Կենտրոնական բանկն, արդեն սովորական դարձած ուշացումով հրապարակեց հունիս ամսվա ընթացքում արտերկրից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների ցուցանիշը։ Հիմնականը, որ պետք է ասել այդ ցուցանիշի մասին այն է, որ Հայաստանից դուրս դրամական փոխանցումների արտահոսքը շարունակում է աճել։ Այժմ ավելի մանրամասն։
Այսպիսով, հունիս ամսին արտերկրում բնակվող և աշխատող մեր հայրենակիցների կողմից Հայաստանում ապրող իրենց հարազատներին հունիս ամսին ուղարկվել է մոտ 162 մլն դոլար։ Դա թեեւ մոտ 7 մլն դոլարով պակաս է նախորդ՝ մայիս ամսին Հայաստան ուղարկված գումարից, բայց բարձր է այս տարվա մյուս ամիսների համեմատ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին այս ճանապարհով Հայաստան է մտել մոտ 866 մլն դոլար։ Անցյալ տարվա առաջին կեսին այդ ցուցանիշը 787 մլն դոլար էր։ Ստացվում է, որ այս տարի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն ավելացել են մոտ 79 մլն դոլարով։ Այժմ հակառակ ցուցանիշի՝ Հայաստանից արտերկիր կատարվող փոխանցումների մասին։
Հունիս ամսին Հայաստանից արտերկիր փոխանցվել է ավելի քան 126 մլն դոլար, որն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է, ինչը վկայում է, որ ֆինանսական արտահոսքը Հայաստանից աճում է։ Տարվա վեց ամիսների արդյունքում Հայաստանից արտերկիր է փոխանցվել 636 մլն դոլար։ Անցած տարի այս ցուցանիշը 535 մլն դոլար էր՝ կամ 101 մլն դոլարով ավելի քիչ։ Սա էլ վկայում է, որ Հայաստանից գումարների արտահոսքն ավելացել է նաեւ կես տարվա արդյունքով՝ 79 մլն դոլար ավելացած ներհոսքի դիմաց 101 մլն դոլար ավելացած արտահոսք։
Այժմ զուտ ներհոսքի՝ արտերկրից Հայաստան փոխանցվող եւ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների տարբերության մասին։ Հունիս ամսին զուտ ներհոսքը կազմել է 35 մլն դոլար նախորդ ասվա համեմատ նվազելով մոտ 20 մլն դոլարով։ Սակայն անցած տարվա հունիսին զուտ ներհոսքը 88 մլն դոլար էր։
2019 թ․-ի առաջին կիսամյակում Հայաստան մտնող գումարի զուտ ներհոսքը կազմել է 230 մլն դոլար։ 2018 թ․-ի առաջին կիսամյակում զուտ ներհոսքը կազմել էր 252 մլն դոլար։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է այս տարվա զուտ ներհոսք ավելի լինել եթե արտահոսքն աճում է։ Պատասխանը պարզ է՝ ավելի բարձր տեմպով ավելանում են դեպի Հայաստան փոխանցվող գումարները։
Ինչ մնում է արտահոսքն իբր ավտոմեքենաների ներմուծմամբ պայմանավորելը, ինչի մասին Կենտրոնական բանկից պարզաբանում է եղել, ապա դա այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ Հայաստան ավտոմեքենաներ հիմնականում ներմուծվում են Ճապոնիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից, իսկ ահա ավելանում է ոչ Հայաստանից դեպի այդ երկրներ, այլ դեպի Ռուսաստան գումարների արտահոսքը։ Այսինքն, կառավարությանը «փրկելու» ԿԲ այս ջանքը անիմաստ է և չաշխատող։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը