Արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական միջոցների աճը և հայկական բանկերից բնակչության վերցրած սպառողական վարկերի ավելացումը վկայում են մեկ բանի մասին՝ մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում է։ Վերոնշյալ երկու գործընթացները անուղղակի ցուցիչն են այն բանի, որ բնակչության գնողունակությունը նվազել է և մարդիկ իրենց կենսական հարցերի լուծման համար գումար գտնելու վերոնշյալ ճանապարհներն են ընտրում։
Նախ՝ ներկայացնենք Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մայիս ամսվա դրամական փոխանցումների ցուցանիշները։ Դրանք վկայում են թե՛ Հայաստան մտնող դրամական միջոցների ավելացման, թե՛ Հայաստանից դուրս եկող գումարների ավելացման մասին։ Մայիս ամսին Հայաստանում բնակվող իրենց հարազատներին արտերկրից բանկերի միջոցով փոխանցվել է 168 մլն դոլար, հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից դեպի արտերկիր՝ 113 մլն դոլար։
Հիշեցնենք, որ սկսած անցյալ տարվա սեպտեմբեր ամսից կտրուկ ավելացած Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի միջին ամսական ցուցանիշը կազմել է 107-108 մլն դոլար կամ անցած 9 ամիսներին Հայաստանից այս ճանապարհով դուրս է եկել մոտ 968 մլն դոլար։ Բնական է, որ Հայաստանից արտերկիր գումար են փոխանցում այդ գումարն ունեցող՝ այսպես ասենք՝ քիչ թե շատ ունևոր մարդիկ։ Դա խոսում է Հայաստանի տնտեսական վիճակի և գործարար միջավայրի նկատմամբ անվստահության մասին։
Մյուս կողմից էլ Հայաստան մտնող գումարների ավելացումը խոսում է հենց այն մասին, ինչը նշեցինք վերևում՝ Հայաստանում մարդկանց եկամուտները նվազում են։ Ուստի արտերկրում ապրող նրանց հարազատները ստիպված են ավելացնել ուղարկվող գումարները։ Անկախ այն հանգամանքից, որ Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող գումաների տարբերությունը՝ զուտ ներհոսքն մայիս ամսին բարելավվել է և այս տարվա ընթացքում ամենաբարձրն է եղել՝ ակնհայտ է, որ դա որևէ կապ չունի Հայաստանի տնտեսության իբր արձանագրվող աճի հետ։ Ընդհակառակը՝ ինչպես ընդհանուր ներհոսքի, այնպես էլ զուտ ներհոսքի ավելացումը վկայում են մեր երկրի սոցիալ-տնտեսական կացության վատացման մասին, որի պատճառով մեր քաղաքացիները ստիպված են խնդրել արտերկրի հարազատներին ավելացնելու ուղարկվող գումարը։
Ինչ վերաբերվում է բանկերից վերցվող վարկերին, այստեղ ևս փոխկապակցված գործոն կա։ Բանն այն է, որ ներկայումս ունենք իրավիճակ, երբ բանկերի վարկերի գերակշիռ մասն ուղղված է ոչ թե տնտեսության ֆինանսավորմանը, այլ՝ սպառողական վարկերին և վերջիններիս ծավալն անշեղորեն ավելանում է։ Ներկայումս բանկերի սպառողական վարկերի ծավալը գերազանցում է 781 մլրդ դրամը, որը վերջին մեկ տարում աճել է 211 մլրդ դրամով կամ մոտ 37 տոկոսով։ Մինչդեռ արդյունաբերության տրվող վարկերի ծավալն, օրինակ՝ նվազել է։
Սպառողական վարկերի ծավալների ավելացումը խոսում է այն մասին, որ մարդիկ ստիպված ավելի հաճախ են դիմում իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման համար վարկ վերցնելուն։ Նրանց մի մասը վարկի մարման հույսը դարձյալ կապու են արտերկրից ուղարկվող գումարների հետ։ Մի զգալի հատված էլ նոր վարկ է վերցնում նախորդ վարկը մարելու համար և հայտնի չէ, թե այդ գործընթացը մինչև ո՞ւր է տանելու նրանց և նաև բանկերին։ Սա սպառնում է նորից ավելացնել անհուսալի վարկերի ծավալը։ Բանկերն, անշուշտ, իրենց ռիսկերը կարող են կառավարել, սակայն չմոռանանք, որ հենց նման կացության պատճառով են սկսվում տնտեսական ճգնաժամերը։
Այս կացության մեջ սոցիալական վիճակի բարելավման միակ երաշխիքը իրական տնտեսական բարձր աճ ապահովելն է՝ հատակապես տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության, ինչպես նաև շինարարության ոլորտներում, այլ ոչ թե ծառայությություների ոլորտում՝ բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքների հաշվին։ Սակայն ավելի քան մեկ տարվա ընթացքում ստեղծված իրավիճակը վկայում է, որ ներկայիս կառավարությունը ոչ ի վիճակի է, ոչ էլ ցանկանում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ուստի, այլ ելք, քան պոպուլիզմի և խաբեության միջոցով իշխանության եկածներին հեռացնելն ու համապատասխան ունակություններն ու կարողություններն ունեցող քաղաքական ուժերին և անձանց երկրի կառավարումը վստահելը, չկա։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը