19 06 2019

Դիլետանտը

Դիլետանտը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածաշրջանային հերթական այցի ընթացքում Երևանում հանդիպեցին վարչապետ Փաշինյանի, 28-ին` Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների, 30-ին՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի և գոյություն չունեցող «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ղեկավար նշանակված Գյանջալիևի հետ։ Համանախագահները համատեղ հայտարարությամբ` Արցախի հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու առաջարկներ ներկայացրեցին, թեև կոնկրետությունը խիստ գաղտնի է։ Իրենց հերթական խորը մտահոգությունը հայտնեցին շփման գծում զոհերի առնչությամբ և առավելագույն զսպվածություն ցուցաբերելու հերթապահ կոչը հնչեցրեցին։

Փաշինյանի լռության ֆոնին հատկանշական է, որ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանական ինքնակոչ համայնքապետի հետ եռանախագահների հանդիպումը «Ադրբեջանի կողմից համանախագահների նկատմամբ ահաբեկչության հետևանք», «իրավիճակն ավելի չվատթարացնելու ստիպված քայլ» որակեց։ Նա թեև պնդեց, որ «հանդիպումը ձևական բնույթ է կրել», բայց նաև շեշտեց. «Ադրբեջանը դրան հատուկ ուշադրություն է դարձնում։ Մինսկի խումբը ադրբեջանական քաղաքականության պատանդն է դարձել»։

Ինքնին հասկանալի է, որ այս «համայնք»-ը կազմակերպական կառույց չէ և ոչ մի քաղաքական կարգավիճակ չունի։ Գյանջալիևն էլ արտգործնախարարության աշխատակից է և իր խափանարար առաջադրանքն է կատարում։ Փաշինյանական դիլետանտիզմի շնորհիվ ստեղծված իրավիճակում այս հնարածին «համայնքը» Ալիևի ձեռքին դարձել է Արցախի մասնակցությանը հակակակշռելու, Միննսկի խմբի վրա ազդեցություն գործելու, բանակցային ձևաչափի փոփոխություն թույլ չտալու գործիք։ Փաշինյանի աննախադեպ անհեռատես, ԼՏՊ-ի զիջողականությունը գերազանցող բանակցային անգործության հետևանքն է նաև, որ Մինսկի խումբը կողմերին փակուղի տանող կոչ է արել. «զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք պահանջում են բանակցային ձևաչափի փոփոխություն` առանց մյուս կողմի համաձայնության»։

Փաստ է, որ մինչև 2018-ի մայիս հիմնախնդիրը կարգավորելու առաջարկներ ներկայացվել են միայն հայկական 2 կողմերին` պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին և ադրբեջանական միակ կողմին` Բաքվին։ Փաստ է նաև, որ մինչև եռանախագահների վերջին հայտարարությունը միջազգային որևէ կառույց անգամ չի փորձել Արցախի ընտրված իշխանությունների կարգավիճակը համադրել ադրբեջանական ինքնահռչակ «համայնքի» քաղաքական և իրավական չգոյությանը։

Մինչդեռ հենց դա՛ է իր վերջին բացառիկ, սեփական անկարողությունը փաստող հարցազրույցում արել դիլետանտության աննախադեպ «բարձունքներ» նվաճած Փաշինյանը. «Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի նրա կողմից ընտրված ներկայացուցիչը։ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները` բոլորն, առանց բացառության, ադրբեջանի քաղաքացիներ են։ Նրանք այսօր արդեն ներկա են բանակցային սեղանի շուրջ. մասնակցելով ընտրություններին` նրանք ընտրել են Ադրբեջանի նախագահին որպես իրենց ներկայացուցիչ բանակցային գործընթացում»։

Իր խոսքի առնվազն այս հատվածում Փաշինյանը տրիվիալ ձևակերպումներով և դեմագոգիկ հռետորաբանությամբ փորձեց թաքցնել իր լիակատար դիլետանտությունը։ Նրա հիմնական ու գլխավոր առաջադրանքը բանակցություններն անիմաստ դարձնելն է։ Անձնական պատասխանատվությունից խուսափելով էլ նա խթանում է բնակացություններից հրաժարվելու Ադրբեջանի միտումը, մեծացնում պատերազմի հավանականությունը։ Փաստացի նա հաստատեց, որ չի էլ ուզում ներկայացնել Արցախը, որ արցախցիներն այլևս չեն էլ կարող իրեն վստահել։ Նաև շեշտված լռեց Արցախի անվտանգության երաշխավորը չլինելու, բանակցային ձևաչափը փոխելու անվճռականության` այսինքն, Մինսկի խմբի բոլոր պահանջները կատարելու և ոչինչ չհակադրելու մասին։

Փաշինյանի անտեղյակության, պարտվողականության, անհեևողականության պատճառով է, որ Իլհամի խավիարային դիվանագիտության համար ստեղծվել են աննախադեպ իդեալական պայմաններ։ Նավթադոլարային ճնշումներին թավշյա դիվանագիտությունը ոչինչ չի հակադրում, մատնված է անգործության, խարխափում է աշխարհաքաղաքական անորոշության մեջ։ Անվերջ սխալների «ուղղումներով» ու նոր բլթոցներով էլ Փաշինյանը հերթական անգամ բոլորին ցույց է տալիս սեփական կոմպետենտության բացակայությունը, հաստատում է, որ ծայրասիճան դիլետանտ է իր պաշտոնում և մնում է որպես պատվեր կատարող խմբագիր։

Սթափվելու, Արցախը հանձնելու առաջադրանքը մերժելու և Արցախի հիմնախնդրին քաջատեղյակ եզակիներից խորհուրդ հայցելու ժամանակ Փաշինյանը դեռ ունի։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ