08 08 2019

Պետականամետ մտածելակերպն ընդդեմ ափեափ պոպուլիզմի

Պետականամետ մտածելակերպն ընդդեմ ափեափ պոպուլիզմի

Մասսաները հեշտ են տրվում խաբկանքների: Ու ինչքան արագ ու ընդգրկուն է ականջներին քաղցր հնչող հեքիաթային երեզանքներին տրվելու պրոցեսը, այդքան ծանր ու դաժան է զարթնելու կամ իրականություն հետ գալու պահը: Հետևանքների մասին էլ կարելի է չասել:

Մեր ներքին քաղաքական կյանքում, ինչ-որ տեղ՝ իներցիայի ուժով, դեռ տիրապետող է թվում 2018-ի իշխանափոխության, իսկ որոշ մեկնաբանների կարծիքով՝ փաստական հեղաշրջմամբ սկիզբ առած թավշյա էյֆորիան: Այդ էյֆորիան Նիկոլ Փաշինյանի անձեռնահաս կառավարության ու իշխանության հիմնական հենարաններից ու սնուցիչներից է: Նիկոլ Փաշինյանը ինքն էլ դա շատ լավ տեսնում ու հասկանում է, դրա համար է, որ պարբերաբար նոր սնունդ կամ վառելիք է գցում էյֆորիայի վառարանը: Տրամադրությունները, էյֆորիայի կրակը անընդհատ պետք է վառ պահել, թե չէ հակառակ դեպքում իշխանության հենարաններից մեկը կցնդի, կվերանա: Մի 30 տարի անց, 2050 թվին իբրև թե աներևակայելի նվաճումների հասնելու նրա ուտիպիան այդ մոտեցման շրջանակում է: Ինչպես արդեն նկատել են տարբեր մեկնաբաններ, Փաշինյանի վերջին հայտարարություններն ու ելույթները զուտ «պի-առ» են, ափեափ պոպուլիզմ:

Եվ երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Голос Армении»-ին տված վերջին հարցազրույցը դիտարկում ես Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների հետ՝ 2050 թվականի ուտոպիայով ու ինչ-որ գաղտնի զեկույցի մասին հայտարարություններով հանդերձ, մոտեցումների տարբերությունը աչք է ծակում:

Իր իսկ բնորոշմամբ՝ շինծու մեղադրանքներով այժմ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների առանցքում պետական մտածելակերպն է, պետական շահերը, ռեալ հաշվարկը, քաղաքական քայլերի հերթականությունը, իրողությունները համարժեք ընկալելն ու դրանց հիմնավորված գնահատականներ տալը, պրագմատիզմը:

Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ափեափ պոպուլիզմ են, միգուցե գեղեցիկ կամ լսողներին հաճելի շարադրված հռետորիկայով, բայց՝ պոպուլիզմ: Բացի դրանից, նրա մի ասածը հակասում է, ավելի վաղնույն խնդրով ասածին, ֆանտազիան լեզվից ու մտքից առաջ ընկած, ինչ-որ թռի-վռի ձեռքբերումներ է ուրվագծում, որ մի 30 տարի հետո պիտի լինի, իբրև թե դրա տակ ծրագիր կա: Եթե նույնիսկ ծրագիր կա, հետ՞ ինչ, Նիկոլ Փաշինյանը 30 տարի երկիր է ղեկավարելո՞ւ, իշխանություն չի փոխվելո՞ւ: Իսկ եթե հաջորդ իշխանությունն էլ այս գործողին բանտերը նետի՞: Ի՞նչ է լինելու այդ բոլշևիկական ուտոպիաների հետ:

Մի կողմից տեսնում ենք պետական մտածելակերպ, սթափ ընկալում և սառը դատողություն ունեցող, իրական ու լրջագույն պրոբլեմները մեծ հաջողությամբ հաղթահարելու (Արցախի դիմագրավում ադրբեջանական ագրեսիային, խարխուլ ավերակներից երկրի տնտեսության վերականգնում ու զարգացում, պետական վարչարարության կարգապահության աստիճանի բարձրացում և այլն) կամք և հմտություն, իրական փորձառություն ունեցող պետական գործիչ: Մի գործիչ, որ նաև ընդունված ու հարգված է արտաքին աշխարհում, Հայաստանի հիմնական քաղաքական պարտնյորների կողմից:

Իսկ դիմացը տեսնում ենք երևակայական լապշաներով հանրությանը կերակրող, ավանտյուրիզմի հակված, ափեափ պոպուլիզմով առաջնորդվող, էմոցիոնալ և էմոցիաներին հեշտությամբ տրվող, քաջնազարական ձևով իշխանության եկած, քանդարարության ու հասարակության մեջ բաժանարար գծեր գծելում երևի միայն հմուտ, կայուն գաղափարական դիրքորոշումներ չունեցող գործչի, որը դեռ լիարժեք չի էլ գիտակցել, որ ինքը արդեն ամբողջ պետության ղեկավարն է, այլ ոչ թե ընդդիմադիր հռետոր կամ խայթող լեզու և գրիչ ունեցող ժուռնալիստ:

Սարի ու ձորի տարբերություն է: Ու սարի վրա գործող իշխանության ղեկավարը չէ, դա էլ արձանագրենք:

Քաղաքական մեկնաբանները կենտրոնացել են նույն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի արած այն կարևոր հայտարարության վրա, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ: Վերլուծողների մի մասը այլ տեսակետ ունի ու հիմնավորում է, որ եթե նման բան լինի էլ, միևնույն է, նախկին ղեկավարները գրեթե շանս չունեն գլխավորելու այդ պայքարը, իբր ժողովուրդը նրանց ետևից չի գնա: Բայց առաջին հերթին, ոչ մեկը միանշանակ չի պնդել, թե հենց նախկին ղեկավարները կամ անձամբ Ռոբերտ Քոչարյանն է գլխավորելու այդ պայքարը: Երկրորդ հերթին, վերլուծողներից շատերը մեթոդական վրիպում են թույլ տալիս (միտումնավոր, թե ակամայից, կարևոր չի). նրանք կենտրոնանում են պետության նախկին ղեկավարների ֆիգուրների վրա և աչքաթող են անում բուն գաղափարը՝ ընդդիմադիր, պետության ապագայի ու գոյության համար իրապես մտահոգ ուժերի, գործիչների համախմբման հնարավորության հարցը: Ոչ մեկը չի ասում, թե առաջիկա աշնանը արտահերթ իշխանափոխություն է լինելու: Հիմնական միտքն այն է, որ աշնանն ավարտվելու է համախմբմեն պրոցեսը, որից հետո արդեն ծավալվելու է բուն քաղաքական պայքարը:

Իշխանությունը դրան ոչինչ չի կարող հակադրել ու ոչինչ չունի հակադրելու, բացի ստահոդ ու վարկաբեկիչ քարոզչությունից, հակաօրինական հետապնդումներից ու հոգեբանական տեռորից: Այդ գործիքակազմը դեռ աշխատում է: Բայց ձմռանն ու դրանից հետո, երբ թավշյա խանդավառության վերջին փշրանքներն էլ պրծնեն, ցանկացած նման քայլ ուղիղ գծով շուռ է գալու այդ քայլանողի դեմ: Կամ էլ Նիկոլ Փաշինյանը պիտի կախարդական փայտիկը գործարկի ու 2050-ին լինելիք խոստացածներից մի երկու բան 2020-ի հունվար-փետրվարին իրականացնի:

Ինչ արդյունք կունենա առաջիկայում սպասվող քաղաքական պայքարի թեժացումը, ոչ մեկը չի կարող համոզված ասել: Հավանական տարբերակ է, որ մի նոր արտահերթ ընտրություններ լինեն, հնարավոր է ցանկացած այլ զարգացում: Բայց այս փուլում հիմնականն այն է, որ աշնանը տեղի ունենա ընդդիմադիր ուժերի նկատելի համախմբումը: Իսկ դա շատ իրատեսական ու լրիվ հնարավոր է: Առավել ևս, որ գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում են, որ դեպքերը հենց այդ ուղղությամբ զարգանան:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ