28 05 2019

Թափանցիկ ակնարկ քաղաքական հետապնդմանը

Թափանցիկ ակնարկ քաղաքական հետապնդմանը

Ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նորից առաջադրել է Տնօրենների խորհրդի կազմում՝ Անկախ տնօրեն: «Սիստեմայի» Տնօրենների խորհրդի կազմը հաստատվելու է մոտ մեկ ամիս անց: Ռուսական խոշոր կորպորացիան Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրել է նույն պաշտոնի և գործունեության համար, ինչով վերջին 9 տարիներին Ռոբերտ Քոչարյանն զբաղվել է «Սիստեմայի» Տնօրենների խորհրդում՝ որպես Անկախ տնօրեն, նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահ:

Այլ իրավիճակում այս, մեծ հաշվով սովորական տեղեկությունը հազիվ թե ուշադրություն գրավեր: Բայց Ռոբերտ Քոչարյանի դեմ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իշխանության եկած «հեղափոխականների» ու վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացվող քաղաքական ու դատական հետապնդման ֆոնի վրա ռուսական խոշոր կորպորացիայի նշված որոշումը հատուկ հնչեղություն է ձեռք բերում:

Դա հասկանալու համար նախ պետք է իմանալ, թե ինչ կարգի տնտեսական կազմակերպության մասին է խոսքը: «Սիստեման» հրապարակային բաժնետիրական ընկերություն է, որի վերաբերյալ համացանցում ծավալուն տեղեկատվություն կա: Այնպես, որ ինտերնետի տեղն իմացողները առանց կողմնակի օգնույթան կարող են հետաքրքրվել և տեղեկանալ: Խոսքը, անգամ ռուսաստանյան չափանիշներով, խոշոր տնտեսական միավորման՝ կորպորացիայի մասին է, որը նկատելի դեր է խաղում ժամանակակից Ռուսաստանի տնտեսական կյանքում: «Սիստեման» խոշոր հարկատու է և ՌԴ տնտեսության ռեալ հատվածում նույնքան խոշոր մասնավոր ներդրումներ իրականացնող, որի գործունեությունը ավելի քան 150 հազար աշխատատեղ է ապահովում ամենատարբեր բնագավառներում՝ հեռահաղորդակցույթունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսությունից մինչև փայտանյութի վերամշակում և այլն, և այլն:

Կարիք կա՞ բացատրել, որ այդ կարգի ու նման ընդգրկմամբ գործող խոշոր տնտեսական կառույցները հենց այնպես որոշումներ չեն ընդունում: Երևի հարկ չկա նաև բացատրել, որ այդ տեսակի տնտեսական խոշոր միավորումները հիմնականում խուսափում են նաև քաղաքական ու քաղաքականացված շրջանակների ավելորդ ուշադրությունից կամ աղմկոտ պատմույթուններից:

Այս ամենը հաշվի առնելով, «Սիստեմայի» Տնօրենների խորհրդի կազմում որպես Անկախ տնօրեն կրկին Ռոբերտ Քոչարյանին առաջադրելը չափազանց հետաքրքիր հետևությունների առիթ է տալիս:

Դա նշանակում է, որ մարդիկ բարձր են գնահատում Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը Տնօրենների խորհրդի կազմում: Դա նաև առաջին հերթին հոգեբանական ուժեղ աջակցություն է: Դա «սիստեմավորված» թափանցիկ ակնարկ ու հակադարձում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայրենիքում իրականացվող, հիստերիայի մակարդակին հասնող հետապնդմանը: Ակնարկ այն մասին, որ Հայաստանի նոր իշխանության կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները որքան էլ որ լուրջ և ծանր հոդվածներով են, հակադարձ համեմատական են կոնկրետ գործի բովանդակությանն ու մեղադրանքների հիմքերի «լրջությանը»: Կարճ ասած, ռուսները վստահ են որ, այդ մեղադրանքները փուչ են ու դրանց տակ հիմքեր չկան, այլապես հեռու կմնային: Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ՝ իր դեմ կարված «քրեական գործը» իրավաբանական թափոն է, ոչ ավելին: Բաց դատական պրոցեսսի հենց սկզբի օրերից արդեն շատերն համոզվեցին դրանում։ «Սիստեմայում» վստահ են, որ այդպես էլ կա, հակառակ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանին նորից չէին առաջադրի կամ վերաառաջադրի Տնօրենների խորհրդի կազմում:

Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ հիվանդագին ընկալողները կարող են ավելի հեռուն գնալ և հեռուն նայել, եթե ատելությունը դեռ լիովին չի խցանել նրանց տեսողությունը: Հայաստանի «հեղափոխական» նոր ղեկավարները և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը կշարունակեն ձևացնել, թե ոչինչ չգիտեն, ոչինչ չեն տեսել ու, ընդհանրապես, իրենց «խրճիթը» գյուղի ծայրին է, իսկ Վլադիմիր Վլադիմիրիչի հետ հարաբարությունները, իբր, շաքար-մեղր են, դեռ երբեք այսքան լավը չեն եղել: Բայց իրենք՝ նոր ղեկավարները, վարչապետը, իր թիմը պիտի շտապեն այդ թեմայով «կռուտիտներ» անելու հարցում, որովհետև ամեն օրվա հետ իրենց ասածներին հավատացողների շարքերը նոսրանում են:

Տիրգան Վարդանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ