27 08 2019

Տնտեսական ակտիվության առեղծվածները շարունակվում են

Տնտեսական ակտիվության առեղծվածները շարունակվում են

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս։ Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ հրապարակվեց հունվա-հունիսի ցուցանիշը աճը 6,5 տոկոս էր,իսկ մինչ այդ աճի «չեմպիոն» լինելով էինք հպարտանում՝ հակառակ իրականության պարագայում։

Նախ պարզաբանենք, թե ինչպես է պատահում, որ տնտեսական ակտիվությունը այսպիսի վայրիվերումների մեջ է հայտնվում։ Բանն այն է, որ գյուղատնտեսության ցուցանիշը ներկայացվում է ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ։ Երբ այն ներկայացվում է, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընկնում է, քանի որ քանի որ գյուղատնտեսությունում լուրջ անկում է եւ դա ազդում է ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։ Օրինակ՝ կես տարվա արդյունքներով գյուղատնտեսությունում անկումը կազմել է 7,4 տոկոս։

Հիշեցնենք, որ գյուղատնտեսությունում աղետալի անկումը սկսվել էր անցյալ տարի ամռանը, երբ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց լրացուցիչ ջրառ կատարել Սեւանից, իսկ սեպտեմբերին, երբ ոռոգման ջուրը այդուհանդերձ թաց թողնվեց լճից, բերքի եւ մշակաբույսների մի զգալի մասն արդեն ոչնչացել էին շոգից։ Միչնչ այդ գյուղատնտեսությունում նախորդ մեկ-երկու տարվա անկումից հետո աճ էր սկսվել։ «Թավշյա» իշխանությունը տապալեց այդ աճը, իսկ անկումն այնքան նկատելի է, որ անգամ վիճակագրական կոմիտեն չի կարողանում այստեղ «ինչ-որ բան մտածել»։

Այժմ յոթ ամիսների ցուցանիշի մեջ երբ չկա գյուղատնտեսությունը, կիսամյակի համեմատ աճը ավելացել է չնչին եւ չի հասել երկու ամիս առաջ գովերգվող 7 տոկոսի միջակայքին։ Այսինքն, տնտեսությունում ըստ էության աշխուժություն գոյություն չունի, ամեն ինչ ընթանում է իներցիոն հունով։

Առաջվա պես ամենամեծ աճը շարունակվում է արձանագրվել արժեք չստեղծող ծառայությունների ոլորտում՝ 15,2 տոկոս։ Ի դեպ, անգամ այստեղ աճի տեմպի նվազում կա մեկ ամիս առաջվա համեմատ։ Նշենք, որ այս աճի հիմնական շարժիչ ուժը բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքներն են, որոնք ոչ մի դրական բան չեն փոխում բնակչության կյանքում, դեռ մի բան էլ խոշոր գումարներ են տանում նրանից։

Շինարարության մեջ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումը» չկա, այլ աճի տեմպը շարունակաբար նվազում է։ Հունվար-հուլիսի տվյալներով այն 4,5 տոկոս է, մեկ ամիս առաջվա համեմատ նվազելով 0,2 տոկոսով։

Առեւտրում աճը կազմել է 8,9 տոկոս։ Ի՞նչն է հետաքրքրական։ Երբ արդյունաբերությունն ու ներմուծումը նվազում էին, առետրում աճը երկնիշ էր, հիմա երբ դրանք աճում են՝ առեւտրի աճի տեմպը նվազում է։ Ինչպե՞ս կարող է ավելի քիչ ապրանք արտադրելիս կամ ներմուծելիս ավելի շատ ապրանք վաճառվի, իսկ երբ ավելի շատ է սկսվում արտադրվել ու ներմուծվել՝ վաճառքի ծավալները նվազեն։ Պատճառը նույնն է՝ պարբերաբար այս կամ այն ճյուղում պետք է ավելի բարձր ցուցանիշ ցույց տալ, կոմպենսացնելու համար մյուս ճյուղերում անկումը կամ նվազումը։ Հաջորդ անգամ աճի «լոկոմոտիվի» դերը վիճկոմի կողմից վերապահվում է մեկ այլ ճյուղի։ Այս պահին այդ դերը վերապահվել է արդյունաբերությանը։

Արդյունաբերությունում աճի ցուցանիշը 8,4 տոկոս է, քանի որ մյուս ճյուղերում պատկերված աճը տարակուսանք է առաջացնում իրականության հետ շփվող մարդկանց մոտ։ Ինչ մնում է արդյունաբերությանը, ապա այստեղ եւս աճը հարցականներ է առաջացնում։ Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ նվազում է էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի ցուցանիշը պետք է որ զուգահեռ ընթանար արդյունաբերության հետ։ Ի դեպ, արտահանումն այս անգամ աճել է՝ մոտ 3 տոկոսով։ Ամենայն հավանականությամբ, դրա մեջ սկսվել են հաշվառվել նաեւ Հայաստան ներմուծվող, ապա արտահանվող ավտոմեքենաները երրորդ երկրներից։ Սակայն, դա էլ ներկայիս կառավարության հետ կապ չունի։ Նման ժամանակավոր արտոնություն ԵԱՏՄ մտնելիս Հայաստանը ձեռք էր բերել նախորդ իշխանության ժամանակ։ Դրան առանձին կանդրադառնանք։ Առայժմ նշենք, որ թե ներմուծման, թե արտահանման փոքիկ աճը տեղի է ունենում հիմնականում ավոմեքենաների շնորհիվ։

Եթե փորձենք ընդհանրական պատկեր տալ ներկայիս կացությանը, ապա ներդրումների նվազման, տնտեսության մեջ լճացման պատկերի ֆոնին, միակ աշխուժությունը ներկա պահին բերում են ավտոմեքենաներ ներմուծողներն ու բուքմեյքերական գրասենյակները։ Եկող տարի առաջին գործոնը այլեւս չի լինի, իսկ երկրորդի նշանակության մասին արդեն նշեցինք։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ