Պարտադրված պատերազմում տարած հաղթանակը վերջին տասնամյակներում հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է, համադրելի անկախ պետականության վերականգնման հետ: Դա, անկախ այն բանից, թե որոշները ինչպիսի վերաբերմունք ունեն Շուշիի ազատագրմանը կամ Արցախի ազատամարտում տարած հաղթանակին, ինչպես են փորձում իշխանության հասնելու իրենց խմբակային առաջխաղացումը կարևորել՝ համեմատելով այդ հաղթանակի հետ: Այս կամ այն ուժի իշխանության գալ-գնալը անցողիկ մի բան է, մինչդեռ Արցախի ազատամարտում տարած հաղթանակը արդեն պատմության մեջ արձանագրված նվաճում ու իրողություն:
Այժմ, երբ պատրաստվում ենք տոնել Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը, լավ առիթ է հետադարձ հայացք նետել 1992-94 թվականների պատերազմական վիճակին: Ինչպե՞ս հնարավոր դարձավ Արցախի հաղթանակը, ի՞նչ կառույցներ ու մոտեցումներ վճռական դեր խաղացին այդ գործում: Դա ավելի շուտ պատմագիտական ամփոփ աշխատության թեմա է, հետևաբար ընդհանուրից այս անգամ կառանձնացնեինք ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի ձևավորման ֆունկցիոնալ կարևորությունն ու այդ կառույցի էական նշանակությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինքնիշխանության հռչակման պահին ու դրանից հետո, մի որոշ շրջան, կառավարման մոդելով խորհրդարանական հանրապետություն էր: Բայց պատերազմը իր ճշգրտումներն ու պահանջներն ուներ, առավել ևս՝ պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրամասի կառավարումը: Զինված ընդհարումներ, մարտական ու պաշտպանական գործողություններ ըստ էության տեղի են ունեցել Արցախյան շարժման առաջին իսկ օրերից, ինտենսիվացել՝ 1990-91 թվականներին, իսկ Արցախի անկախության հռչակումից հետո, հատկապես՝ 1992-ից սկսած, այդ ամենը վերաճել է լայնածավալ պատերազմի, ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ռազմական ագրեսիայի:
Նման պայմաններում պահանջվում էր հստակ, ռազմականացված և ուղղաձիգ ղեկավարման համակարգ, որոշումների ընդունման ու իրագործման համապատասխան կառույցով: Եվ պատմությունն ու դեպքերի ընթացքը ցույց տվեցին, որ այդ իմաստով վճռորոշ քայլ էր նախ՝ 1992-ի մարտին Ինքնապաշտպանության պետական կոմիտեի (ԻՊԿ) ձևավորումը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ արդեն նույն թվականի օգոստոսին, չափազանց ծանր, առանց չափազանցության՝ աղետալի պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը և դե ֆակտո՝ իշխանության լիազորությունների փոխանցումը այդ կոմիտեին: ՊՊԿ կոմիտեի նախագահի պաշտոնը վստահվեց Ռոբերտ Քոչարյանին: Բայց դա պաշտոն չէր, այլ՝ փորձություն, որովհետև կոնկրետ տվյալ իրավիճակում պատկերն այնպիսին էր, որ կարող էր դա ընկալվել որպես ձախողումների համար հնարավոր մեղավորի նշանակում: Մայիսյան հաջողություններին հաջորդել էին իրարահաջորդ տապալումներն ու տարածքային կորուստները: Հենց ՊՊԿ-ի ստեղծումը ու հենց Ռոբերտ Քոչարյանի նման վճռական և կամային գործչին պատասխանատվությունը վստահելը դարձան առանցքային գործոններ՝ հաջորդած կայունացման, ապա և հաջողությունների հասնելու համար:
Պաշտպանության պետական կոմիտեն, փաստացի, պատերազմական ժամանակների օրենքներով, կարողացավ գործել հստակ ու արդյունավետ, լիարժեք արդարացնելով սպասելիքներն ու իրականացնելով այն նպատակները, ինչի համար ձևավորվել էր:
Պատերազմը պահանջում է արագ, վճռական, գործողություններ, վերից՝ վար հրահանգների, կարգադրությունների ու հրամանների արագ ու հստակ կատարում, երկաթյա կարգապահություն և էլի՝ կարգապահություն: Կյանքն ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այն գործիչն է, որը ոչ միայն կազմակերպչական ունակություններ ու ձիրք ունի, այլև ժամանակի հետ ավելացող հեղինակություն, արագ կողմնորոշվելու և որքան վճռական, նույնքան էլ՝ հաշվենկատ ու սառնասիրտ գործելու ղեկավարի ու առաջնորդի ակնհայտ որակներ:
Երբ խոսվում է պատերազմից, շատերը միայն մարտադաշտն են պատկերացնում ու անմիջապես մարտական գործողությունները, ինչը բնական ընկալում է: Բայց պատերազմը նաև իրավիճակին ամբողջությամբ տիրապետելն է, մարտական ստորաբաժանումներին ռազմամթերքով, դեղորայքով, սնունդով, վառելիքով ապահովելը, թիկունքի կյանքը կազմակերպելը, տնտեսության հնարավորությունները լիարժեք ու արդյունավետ օգտագործելն ու հաղթանակին և պաշտպանության գործին ծառայեցնելը, վիրավորների բուժումն ու տեղափոխությունը, տեղահանված քաղաքացիների կենսապայմաններն ապահովելը, նույնիսկ պատերազմական վիճակում՝ կրթական ու մշակութային օջախների գործունեությունը և տասնյակ չնշված գործեր: Ահա այդ՝ թվարկված ու չնշված գործերն է, որ իր գոյության և գործունեության ընթացքում Արցախի Պաշտպանության պետական կոմիտեն կատարել է տվյալ պայմաններում եղած հավանականը գերազանցող արդյունավետությամբ, հստակությամբ ու որակով: Որպես արդյունք կարելի է ընդգծել այն, որ Արցախի հայությունը, արդեն պատերազմից հետո, ՊՊԿ լիազորությունների ավարտից հետո, նախագահական ընտրություններում վստահության մեծ քվե տվեց հենց Ռոբերտ Քոչարյանին՝ ընտրելով Արցախի առաջին նախագահ:
ՊՊԿ-ի գործունեության, ընդհանրապես Արցախի ղեկավարության ևս մի մոտեցման մասին էլ պետք է հատուկ ընդգծել: Սկսած ՊՊԿ նախագահից ու վերջացրած նկատելի այլ ղեկավարներով ու զինվորական հրամանատարության արցախցի ներկայացուցիչներով, պատերազմի զրկանքներն ու դժվարությունները միասին են տարել՝ մեծից փոքր, ընտանիքներով: Լինի հարազատի կորուստ, թե թշնամու ռմբակոծության ավերիչ հետևանք: Հայտնի, բայց հազվադեպ հիշատակվող ու բարձրաձայնվող փաստ է, որ Արցախի ղեկավարների կանայք, երեխաներն ու ընտանիքի անդամները ապահովության համար չեն տեղափոխվել կամ էվակուացվել Երևան, այլ մնացել են Ստեփանակերտում, բոլորի հետ, թշնամական արկերի, հրթիռների ու ռումբերի տակ: Դա, առանց ավելորդ խոսքերի, այնպիսի միասնականություն և բարոյահոգեբանական համարժեք մթնոլորտ է ապահովել, որին չի կարող հասնել նույնիսկ ամենապերճախոս որևէ ճարտասան:
Դատարկախոսությամբ ու զազրախոսությամբ առաջնորդվողները, միայն ուրիշներին փնովողներն ու վախկոտները դա չեն կարող հասկանալ: Եվ պետք էլ չէ, որ նրանք դա հասկանան: Ու դա նույնիսկ կարևոր չէ: Կարևորը հաղթանակն է, կարևորը այդ հաղթանակը գործով ապահովողներն են, կարևորը պատմական ու քաղաքական ձեռքբերումներն են, ու այն, որ շուտով տոնելու ենք Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը՝ շարունակելով ընթացքը դեպի հաջորդ տարեդարձեր: Շարունակելու ենք՝ հանուն մեր զավակների ու մեր երկրին տեր կանգնելու: Իսկ զանազան դասալիքներն ու հերոս մարդկանց հասցեին բերանները շաղ տվողները, իրենց թշնամաբարո պահող անարժաններն էլ թող նայեն ու նախանձից, իրենց ներսի չարությունից կապտեն: Այդ անարժաններին թվում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով, զրկել են ազատությունից: Նրանք անկարող են հասկանալ, որ իրենք դրսում եղած ժամանակ շատ ավելի կալանավորված են, քան պատանդ պահվող Արցախի հերոսը:
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը