09 07 2019

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Ստամբուլի կոնվենցիայի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Ստամբուլի կոնվենցիայի մասին

Ինչո՞ւ Ստամբուլի կոնվենցիա

2011 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստորագրվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որը առավել հայտնի է որպես  Ստամբուլի կոնվենցիա:

Ովքե՞ր են ընդունել այն

Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից՝

– 34 պետություն է ստորագրել և վավերացրել կոնվենցիան: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց այն

– 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրանիան, Մեծ Բրիտանիան․

– 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը):

Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը:

Ո՞րն է կոնվենցիայի նպատակը

Կոնվենցիան պարունակում է 81 հոդված, որոնք բաժանված են 12 գլուխներով:

Կոնվենցիայի նպատակ է հայտարարվել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումը, հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով։

Ստամբուլի կոնվենցիան և Հայաստանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում, սակայն վավերացման աշխատանքներին չէին անցնում: Ելնելով սոցիալական ցանցերում տարատեսակ անանուն նամակների տարածման փաստերից, որոնք ակտիվացան գրեթե միաժամանակ, ենթադրվում է, որ առաջիկայում նախատեսվում է վավերացնել կոնվենցիան: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է աշխատել ամռանը և աշնանային նստաշրջանին այն վավերացման ներկայացնել խորհրդարան:

Ո՞վ է պաշտպանում և տարածում կոնվենցիայի վավերացման անհապաղության գաղափարը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում գրեթե ֆլեշմոբի ֆորմատով սկսվեցին պաշտպանել կոնվենցիայի վավերացման գաղափարները, որոնք հիմնականում ներկայացվում և տարածվում են սոց ցանցերում հայտնի ԼԳԲՏ թեմաներով ակտիվ և տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող օգտատերերի կողմից։

Կոնվենցիայի խնդրահարույց կետերը

Ստորև ներկայացնում ենք Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք խնդրահարույց են և ՀՀ Սահմանադրության հետ անհամապատասխանություն ունեն:

Կոնվենցիայի 3-րդ հոդված, Բ կետ

«ընտանեկան բռնություն՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում»։

ԲԱՑԱՏՐԵՆՔ․ Սրանից հետևում է, որ ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր հանդիսացող անձինք: Բացի այդ ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:

Նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Այսինքն՝ Սահմանադրության իմաստով ընտանիք է համարվում արական և իգական սեռի անձանց ամուսնական միությունը, եթե պահպանվել են ամուսնական տարիքին և ամուսնության կարգին վերաբերող օրենսդրական պահանջները:

Ընդ որում, Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը:

Հոդված 4-րդ, 3-րդ մաս

Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից:

 

ԲԱՑԱՏՐԵՆՔ․ Այստեղ տեղ գտած որոշ ձևակերպումներ, մասնավորապես՝ գենդերային ինքնությունից, ակնհայտ է դառնում, որ կարելի է ենթադրել, որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ:

Բացի այդ այս ձևակերպման վերաբերյալ կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունը՝ բացատրական զեկույցը, որի 53-րդ կետը սահմանում է՝

«…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

Սա նշանակում է, որ տղամարդը կոնվենցիայի իմաստով կարող է օրինակ, իրեն կին համարել և ընտրել այդ գենդերը, իրեն որպես կին դրսևորելով հասարակության մեջ:

Հոդված 12, մաս առաջին

Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

ԲԱՑԱՏՐԵՆՔ․ Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը:

Մեր Սահմանադրությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների ավանդույթները պահպանելու իրավունքն է երաշխավորել (56-րդ հոդված), իսկ կոնվենցիան ընդունելու դեպքում պետք է իր ժողովրդի ավանդույթները արմատախիլ անի:

Հոդված 13 –Իրազեկության բարձրացում, մաս առաջին

Մասնակից պետությունները պետք է կանոնավոր հիմունքներով խթանեն կամ կազմակերպեն հանրային իրազեկման արշավների կամ ծրագրերի անցկացումը, այդ թվում, համապատասխան դեպքերում՝ համագործակցելով մարդու իրավունքների ներպետական ինստիտուտների և հավասարության հարցերով լիազոր մարմինների, քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների, հատկապես՝ կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ՝ սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության բոլոր ձևերի, երեխաների վրա դրանց ազդեցության և նման բռնությունը կանխելու անհրաժեշտության մասին ընդհանուր հասարակության իրազեկության և ընկալման մակարդակը բարձրացնելու նպատակով։

 

Հոդված 14, մաս 2-րդ

Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցները՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված սկզբունքները ոչ պաշտոնական կրթական հաստատություններում, սպորտային, մշակութային և ժամանցի հաստատություններում, ինչպես նաև՝ լրատվամիջոցներում խթանելու ուղղությամբ։

 

ԲԱՑԱՏՐԵՆՔ․ Վերը նշված կետերից հետևում է, որ պետությունը պարտավորվում է իրականացնել նաև վերը նշված թեզերի պրոպագանդան, այդ թվում նաև կրթական հաստատություններում: Ստացվում է, որ Կոնվենցիայի ընդունումից հետո կրթական ծրագրերում և դասագրքերում կարող են պարտադրվել մի շարք փոփոխություններ, օրինակ՝ դպրոցական տարիքից երեխաներին սովորեցնեն, որ բացի ավանդական ընտանիքից կարող են լինել նաև ընտանիքներ երկու սեռերի միությամբ: Սա վտանգավոր է այն առումով, որ այս տարիքում երեխաները դեռևս ձևավորված չեն հոգեբանական առումով և հետևանքները կարող են շատ բացասական լինել:

Ավելացնենք նաև, որ Կոնվենցիայում տեղ գտած տարակուսելի հոդվածներն ու ձևակերումներոը այսքանը չեն, մենք առանձնացրել ենք հատկապես ամենից քննարկվողն ու քննադատվողները:

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ