01 11 2019

Ճոռոմ հայտարարություններ անող Փաշինյանը տեղյակ չէ՞ր այս թվի մասին

Ճոռոմ հայտարարություններ անող Փաշինյանը տեղյակ չէ՞ր այս թվի մասին

Գուցե վաղը վիճակագրական կոմիտեն ցույց տա, որ Հայաստանի բնակչությանը 2019 թ․-ին աննախադեպ աճել է, իսկ ներգաղթը գերազանցել է արտագաղթին և այդ մասին հպարտորեն հայտարարի վերոնշյալ ցուցանիշների «ապահովման» հրահանգը տված Նիկոլ Փաշինյանը իր հերթական 100 փաստի մեջ։ Առավել ևս, որ ներգաղթ-արտագաղթ ցուցանիշների հետ կապված նման հայտարարություններ արվել են՝ հիմք ընդունելով Հայաստան մտնող և դուրս եկողների ընդհանուր տվյալները, այլ ոչ թե միայն ՀՀ քաղաքացիների ելումուտը։ Սակայն քանի դեռ վիճկոմն այս մասով դեռ չի հասցրել «մշակել» և Նիկոլ Փաշինյանի ցանկությանը համապատասխանեցնել տվյալները, ներկայացնենք վերջին տարիների մի քանի ուշագրավ տեղեկություններ ՀՀ բնակչության մասին, որոնք հրապարակվել են վիճակագրական կոմիտեի կողմից։

Այսպիսով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019 թ․-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965 հազար մարդ։ 2018 թ․-ին այն նվազել է ավելի քան 7 հազար մարդով։ Հենց այս ցուցանիշն անտեսելով էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, թե «հեղափոխությունից» հետո իբր ներգաղթը գերազանցել է արտագաղթին։ Իրականությունը, ինչպես տեսնում ենք, տրամագծորեն հակառակն է։

Քաղաքային բնակչությունը ավելի քիչ է նվազել, քան գյուղականը։ 2019 թ․-ի հունվարին 2018 թ․-ի հունվարի համեմատ քաղաքային բնակչության թիվն ընդամենը 900-ով է պակասել և կազմել մոտ 1 մլն 894 հազար մարդ։ Ընդ որում, Երևան քաղաքի բնակչությունը ոչ միայն չի նվազել մեկ տարվա ընթացքում, այլև աճել է՝ մոտ 4200-ով կազմելով մոտ 1 մլն 81 հազար մարդ։ Քաղաքներից ամենաշատը նվազել է Գյումրիի բնակչությունը՝ մոտ 1000-ով և կազմել 113,5 հազար մարդ։ «Նոր Հայաստանի Գյումրիի» մասին ճոռոմ հայտարարություններ անող Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ր այս թվի մասին, թե հերթական անգամ գործ ունենք «վարչապետին ճիշտ չեն զեկուցում» զավեշտալի արդարացման հետ։ 

Գյուղական բնակչությունը նվազել է 6,5 հազարով և կազմել մոտ 1 մլն 70 հազար։ Ամենից շատ վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերի գյուղական բնակչության թիվը, իսկ ահա Լոռու մարզի գյուղական բնակչությունն անգամ աճել է։

Այժմ մեկ այլ ցուցանիշի մասին, որը ևս ընդգրկվել էր Նիկոլ Փաշինյանի 100 փաստի մեջ՝  համընդհանուր ծիծաղի առարկա դառնալով։ Խոսքը ամուսնությունների և ամուսնալուծությունների ցուցանիշների մասին է։ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իր կառավարման շրջանում առաջինների թիվն աճել է, իսկ երկրորդներինը՝ նվազում։ Ի՞նչ կապ ունեին այդ ցուցանիշները կառավարության գործունեության հետ, նա բնականաբար չասեց։ Սակայն, արժանահիշատակն այն է, որ անգամ այս ցուցանիշը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը կեղծում էր։ Բանն այն է, որ 2018 թ․-ի ընթացքում ամուսնությունները Հայաստանում ոչ թե ավելացել են, այլ նվազել՝ 2017 թ․-ի 15214-ի փոխարեն կազմելով 14822։ Ամուսնալուծություններն էլ թեև նվազել են 120-ով և կազմել 3820, բայց այս թիվը դարձյալ ավելի մեծ է, քան նախորդող տարիների՝ 2016 կամ 2015 թվականներին արձանագրված ամուսնալուծությունները։  Այնպես որ, կարիք չկա որպես նվաճում ներկայացնել ցուցանիշ, որի հետ առնչություն չունես և որը ոչ թե հպարտանալու, այլ ափսոսանք հայտնելու ցուցանիշ է։

Բնակչության տարիքային կազմը ևս լավատեսության հիմքեր չի տալիս։ ՀՀ բնակչության «ծերացումը» շարունակվում է՝  65 և ավելի տարիքի բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 0,3 տոկսով և կազմել 353 հազար։ 0-14 տարեկանների թիվն անփոփոխ է մնացել, 15-64 տարեկաններինը ավելացել մոտ 1,5 տոկսով։ Մեկ այլ ցուցանիշ, որը բնութագրում է աշխատունակ տարիքի և դրանից բարձր ու ցածր տարիքի խմբում գտնվողների թվերը, ցույց է տալիս, որ աշխատունակ տարիքի անձանց թիվը նվազել է 0,4 տոկոսով, դրանից բարձր տարիքինը՝ նույնքան աճել, իսկ դրանից ցածր տարիքինը աճել 0,2 տոկոսով։

Սեռային կազմն էլ հետևյալն է՝ կանանց թիվը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 1 մլն 563 հազար է, տղամարդկանցը՝ 1 մլն 401 հազար։ Այստեղ կտրուկ տատանումներ կան կախված տարիքից։  Օրինակ՝ եթե 0-19 տարեկան աղջիկների թիվն էապես զիջում է տղաների թվին (ամենայն հավանականությամբ բացասական դերն է ունեցել սելեկտիվ աբորտների ցավալի երևույթը), 20-24 տարեկանների դեպքում այդ ցուցանիշը գրեթե հավասարվում է, իսկ ահա 25-39 տարեկանների դեպքում տղամարդկանց թիվն է կտրուկ զիջում կանանց և աղջիկների թվին (այստեղ էլ աշխատանքային միգրացիան է իր բացասական դերն ունենում)։ Նման վիճակագրությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Սակայն, ինչպես այս, այնպես էլ ժողովրդագրական մյուս տագնապալի ցուցանիշները հազիվ թե մտահոգեն իշխանական վայելքներին տրված մարդուն և նրա կազմած իշխանությանը։ Ի վերջո, ամեն ինչ կարելի է գցել 2050 թվականի վրա։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ