24 07 2019

Փաստեր չկա՞ն, ենթադրեք որ կան․ Դատախազության գործելաոճը

Փաստեր չկա՞ն, ենթադրեք որ կան․ Դատախազության գործելաոճը

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը:

Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա ժամանակին արգելանք է դրվել դատական հնարավոր ծախսերի և քաղաքացիական հնարավոր հայցերով ծախսերի համար։ Հնարավոր։ Այսինքն՝ դատախազության ենթադրությունների պատճառով։

Դիտում ենք դատախազ-դատավոր հարցուպատասխանը:

Դատավորն ուզում է ճշտել, թե ինչ հիմնավորումներ ունի բողոքող կողմը, որպեսզի հասկանա, կշռադատի, ի վերջո՝ կայացնի որոշում։

Եվ այսպես․ Դատավորը դատախազներին հարց է ուղղում, թե քանի որ խնդրում եք կալանքը վերադարձնել, քանի որ կարող է դատական և այլ ծախսերի հատուցման հարց առաջանա, դատական ծախսերի համաչափություն հաշվարկվե՞լ է: Դատախազները, թե՝ քանի որ գործի ծավալները մեծ են, և տուժողների շրջանակն է մեծ, ապա կարող են լինել մեծ դատական ծախսեր և հնարավոր է՝ լինեն քաղաքացիական հայցեր։ Բայց նաև ընդգծում են, որ դատական ծախսերը չեն կարող գերազանցել 900 հազարը դրամը:

Դատավորը մտահոգություն է հայտնում, որ դատական ծախսի չափը հստակ չէ, և հիպոթետիկ հնարավոր է, որ այն լինի 1000 դրամ, ապա ուզում է հասկանալ դատախազների դիրքորոշումը, պետք է ամբո՞ղջ գույքի վրա կալանք դրվի, մեկ անգամ ևս ուզում է հասկանալի ձևակերպել, այսինքն՝ եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչ կարգի և ծավալի հատուցման գումար է ենթադրում, միջնորդում է որ պետք է դրվի ամեն ինչի վրա՞։

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական-քաղաքական հետապնդում է իրականացվում ու դատախազները փոխանակ խոսեն փաստերով, շարունակում են ենթադրել։

Նույնն է նաև նախագահի կալանքի մասով։ Դատախազությունը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել դրան։ Անցավ մեկ տարի, երկու անգամ նախկին նախագահն ազատ արձակվեց, ամիսներ շարունակ մնաց ազատության մեջ ու որևէ անգամ նման փորձ չարեց, երկու անգամ կալանքի որոշումից հետո ինքն է ներկայացել ԱԱԾ՝ չսպասելով, որ իր հետևից գան, բայց, այնուամենայնիվ, դատախազությունը շարունակում է ենթադրել, թե կխոչընդոտի կամ կթաքնվի։

Կասեք՝ դասական զավե՞շտ, բայց ոչ։ Դատախազությունն իր ուսերին է վերցրել Ռոբերտ Քոչարյանի գործի ողջ քաղաքական պատվերը կառուցելու պատասխանատվությունը, բայց քանի որ անգամ մինիմալ փաստեր առկա չեն և հնարավոր չի դառնում ՀՔԾ հայտնի «մեղադրանքը» հիմնավորել, ուստի այլ բան չի մնում, քան իրենց իշխանությունը չարաշահելով՝ ենթադրություններ անել, ասել «այդպես ենք ենթադրում ու վերջ» ու առաջ գնալ։ Առաջ ո՞ւր գնալ, դա նույնպես պարզ չէ, պատվիրողը կիմանա։ Ու ստացվում է որ ընդամենը նրանց ենթադրության պատճառով պետության նախկին ղեկավարը, նախկին գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմի ժամանակ ՊՊԿ ղեկավարը, Արցախի հերոսը գտնվում է կալանքի տակ։ Սա արդեն ոչ միայն իրավական չէ, այլ նաև և ավելի շուտ բարոյական չէ։ Անբարոյական է և ամոթ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ