բախումներ էին սադրում, հրահրում։ Բողոքի ակցիաները արդեն մարում են, Մակրոնը ոստիկանության զորքերը հանեց փողոց, ճնշեց զանգվածային անկարգությունները։ Այսինքն, Մակրոնն արեց այն, ինչ կաներ պետականամետ ցանկացած ղեկավար՝ պետության ներքին անվտանգությունը պահպանելու համար։ Եթե թուլանար, նրան իրավունք կունենային դատել սահմանադրական կարգին սպառնցող վտանգը չչեզոքացնելու համար։
Այլ խոսքով, Մակրոնն արել է այն, ինչ արել է ՀՀ իշխանությունը 2008 թվականին, այն է՝ կանխել է պետական հեղաշրջման փորձը։
Ի՞նչ է անում Փաշինյանը՝ նկարվում է Մակրոնի հետ՝ լայն բացված ժպիտով՝ փաստացի համաձայնություն հայտնելով Մակրոնի որոշումներին։ Ուշագրավ է նաև այն, որ 2008-ին և դրանց հետո, Հայաստանում զանգվածային անկարգություն հրահրողներից ամենաակտիվը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել։
Մակրոնը պահել է պետությունը, պետությունը պահել էր և Ռոբերտ Քոչարյանը։ Տեսնես հանդիպման ընթացքում երբ Ֆրանսիայի նախագահն հարցնում է, թե ինչո՞ւ եք դատում և կալանքի տակ պահում ձեր նախկին նախագահին, ի՞նչ է պատասխանում Նիկոլը: Երևի էլի նույն տեքստերը՝ կոռուպցիա, համակարգային չգիտեմինչեր, թաթար-մոնղոլ․․․ Բայց դժվար թե ասի՝ որովհետև 2008-ին երբ ես փողոցային անկարգություններ էի հրահրում, թույլ չտվեց որպեսզի պետությունը քանդվի, արտակարգ ռեժիմ մտցրեց, բոլորին ուղարկեց տներով, հետո արժանիները գնացին բանտ, մի մասը, այդ թվում՝ ես, փախանք: Դժվար այս ամենը ասի, քանի որ պատասխանն էլ ակնհայտ է՝ Բայց դա պետության ղեկավարի պարտականությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը