Պետական եկամուտների կոմիտեում եւ վիճակագրական կոմիտեում աճպարարություններն ու թվային տվյալների խեղաթյուրումները հասել են այն աստիճանի, որ սկսվել են հակադրվել մեկը մյուսին եւ այս պարագայում փորձել պարզել, թե ո՞ր մեկն է ո՞ր չափով ստում, գործնականում անհնար է։ Երկուսն էլ ձգտում են կատարել Նիկոլ Փաշինյանի ցանկությունները եւ ներկայացնել թեկուզ գոյություն չունեցող, բայց դրական ցուցանիշներ։ Այդ «ազնիվ» մրցակցությունն էլ բերում է նման անհեթեթությունների։
Հիշեցնենք, որ պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը հրապարակում է հաջորդ ամսվա վերջին։ «Ասք 136 մլրդ դրամ անցումային գերավճարի մասին» հրապարակման մեջ նշել էինք, որ հակառակ ՊԵԿ կողմից հրապարակված այս տարվա հունվար, փետրվար եւ մարտ ամիսների ցուցանիշների, վիճակագրակիան կոմիտեի կողմից այդ նույն երեք ամիսների նույն վիճակագրության մեջ ․․․ 136 մլրդ դրամի տարբերություն կար։ Այսինքն, ՊԵԿ հրապարակման մեջ բացակայում էր 136 մլրդ դրամ անցումային գերավճարի (արտահանողներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի) մասին տեղեկատվությունը, այդ գումարի մասին ոչինչ չէր ասվել նաեւ ՊԵԿ նախագահի մամուլի ասուլիսում, բայց այն «հանկարծ» հայտնվել էր վիճակագրական կոմիտեի եռամսյակային տվյալների մեջ։ Բնականաբար, որեւէ պարզաբանում վերոնշյալ կառույցների կողմից չեղավ։ Դժվար է բացատրություններ գտնել ոչ փոքր՝ 136 մլրդ դրամ կազմող գումարի վերաբերյալ։
Եվ ահա պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ապրիլ ամսվա հարկային ցուցանիշները, որտեղ «հարկերի անցումային գերավճար» տողում դարձյալ բացակայում է վերոնշյալ 136 մլրդ դրամը։ Ավելին, ապրիլ ամսվա համար այնտեղ 0 դրամ է նշված, իսկ չորս ամիսների տվյալների դիմաց դարձյալ նախկինում նշված 224 մլն դրամն էր։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ նախորդ տարվա ընթացքում հետ վերադարձված ավելացված արժեքի հարկը «հարկերի անցումային գերավճար» տողում ճշտությամբ գրված է՝ 55 մլրդ դրամ։ Բացի այս ամենից, պետեկամուտների կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա տվյալների մեջ այդ նույն «հարկերի անցումային գերավճար» տողում բացակայում է այս տարվա ցուցանիշների տոկոսային համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատավածի նկատմամբ։ Այս ամենին ի լրումն, իր մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսում էր 120 մլրդ դրամ անցումային գերավճար մարելու մասին, որն ընդհանրապես որեւէ տեղ նշված չէ։ Մի խոսքով, հակասությունների եւ ապատեղեկատվության կծիկ հայտարավող ցուցանիշների վերաբերյալ։
Ապրիլ ամսվա ցուցանիշներում այլ ուշագրավ տվյալներ էլ կան։ Օրինակ բարձր տեմպերով աճում է շրջանառության հարկը, որով հարկվում է փոքր բիզնեսը։ Ամբողջ նախորդ տարվա 21 մլրդ դրամի փոխարեն այս տարվա առաջին չորս ամիսներին այս հարկատեսակի գծով արդեն հավաքվել է ավելի քան 12 մլրդ դրամ։ Սա խոսում է փոքր բիզնեսի նկատմամբ ուժեղացված հարկային ճնշման ու նրա հաշվին բյուջեն «լցնելու» մասին։ Ի դեպ, հակառակ սրան, ՊԵԿ-ի հրապարակած մեկ այլ՝ 1000 խոշոր հարկատռուների ցանկում, նախկինում Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվող թիվ մեկ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հարկային վճարումները նվազել են։ Խոշոր հարկատուների ցանկին ավելի մանրամասն կանդրադառնանք այլ անգամ։
Վերադառնալով ապրիլ ամսվա հարկային ցուցանիշներին, նշենք, որ եկամտային հարկի ծավալների ավելացումը եւս հիմնականում փոքր բիզնեսի հաշվին է տեղի ունենում, քանի որ խոշոր ընկերությունները մշտապես գտնվել են հարկային մարմինի հսկողության տակ եւ կոնկրետ աշխատատեղեր թաքցնելը նրանց համար ավելի բարդ է եղել։ Նիկոլ Փաշինայնի կողմից հիշատակվող 51 հազար ստվերից դուրս բերված աշխատատեղերը հենց փոքր ձեռնարկություններից են բերվել։ Նախկին «թալանչի» իշխանությունը փոքր բիզնեսի հանդեպ վարում էր մի քաղաքականություն, որով այն չէր ենթարկվում հարկային ուժեղ վարչարարության, որպեզի հավելյալ սոցիալական խնդիրներ չստեղծվեն եւ թողնեն, որ այդ մարդիկ «իրենց գլուխը պահեն»։ Սակայն նաեւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների շնորհիվ իշխանության եկած «թավշյա» կառավարությունը միանգամայն այլ կերպ է վարվում, ինչը երեւում է ՀԴՄ- ներ պահանջելու նրա կոչերում, շրջանառության հարկի եւ ակտմային հարկի գանձուկմների ավելացմամբ։ Մնում է միայն, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչները հասկանան իրենց կատարած սխալը մեկ տարի առաջ եւ համապատասխան գնահատականներ տան կառավարության այս մոտեցմանը։ Ինչեւէ։
Միանշանակ է մեկ բան, քանի դեռ երկրի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է, անհնար է ակնկալել վիճակագրական հստակ եւ մեկը մյուսին չհակասող տվյալներ՝ հատկապես այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին է բյուջեի հարկային եկամուտներն են։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը