Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլորից լավ և արդյունավետ է ապացուցում, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես ասած՝ «Մարտի 1-ի գործով» մեղադրանքը փուչիկ է, ջուր կամ ինչպես երկրորդ նախագահն ինքն էր բնորոշել՝ «իրավաբանական աղբ»:
Ինչպե՞ս է ապացուցում: Բանն այն է, որ գործող իշխանությունը տարված ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու իր «իդեա ֆիքսով», անում է նյարդային շարժումներ: Եվ քանի որ էմոցիաներն ու որոշ չափով նաև անձնական ատելությունը, մանրոգությունն են Փաշինյանի իշխանության շարժիչ ուժերը, սխալները հաջորդում են մեկը մյուսին:
Նախ և առաջ, եթե Նիկոլ Փաշինյանը և նրա համար «Մարտի 1-ի», ավելի ճիշտ՝ «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքով գործը քննած ՀՔԾ-ն ու այդ ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը վստահ լինեին, որ Ռոբերտ Քոչարյանին հիմնավորված, ապացուցելի մեղադրանք են ներկայացրել, ապա դրա վրա էլ կկենտրոնանային: Մինչդեռ նրանք, դեռ այս մի գործի բովանդակային մասի դատական քննությանը չհասած, ձեռքները փրփուրներին են գցում: Հիշում ենք դեռ անցած տարի որ գնացին ու գտան ոմն գործարար կին՝ Սիլվա Համբարձումյան անունով, որը իբրև թե կաշառքներ էր տվել նախագահներին, իսկ հետո, հետո դարձավ ծաղրի առարկա, երբ բոլորին պարզ դարձավ թե ինչ է կատարվում։ Եթե «սահմանադրական կարգի տապալման» գործով մեղադրանքը օդի տատանում չլիներ ու միմիայն Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու, նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու միջոց, ապա իշխանությունը կարիք չէր ունենա ադաթուրքասեր Սթիվեն Նյութոնի պես մեկին բերել որպիսզի «թարմացներ» Պողոս Պողոսյանի սպանության գործը՝ փորձելով Ռոբերտ Քոչարյանի դեմ ամեն գնով ինչ-որ ցուցմունքներ կորզել:
Եթե «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքի վրա իրենք համոզված լինեին, ապա պետություն հասկացությունը չէին նվաստացնի՝ բացեիբաց հասկացնելով ահաբեկիչ Նաիրի Հունանյանին, որ պատրաստ են նրա հետ գործարքի գնալ, եթե իրենց ցանկացած բաներն ասի: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը և նրա պատվերով գործեր «կարող» ծառայության ղեկավարը (հայտնի հեռախոսազրույց-գաղտնալսումը հիշեք) հրաշալի գիտեն, որ այս մի գործով մեղադրանքը ջրից ջուր է, դիմում են այնպիսի անձանց ծառայություններից օգտվելու անպատվաբեր քայլի, ինչպես ասենք՝ խմբակցությունից «թռած», ահաբեկիչ Հունանյանից խոսք տանող-բերող դեպուտատն է: Լրիվ պարզ ու տեսանելի է իշխանության հետապնդած հիմնական նպատակներից մեկը. Ամեն գնով Ռոբերտ Քոչարյանի վրա «նոր» մեղադրանքներ բարդել, այնպիսի մեղադրանքներ, որ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու ձևական հիմքերի պակասություն չունենան: Ընթացիկ դատավարության ժամանակ մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների հայտարարություններն էլ են բացեիբաց հուշում, որ նրանց հետ հենց այդ ուղղությամբ է մեղադրանքի կողմն աշխատում. Ամեն գնով խախտել մարդու անմեղության կանխավարկածը, ամեն գնով կրկնել Նիկոլ Փաշինյանի՝ տարիներով հնչեցրած պրոպագանդիստական կլիշեները, կաղապարները:
Ոչ թե որևէ գործ կամ մեղադրանք է քննվում ըստ էության, այլ պետական, քննչական մարմինների զգալի ռեսուրսներ ներգրավել են այն բանում, որ ամեն գնով հիմնավորեն ժուռնալիստություն արած ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ակնկալիքներն սպասարկող գրչակների հորինվածքներն ու շարադրությունները՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Նույն գծի մեջ են նաև Տեր-Պետրոսյանի ու նրան սիրողների ջանքերը՝ տարիներ շարունակ Քոչարյանի դեմ անձնավորված թշնամանքի տարածման ու արմատավորման իմաստով:
Ի՞նչ դատ, ի՞նչ դատավարություն: Իրենք հորինել են թշնամու կերպար, տարիներով, համարյա երկու տասնամյակ, ամեն օր աշխատել են այդ կաղապարները ամրագրելու, կարծրացնելու վրա: Հիմա էլ ձեռքներն իշխանություն է ընկել, իրենց հորինածն ուզում են ճիշտ հանեն և վերջապես հաշվեհարդար տեսնեն այն գործչի նկատմամբ, ում երկու-երեք նախադասությունից անգամ սարսափահար են լինում: Սարսափահար են լինում, որովհետև քանդվում է այն ինչի մասին իրենք անընդհատ խոսել են և ի վերջո՝ հավատացել իրենց հորինածներին։
Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ Նիկոլ Փաշինյանի քայլերը կատարվել ու կատարվում են ՀԱԿ ակտիվիստների, տերպետրոսյանականների ինտենսիվ ներգրավմամբ՝ լինի դա ասուլիսի անցկացման խոչընդոտում, թե Անդրանիկ Քոչարյանի նման մի անձնավորության ծառայություններին դիմելը: Ինչքան ՀՀՇ-ի «ժանգոտ բտռ» կար, գործի է լծվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Բայց պարզվեց Փաշինյանի իշխանությունը ավելի ցածր ընկնելու տեղ ուներ՝ դիմել ահաբեկիչ ու մարդասպան Հունանյանի օգնությանը, առնվազն հասկացնել, որ պատրաստ է նրա հետ գործարքի գնալ:
Դա ամենից ցցուն բնութագրիչն է, թե ինչ հակաբարոյականության կարգի անձեր են հիմա Հայաստանում եկել իշխանության:
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը