24 06 2019

Ստի, խոստումներից հրաժարվելու և կեղծիքների փունջ մեկ ելույթում

Ստի, խոստումներից հրաժարվելու և կեղծիքների փունջ մեկ ելույթում

Ռուսական հայտնի ասացվածք կա՝ наглость второе счастье («լկտիությունը երկրորդ երջանկությունն է»)։ Տալ սուտ խոստումներ, հետո հրաժարվել, ժխտել իրականությունը և խոսել գոյություն չունեցող գործընթացների մասին, բացահայտորեն խեղաթյուրել ինչպես նախկինում իր իսկ ասածները, այլև իր հասցեին հնչող քննադատությունների բովանդակությունը՝ դրանք իբր թե հերքելու համար, հրաժարվելով պատասխանատվություն կրել իր ասածի կամ գործողությունների համար, նոր խոստումներ տալ, որոնք հետագայում անպայման ձևափոխված են ներկայացվելու և այլն, և այլն։ Մի խոսքով, հասնելով բաղձալի իշխանության, Նիկոլ Փաշինյանն այս կերպ ամեն ինչ անում է այն պահպանելու համար։ Ազգային Ժողովում 2018 թ․-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ նրա ունեցած ելույթը լավագույնս արտացոլում էր ռուսական ասցվածքին նրա հավատարմությունը։ Անդրադառնանք առավել ուշագրավ դրվագներին։

Ելույթի սկզբում հետևյալ արտահայտությունն է արվել․ «Այդ տարվա արդյունքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում դրել էր 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Եվ բյուջետային առումով ի՞նչ խնդիր կա. պետական բյուջեն, կառավարությունը 2018 թ.-ի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եվ եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը լիարժեքորեն»։ Միանգամից մի քանի սուտ և խեղաթյուրում։

Առաջինը, այո՛, 2018 թ․-ի պետական բյուջեի հիմքում դրվել էր 4,5 տոկոս աճը, բայց տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել էր մոտ 10 տոկոս։ Տարեվերջին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «կիսեց» այդ աճը՝ նվազեցնելով մինչև 5,2 տոկոսի։ Դրա պատճառով մեր տնտեսությունը հարյուր միլարդների, իսկ պետական բյուջեն՝ տասնյակ միլիարդների գումարներ չստացան։ Եվ սա կոչվում է «մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է լիարժեքորե՞ն» ․․․

Երկրորդը՝ խոսելով կառավարության «փայլուն» աշխատանքի և չկատարված ոչ մի պարտավորություն չունենալու մասին, կառավարության ղեկավարը իր իսկ ելույթում փոքր ինչ հետո բառացիորեն հետևյալն է ասում․ «Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է»: Ավելացնելու ոչինչ չունենք, երբ Նիկոլ Փաշինյանը «բռնում է» իր իսկ սուտը։ 

Երրորդը՝ քաղաքական ցնցումների մասին։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ այդ ցնցումներն իրականացրել է ինքը և այնպես չէ, որ իրեն իշխանության բերելը հայ ժողովրդի բազմադարյան երազանքն է եղել, որի համար հիմա նա պետք է ըմբռնում դրսևորի կամ ներողամտաբար վերաբերվի իրեն խաբելու հանդեպ։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի ելույթում, այսպես կոչված հեղափոխության վկայակոչումը կառավարության գործունեությունը դրական բնութագրելու համար պարզապես ծաղր է ժողովրդի նկատմամբ։

Հաջորդ «հանճարեղ» արտահայտությունը․ «Կրկին ուզում եմ, որ մենք այնուամենայնիվ արձանագրենք մի բան, որ պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարիների խնդիրների լուծումներ և շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք: Խոստումների մասին. 200 կամ 1000 խոստում է, արդեն անցած տարվա սեպտեմբերին ասում էին խոստումները չեն կատարում: Այսինքն, այդ 30 տարիների խոստումները, խնդիրները պետք է երեք ամսո՞ւմ կատարվեին»: Սա սեփական խոստումներից խուսափելու՝ վերջին ամիսներին արդեն ավանդույթ դարձած նույն խոսքերն են։

Նախ՝ ոչ ոք չի ակնկալել 30 տարիների խնդիրների լուծումներ Նիկոլ Փաշինյանից։ Այդ ինքն է խոստացել պետական բյուջեի եկամուտներն ավելացնել մեկ երրորդով կամ որ նույնն է մոտ 800 մլն դոլարով, կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, ապահովել տնտեսության թռիչքային աճ, նվազեցնել գազի, էլեկտրաէներգիայի սակագները և այլն։ Հիմա, երբ պարզ է դառնում, որ դրանք սուտ էին և անհնար իրականացնել, մեղավո՞ր են նրանք, ովքեր ասում են, որ քո խոստումները չե՞ս կատարել։

Երկրորդ՝ 30 տարվա ընթացքում առաջացել և լուծվել են բազմաթիվ խնդիրներ։ Բնականաբար, խնդիրները շարունակելու են առաջանալ, բայց 30 տարվա մասին խոսելիս, գուցե հիշատակեր մեկ-երկու խնդիր, որոնք չեն լուծվել 15, 20 կամ 30 տարի առաջ։ Փաստորեն, դեռ պետք է շնորհակալ լինենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել Բագրատունիների թագավորությունից իրեն ժառանգած խնդիրների մասին, որը պահանջում ենք, որ նա լուծի։

Երրորդ՝ ցանկացած նախագահ, վարչապետ, նախարար և այլ բարձրաստիճան պաշտոնյա, ընդունված է, որ ամփոփում է իր գործունեության 100 օրը, որ մոտ երեք ամիսն է։ Եթե երեք ամիս շարունակ, ինչպես և դրան հաջորդող ամիսներին բացի լայվերից, սելֆիներից, հանրհավանքերից, երթերից, անըդհատ և անընդմեջ խոսելուց 100 օրվա ընթացքում ամփոփելու համար կատարված աշխատանք չունես, ապա դրա համար պետք չի «մուննաթ» գալ ուրիշների վրա։

Ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը․ «Ամենակարևոր մարտահրավերն այն է, որ երբ տեղեկատվական դաշտը նայում ես՝ կարդում ես վերնագրեր, պնդումներ, հայտարարություններ և այլն, դրանք կարդալուց հետո ինձ երբեմն թվում է, որ երբ վարչապետի աշխատասենյակի պատուհանից դուրս նայեմ՝ տարբեր ուղղություններով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու: «Կործանվեց, փլվեց, վերջացավ...վերջակետեր: Այս մեկ տարվա ընթացքում անընդհատ վերջակետեր: Ավարտվեց, վերջացավ, քանդվեց, հիմա մեր ազնիվ ցեղը զուր տեղը կորչելու է» և այլն, և այսպես շարունակ: Սա կոնկրետ հիբրիդային պատերազմ է: Սա պատերազմ է: Կարդացեք վերնագրերը»:

Նախ՝ անընդունելի է նման ցավոտ ընդունել իր հասցեին քննադատությունները՝ հատկապես երբ դրանք համապատասխանում են իրականությանը։ Իրեն նախորդող ոչ մի իշխանությունը նմանատիպ հիստերիաների մեջ չէր ընկնում քննադատություններից և չէր համարում պետության դեմ հիբրիդային պատերազմ, թեպետ ոչ ոքի հաճելի չէ, երբ իրեն քննադատում են և առավել ևս՝ հայհոյում ու զրպարտում, ինչով զբաղված էր նաև ներկայիս վարչապետի խմբագրած թերթը։

Երկրորդ՝ հիբրիդային պատերազմի մասին խոսում է մադր, ով դարձել է սեփական երկրի դեմ մղվող նման պատերազմի գործիքը՝ կամա թե ակամա։

Երրորդ՝ կարդում ենք վերնագրերը ամեն օր և դրանց մեջ Նիկոլ Փաշինյանի վկայակոչածները չենք հանդիպել։ Ինչ-ինչ, բայց ստի տեխնոլոգիային Նիկոլ Փաշինյանը լավ է տիրապետում և տարիների փորձն այս առումով իրենն անում է։

Մեկ այլ բացահայտ սուտ Նիկոլ Փաշինյանի ելույթից․ «Սոցիալական հարցերը մենք հերթով լուծում ենք»: Բազմիցս ենք փաստերով ներկայացրել, թե ինչպե՞ս և ո՞ր ոլորտներում է վատթարանում սոցիալական վիճակը, փակվում և կրճատվում են աշխատատեղերը։ Առանձին խավերի աշխատավարձերի փոքր բարձրացումները կատարվել են բոլոր կառավարությունների օրոք, բայց դա երբեք չի նշվել որպես սոցիալական խնդիրների լուծում, այլ ընկալվել է որպես կառավարության գործունեության մաս։ 2000-2014 թվականներին է եղել աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ՝ անգամներով բարձացումներ, տարեկան մի քանի տասնյակ հազար աշխատատեղեր են ստեղծվել, որոնք իսկապես սոցիալական հարցեր են լուծել։

Նիկոլ Փաշինյանի ելույթի բոլոր անհեթեթություններին անհնար է անդրադառնալ, սակայն այս մեկն էլ մեջբերենք․ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը գտնվում է շատ լավ տրամադրվածության մեջ, ներդրումներ կատարվում են և դրանք երևում են պաշտոնական ցուցանիշներից և այդ պաշտոնական ցուցանիշների մեջ ներդրումների ծավալը, այն հատվածը, որը կառավարությունով է անցնում և կառավարության որոշումներով՝ արձանագրվում է: Այդ ծավալը 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 7 անգամ, իսկ աշխատատեղերը, որոնք կցված են այդ ներդրումների ծրագրերին, որ այսքան աշխատատեղ ստեղծելու հայտ է ներկայացված այդ ծրագրերում՝ 4.7 անգամ»:

Հետաքրքիր է, այս խոսքերն ասողը իսկապես կարծում է, որ բացի հեղափոխական պսիխոզի մեջ դեռևս գտնվողներից, մնացած բոլորը տեղյակ չեն ներդրումների խայտառակ վիճակից, որն անգամ պաշտոնական վիճակագրությունն է հարկադրված փաստել։ Վերջին տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդումները նվազել են ․․․ 37 մլրդ դրամով։ Ինչ մնում է կառավարությամն կողմից հաստատված այն ծրագրերին, որոնք ներդրումային պարտավորություններ են ստանձնում և հարկային արտոնություններ ստանում, ապա հիշեցնենք, որ նման գործելաոճ սկսվել է 2009-ից՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում և դրա շնորհիվ թեև ոչ բոլոր, բայց բազմաթիվ ներդրումային ծրագրեր են կյանքի կոչվել։ Եվ դեռ հարց է, թե ներդրումների և աշխատատեղերի ստեղծման ներկայացված հայտերից որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում՝ երբ երկրի ներքաղաքական կայունություն այլևս գոյություն չունի՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում ենք իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հրահրվող ցնցումների մեջ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ