05 08 2019

Մենք պատրաստ չենք, հարձակվե՛ք․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Ալիևին

Մենք պատրաստ չենք, հարձակվե՛ք․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «գաղտնազերծեց» մի փաստաթուղթ, որը, ըստ իրեն, ունի 5 տարվա վաղեմություն. «Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։ Մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողված է»:

Այժմ մի կողմ ենք թողնում փաստաթղթի բովանդակությունը, մանավանդ որ այժմ կասկածելի է, թե արդյո՞ք եղել է-կա նման փաստաթուղթ։

Կան առավել խորքային հարցեր, որոնք վերլուծելով՝ Փաշինյանի արածը դառնում է խորը հակապետական գործունեություն։

Ինչո՞ւ է երկրի վարչապետը հրապարկում փաստաթուղթ, որը հենց ինքն էլ նշում է, որ ճիշտ չէ հրապարակելը, ավելին՝ որի բովանդակությունը կարող է խոցել պետությանը: Չէ՞ որ պետական գաղտնի փաստաթղթի հրապարակումը պետական դավաճանություն է։

Եթե պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում լինեին, դա նշնակում է, որ պետք է չդիմանային որևէ ցնցման․ 2018 թվականի իրադարձությունները խորը ցնցում էին, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնեց տնտեսական առաջընթացի մասին ու այն մասին, որ երկիրը ընդհակառակը՝ առաջ է գնում։ Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը կեղծ հայտարարություն անում։ Պատճառը կարող է լինել մեկը․ Ընդամենը օրեր առաջ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ երկրի կառավարման և կադրային հարցերում ունի մեծ խնդիրներ։ Արդեն նա տեսնում է, որ պետության կառավարումը ձախողվել է, և «էս գլխից» նշանակել է մեղավորներ նաև ա՛յս ձախողման մեջ։ Իսկ վատագույն տարբերակով, հենց դիտմամբ է պետական ինստիտուտները կանգնեցնում կռախի առաջ։

Ամենավտանգավորն այն է, որ երկրի ղեկավարը երկիրը կանգնեցնում է լինելիության վտանգի առաջ։ Հայաստանը գտնվում է պատերազմական փուլում։ Մենք բազմիցս հայտարարում ենք, որ Ադրբեջանը կհարձակվի այն պարագայում, երբ հասկանա, որ այս պահին իր բանակն ավելի ուժեղ է, քան հայկականը։

Եթե անգամ պետական ինստիտուտները քանդված վիճակում են, այդ մասին ինչպե՞ս կարելի է հայտարարել ուղիղ եթերով, հեռուստատեսությամբ ընդհանրապես։ Դու հարևան թշնամի պետություններին պատերազմի հրավերք ես անում, թե՝ մենք պատրաստ չենք, ավելին, մենք ամբողջությամբ ձախողվել ենք, հարձակվեք։

Սա առավել քան հանցագործություն է։

Այսինքն, որ տեսանկյունից էլ դիտարկում ես, Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 4-ի «լայվը» հակապետական գործունեության փունջ էր։

Ինչ վերաբերում է պետական ինստիտուտներին, այժմ, արդեն, պետք է փաստել, որ դրանք չափազանց ամուր վիճակում էին գտնվում մինչ այսպես ասած՝ «հեղափոխությունը», քանի որ մեկ տարուց ավելի է, ինչ դիմանում են դիլետանտ, պոպուլիստ քանդող բրիգադին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ