27 09 2019

Որտե՞ղ կարելի էր ուղղել Փաշինյանի ամերիկյան թանկարժեք այցի միլիոնները

Որտե՞ղ կարելի էր ուղղել Փաշինյանի ամերիկյան թանկարժեք այցի միլիոնները

Այսպիսով, ավարտվեց Նիկոլ Փաշինյանի «աշխատանքային» կոչված այցը ԱՄՆ։ Վարչապետի խոսնակը հաստատեց չարտերային թռիչքի՝ մամուլում հրապարակած արժեքը, համաձայն որի՝ ՀՀ պետական բյուջեից, այսինքն՝ մեր վճարած հարկերից միայն թռիչքի համար վճարվել է 165 մլն դրամ (մոտ 350 հազար դոլար)։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այցի համար վարձակալվել էր հատուկ ինքնաթիռ՝ Gulfstream G550, որի վարձակալության մեկ ժամը 7000-10 000 եվրոյի սահմաններում է։ Շեշտում ենք սա միայն թռիչքի արժեքն է, այլ ոչ թե ամբողջ այցի։

Հատուկ հիշեցնենք «դուխով» քաղաքացիներին, թե նախորդ տարի փառաբանությունների ինչ հեղեղ էին կազմակերպել ԱՄՆ թռիչքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի էկոնոմ դասում գտնվող նկարի առնչությամբ։ Չարտերային ներկա թանկ չվերթի վերաբերյալ նրանք հիմա պապանձվել են։ Որոշներն ասում են՝ «մեր փողերով է թռնում, լավ է անում»՝ առանց հասկանալու, որ ՀՀ բնակչությունը միայն իրենք չեն, հարկատուները միայն իրենք չեն, եթե չասենք, որ նման մեկնաբանություններ անողներից շատերն այլ երկրներում բնակվողներ ստատուս գրողներն են։ Ոչ մի վարչապետ իրավունք չունի սեփական քաղաքական քարոզարշավի համար օգտագործել պետական բյուջեի միջոցները։ Այն, որ Լոս Անջելոսում մի քանի հազարանոց հանրահավաք անելը պետական միջոցառում չէ, և Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական օրակարգն է, կասկած չկա։ Հետևաբար, սա ոչ այլ ինչ է, քան «հպարտ քաղաքացիների» բնորոշած «բյուջեի թալան»։

Սակայն վերոնշյալ 165 մլն դրամը 35 հոգիանոց պատվիրակության ԱՄՆ այցելության ամբողջ գումարը չէ։ Կառավարության որոշմամբ, բյուջեից կառավարության անդամենրի արտասահմանյան գործուղումների համար լրացուցիչ հատկացվել է 250 մլն դրամ։ Կարելի է ենթադրել, որ հենց այսքան է արժեցել Նիկոլ Փաշինյանի «հանրահավաքային» այցը ԱՄՆ։ Նախորդ «թալանչի» իշխանություններին հիշատակել սիրողներին տեղեկացնենք, որ հատուկ չարտերային չվերթով նախկինում Հայաստանի ոչ մի ղեկավար ԱՄՆ չի մեկնել, առավել ևս՝ 35 հոգիանոց պատվիրակությունով, առավել ևս՝ հանրահավաք անելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու կամ պաշտոնական այցերի համար նախկին նախագահները որպես կանոն նախագահական ինքնաթիռով թռչում էին դեպի Եվրոպա, ապա՝ Ատլանտյան օվկիանոսը հատող ինքնաթիռներով՝ ԱՄՆ։ Անգամ բիզնես կարգով թռչելու դեպքում ծախսը մի քանի անգամ ավելի քիչ էր լինում։

Հիմա ներկայացնենք, թե ի՞նչ կոնկրետ սոցիալական ծախսեր կարելի էր անել վերոնշյալ 250 մլն դրամով կամ մոտ 500 հազար դոլարով։

Այդ գումարով աղետի գոտում բնակարնների գնման ծրագրով առնվազն 25-30 ընտանիքի համար բնակարան կարելի էր գնել։ Նույնը կարելի էր անել Ադրբեջանից բռնագաղթած և մինչ այժմ հանրակացարաններում 18 քմ տարածքում բնակվող ընտանիքների համար, որոնց բոլորը մոռացել են կամ 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող և ամեն պահի շենքի փլուզման վտանգով ապրող ընտանիքների համար։ Կամ՝ 5-ական միլիոն դրամ փոխհատուցում տրամադրել մի քանի օր առաջ կառավարության շենքի առջև բողոքող՝ իրենց որդիներին զինծառայության ընթացքում կորցրած ընտանիքներից առավել կարիքավոր 50 ընտանիքներին։ Կամ՝ սոցիալապես անապահով վիճակում գտնվող բազմազավակ ընտտանիքների համար ծրագիր իրականացնել՝ ձեռք բերելով և նրանց տրամադրելով կենսական անհրաժեշտություն հանդիսացող կենցաղային տեխնիկա, կահույք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Սակայն, այս ամենը հավանաբար կարևոր չեն «թավշյա» վարչապետի կոմֆորտի և օվկիանոսից այն կողմ գտնվող «դուխովների» հետ հանդիպման հետ համեմատած։

Ի դեպ, սեպտեմբերի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Սինգապուրն այն երկիրն է, որին նմանվելու մասին ելույթներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս էլ Սինգապուր այցի ժամանակ Փաշինյանը խոսում էր օրինակ վերցնելու, փորձի փոխանակման ու չգիտես ինչերի մասին։ Սինգապուրն աշխարհի ամենազարգացած երկրների շարքում է, բայց պարզվում է, որ այդ երկրի ղեկավարը Հայաստան այցի համար որոշել է Նիկոլ Փաշինյանից օրինակ չվերցնել։ Նա Հայաստան է այցելելու Air Fance-ի կանոնավոր չվերթով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ