04 10 2019

Իրո՞ք մտածում եք, թե հանրության թիվ մեկ խնդիրը ՍԴ նախագահի հարցն է

Իրո՞ք մտածում եք, թե հանրության թիվ մեկ խնդիրը ՍԴ նախագահի հարցն է

Սա արդեն որերորդ դեպքն է, երբ իշխանությունն իր համար արհեստականորեն քաղաքական օրակարգ է սարքում և դա ներկայացնում որպես ժողովրդի պահանջ։ Տրամաբանությունն այն է, որ իրենց ժողովուրդը ձայն է տվել, ուրեմն իրենց բարձրացրած հարցերը ժողովրդի հարցն է։ ԱԺ ամբիոնից պատգամավոր Պապոյանը հարցնում է՝ եթե դեմ քվեարկի կամ չքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը, վաղն իր 10 հարևաններից 9-ին ի՞նչ պատասխանի, իրեն հարցեր կտան։

Չէ դուք իրո՞ք հավատում եք, որ Հայաստանի 10 քաղաքացուց 9-ը մտածում է Սահմանադրական դատարանի նախագահի ու նրա քավոր-սանիկական կապերի մասին։ Մի՞թե այդքան հեռու եք հանրության խնդիրները գիտակցելուց։ Այսօր ՀՀ քաղաքացին մտածում է այն մասին, թե ձմեռը ոնց անցկացնի, որովհետև արդեն մոտենում է, և նա չունի վառելիք։ Չունի նաև ուտելիք, որովհետև գյուղատնտեսության անկումը մոտենում է երկնիշ թվի, ու դեռ պետք է ձմեռ անցկացնել։ Մեկ անգամ դուրս եկաք փողոց, որից հետո բարձրաստիճան սենյակներ ձեզ տրվեցին, ու այնտեղից դուրս չեք գալիս։ Դուրս եկեք փողոց ու հարցրեք մարդկանց, թե ՍԴ նախագահի հրաժարականի հարցը ո՞րերորդ տեղում է նրանց խնդիրների մեջ, անգամ՝ ո՞րերորդ տասնյակում է, անգամ՝ տեղյա՞կ են որ այդպիսի խնդիր կա։ Ձեր քաղաքական նպատակները մի՛ սարքեք ժողովրդի հարց։ Դա անընդունելի է, անտանելի ու աններելի։ Այդպես դուք ժողովրդի իրական խնդիրները քողարկում եք։

Իսկ եթե 10 հարևան ունեք ձեզ որպես պատգամավոր ճանաչող, ու նրանք էլ հարց ունեն, ավելի շուտ կհարցնեն՝ էն որ ասում էիք գազի գինը իջնելու է, բա ինչի՞ է թանկանում, էն որ ասում էիք՝ կարմիր գծերն ու արագաչափերը պիտի վերացվեն, բա ինչի՞ է մնում, էն որ ասում էիք՝ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանա, ինչո՞ւ է պարտադիր դարձել բոլորի համար, հը՞, պարո՛ն պատգամավոր։ Այսպիսի լիքը հարցեր կտան ձեզ։ Իսկ Թովմասյանի հարցը հաստատ չեն տա, որովհետև ոչ մեկին հետաքրքիր չէ ՍԴ նախագահի հարցը, բացի ձեր իշխանությունից։

Պատեհ-անպատեհ առիթներով մի՛ խոսեք ժողովրդի անունից ու մի՛ նշեք, թե դուք տարել եք ժողովրդի բացարձակ ձայները։ Հիշեցնեմ, որ ընտրություններին մասնակցել է բնակչության ընդամենը կեսը, և դուք տարել եք դրա 70 տոկոս ձայնը, այն էլ՝ ժողովրդին ստեր ասելով, մոլորության մեջ գցելով։ Իսկ դա ժողովրդի անունից խոսելու հիմք չէ։ Ընդհակառակը։ Առավել ևս հիմա, երբ ազգային ժողովի պատկերը չի արտացոլում հանրության այսօրվա իրական տրամադրությունները, Արփինե Հովհաննիսյանի դեպքը՝ օրինակ։

Այս կուրանալն է, այս հղփանալն է, 30 տարին չբոլորած պատգամավորի՝ իր տարիքից ավելի շատ մասնագիտական ստաժ ունեցող պրոֆեսիոնալին «շնորհ անելը», ճերմակած բեղավորի՝ իր զավակի տարիքի մարդուն վիրավորելն է, որ ձեզ հեռացրել է ժողովրդից։ Դուք այլևս կտրվել եք հանրությունից, համարում եք, որ կարելի է տրված խոստումները չանել, մեկ է՝ ընտրել են արդեն, չեք ուզում տեսնել, թե ձեր մասին իրականում ինչ է մտածում, հանրությունը, հասարակությունը, ժողովո՜ւրդը․․․ Դա, կարծում եմ, բոլորիդ շատ հասկանալի պատկեր է ու դա հիմքն է հեռանալու։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ