27 06 2019

Բռնապետության տապալումն արագացավ

Բռնապետության տապալումն արագացավ

Միշտ լինել ճիշտ, վճռական ու երբեք չերկմտել. հենց այս հատկանիշերով է իշխում բթությունը։ Միտքը Թեքերեյինն է` «Սնափառության տոնավաճառ»-ից։ Չի սխալվում ոչ մի կենդանի. նրանք չգիտեն` ինչ է սխալը։ Մարդկանցից չի սխալվում միայն անմեղսունակը. նա նույնիսկ քրեական պատասխանատվության ենթակա չէ։ Թավշյա ռեժիմին սպասարկող քննիչները, դատավորներն ու դատախազները չեն կարող չիմանալ այս իրողությունը։ Եթե գիտեն ու կատարում են ճշտի մենաշնորհը սեփականաշնորհած ժամանակավոր վարչապետի միշտ «ճիշտ» ու միշտ անօրեն հրամանը, ուրեմն լավ վախեցած են կամ էլ` սեփական կամազրկության պատճառով զրկվել են արդարադատությունն օրենքով իրականացնելու իրավունքից։

Հունիսի 25-ի երեկոն, երբ ոչ միայն Փաշինյանի մերկ կապրիզով դարձյալ անհիմն դատական որոշում կայացվեց ու Արցախի հերոս, Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ապօրինի կալանվեց, պետք է հիշվի` որպես դատական իշխանության բռնազավթման փուլի ավարտ և թավշյա բռնապետության տապալման փուլի արագացում։ Երբ մեկ անձն արդեն յուրացրել է օրենսդիր ու գործադիր իշխանությունները, նա ամբողջատեր է, երբ նա զավթում է նաև դատական իշխանությունը` դառնում է դիկտատոր, իսկ երբ հրաժարվում է կամ խուսափում բոլոր իզմերից, բայց չի հրաժարվում իշխանությունից և չի կարողանում կառավարել, դառնում ես անիմաստ, անդեմ, աննպատակ դիկտատոր։

Մեր դիկտատորը հենց այս իմաստով է եզակի ու աննախադեպ էկզեմպլյար, քանի որ չգիտի, թե ինչու է դառնում դիկտատոր։ Եվ քանի դեռ չգիտի, նրան ասել են, որ պետք է զավթի նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ողջ համալիրը, վերացնի ազատ մամուլը և բուծի սեփական ագիտպրոպի մամլիչը։ Երբ այս իրողությունների դիտակետից ենք նայում իրադարձությունների ընթացքին, ապա վեթինգ ու անցումային արդարադատություն ներմուծելը, ՍԴ-ի ու ԲԴԽ-ի հհշականացումը դառնում են հավելյալ գործոններ, իսկ դիկտատորը` հավելյալ գործիք, որ շատ արագ անպետքանալու է տերերի համար։

Եվ բացահայտ է դառնում, որ դիկտատորին թելադրված միսիան պետական չէ, այլ` ապապետական, ժողովրդական չէ, այլ` հակաժողովրդական, հակազգային, հայակործան։ Մերկանում է սինթետիկ դիկտատորի ստանձնած առաջադրանքը. Արցախի ու Հայաստանի հանրապետությունները իրարից բաժանելը, հայկական 2 պետություններն առանձնացնելը և ինքնիշխան սուբյեկտները առանձին-առանձին աշխարհաքաղաքական օտար խաղի օբյեկտների վերածելը։ Այս մերկացումից ու արտաքին քաղաքական վերջին դրսևորումներից հետո այլևս Փաշինյանի համար անհնար է պնդել, թե իր «թավշյա ոչ բռնին» արտաքին ստնտուներ չունի։  

Եվ եթե նախագահ Քոչարյանին կալանավորելը չունի ներքին քաղաքական իմաստ (քանի որ անազատության մեջ էլ նա՛ գործուն առաջնորդ է), զուրկ է իրավական հիմքից և իրավաբանական հիմնավորում, ապա քաղաքական հակառակորդին որքան ու ինչպես հնարավոր է ազատությունից զրկելու ԼՏՊ-փաշինյանական նկրտումը արտաքին քաղաքական միանգամայն տեսանելի իմաստ է ստանում հատկապես տարածաշրջանային հախուռն զարգացումների այս փուլում։

Իհարկե, սա անձնական ոխերիմ վրեժխնդրություն է, և երբ դա անում է պետության միահեծան ղեկավարը, այն որակվում է՝ քաղքական հաշվեհարդար, իսկ դատավորների ու դատախազների ծառայամտությունը` խամաճիկություն, որն ընդհանուր որևէ բան չունի արդարադատության հետ: Բայց երբ այս ամենի հետևում արտաքին քաղաքական պատվեր է, ապա սա և՛ հինգերորդ շարասյան միջոցով իրագործված սահմանադրական կարգի տապալում է, և՛ հայոց 2 պետությունների դեմ իրագործվող արտաքին ագրեսիա։

Կալանավորվելու նախօրեին նախագահ Քոչարյանը իր հարցազրույցում փաստացի շեշտադրեց իրեն ազատազրկելու բուն պատճառները. «իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այլ ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով: ... բավական լուրջ վտանգներ եմ տեսնում ...ոնց է կարելի բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, առանց սկզբունքների, առանց տեսլականի... այն ինչ արել է այսօրվա իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ամեն քայլափոխի կասկած է դնում Ղարաբաղի անկախությանը, ինքնությանը... վաղը մի առաջարկ են տալու և ասելու են` դու ունես այն ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին... իրենց համար հասկանալի չեն պատերազմը հաղթանակած մարդկանց տեսակը... դա դասական դասալիքի, բարդույթի արտահայտությունն է... փորձում են նվաստացնել ով չի լքել, չի փախել, ով զենքը ձեռքին պայքարել է իր երկրի համար... այդ տեսակից ազատվելը նշանակում է` քայքայել Ղարաբաղի անվտանգությունը... խիզախ մարդու ճակատին է գրած, որ ինքը դուխով է, ոչ թե գլխարկին... Հայաստանը պետք է դիտի Ղարաբաղը որպես մի միավոր, որը Հայաստանի անվտանգության լուրջ բաղադրիչ է, առանց որի Հայաստանը չափազանց կթուլանա... առանց Ղարաբաղի այդ դերակատարը դու երբեք չես լինելու, նույնիսկ տեղդ չեն իմանալու, քո մասին մոռանալու են»։

                                               

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ