Դեռ երբեք Հայաստանի քաղաքական դաշտն ու կյանքը այսքան ամայացած ու անգաղափար չէին եղել, որքան վերջին ժամանակաշրջանում է: Բայց այս օրերին, պետք է դա արձանագրել, քաղաքական դաշտը կարծես հետհեղափոխական թմբիրից ելավ: Ինչքան էլ զարմանալի չթվա, դրան նպաստեց կամ կատալիզատորի դեր խաղաց դատարանների ու դատական համակարգի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած ցուցադրական գրոհը: Մեկ այլ խթանիչ կարելի է համարել իշխանության կողմնակիցների հարձակումը թոռնիկի հետ Օպերայի մոտ խաղաղ զբոսնող ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա: Դաշնակցությունը նման հարվածի գուցե չէր սպասում, բայց դաշնակցությունն այն կուսակցական կազմակերպությունը չէ, որի նկատելի ներկայացուցչի դեմ նման վարքը անհետևանք անցնի կամ աննկատ մնա:
Այդ ամեն ինչով հանդերձ, քաղաքական կյանքը դիպվածային ակտիվացում է ունենում, այն էլ հիմնականում գործող իշխանության անժամ-անպատարագ հայտարարություններին արձագանքելու առիթներով:
Խոշոր հաշվով վերցրած, կա փողոցային ցույցերով իշխանության հասած միջակությունների խումբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կան այդ խմբակին «անվերապահորեն աջակցող» հասարակության շերտեր ու ֆեյսբուքյան ֆեյքեր, որոնց միակ «զենքը» հայհոյանքը, վիրավորանքն ու ստախոսությունն են:
Կան հնից մնացած կուսակցություններ, որոնցից «սիրո հեղափոխությանը» ընթացքում միացած ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, մեկը ջրեղեն, մյուսը՝ լրացուցիչ ճառեր մատակարարելով, նույնիսկ արտահերթ ԱԺ մտան: Բայց դրանք ավելի շուտ բուտաֆորիա են, քան ռեալ քաղաքական ուժ կամ քաղաքական կոմպոնենտ ու ֆակտոր: Կան, հայտարարություններ են անում, ելույթներ են ունենում, քննադատում են, բայց ավելի շատ «ժիլետի թևի» կարգավիճակում են:
Կա նաև ՀՅԴ-ն, որ ղեկավար կազմի թարմացումից հետո դեռ կազմակերպչական խնդիրներով պետք է որ զբաղված լինի, բայց փորձում է ամրագրել ու հստակ դիրքավորվել նոր քաղաքական իրավիճակում: ՀՀԿ-ն դեռևս վերակազմավորման չի գնում և դաշտում երևում է մշտապես նույն դերակատարներով:
Կան նաև սաղմնավորման փուլում գտնվող նոր-նոր ձևավորված կուսակցույթուններ, որոնք, սակայն, դեռ պիտի դաշտ մտնեն, հանրությանը լուրջ հայտ ներկայացնեն, կայանան, հետևապես՝ դեռ քաղաքական ֆակտոր ու դերակատար չեն դարձել:
Այս ամեն ինչը կա, քաղաքական ռեալ օրակարգ՝ ոչ: Չկա քաղաքական մտքի կենտրոնացում ռեալ խնդիրների ու դրանց լուծման տարբերակների, այդ տարբերակների զանազան եղանակների վրա:
Օրակարգ կա: Բայց դա հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակիցների ձևավորած «արհեստական օրակարգն» է կամ «կեղծ օրակարգերն» են, ինչպես ժամանակին ինքը՝ Հայաստանի ամենից շատ աղմկող պատգամավորն էր սիրում ասել: Այդ «օրակարգի» բովանդակությունն էլ կախված է նրանից, թե հերթական լայվի ժամանակ կամ որևէ այլ ելույթում, ՖԲ-ում գրառմամբ բոլորին, հասարակությանը, քաղաքական ուժերին իրար խառնող, իրար դեմ հանող է՛լ ինչ հայտարարություն կանի վարչապետը, երկրի գլխավոր գործադիր իշխանավորն ու այդպես էլ սպեցիֆիկ տոնայնությամբ աղմկող ընդդիմադիր մնացած հռետորը:
Վերջին ելույթը, որ դատական համակարգի «վիրահատական բարեփոխմանն» էր նվիրված, իսկ իրականում պետական իշխանության ճյուղերից մեկը կազմաքանդելու և այդ մասով էլ պետականությունը թուլացնելու քանդարարական գործողությունների խառը ցանկ է հիշեցնում, նա հաջողացրեց միանգամից մի քանի քայքայիչ «արհեստական օրակարգեր» նետել դաշտ:
Մեկը՝ դատական համակարգի՝ իբրև թե «չիստկան» ու այսպես ասած՝ անցումային արդարադատության անցնելու թեման է: Մյուսը այն, թե իբրև կան «որոշ շրջանակներ», որոնք նպատակ ունեն հասարակությանը բաժանել «հայաստանցի-ղարաբաղի» թևերի, հանեն իրար դեմ, որ վաղը երբ պատերազմ սկսվի, տարածքներ զիջեն թշնամուն, որ դրա մեղքը գցեն իր՝ Նիկոլ Փաշինյանի վրա: Այսինքն, ուզում էր ասել, թե դավադիրներ կան ու դավադրություն են նախապատրաստել: Այսինքն՝ ուզելը ո՞րն է, հենց այդպես էլ ասաց: Եվ մի թեմա էլ՝ 2016 թվական ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու միտքն է:
Երեք գլխավոր թեմաներն էլ մեկը մյուսից քանդարարական են ու մեկը մյուսից վտանգավոր պետության համար, եթե չասվի, որ նման հիստերիկ-հեղափոխական մոտեցումներով այդ կարգի կարևոր խնդիրներ բարձրացնելն ու իշխանական վերևից թափով հասարակության գլխին շպրտելը ուղղակիորեն սպառնում են պետության ու ազգային անվտանգությանը: Դրանցից ամենզ մեկը շատ խորքային, գուցե նաև ոչ հրապարակային վերլուծության ու գնահատականի է արժանի, ըստ որում՝ փորձագիտական մակարդակով:
Այդ թեմաներից որն էլ քննես, բացահայտ կերևա, թե ինչքան խոցելի հիմնավորումներ ու թեզեր են դրված Նիկոլ Փաշինյանի ձևակերպած մոտեցումների տակ: Եվ դա չի կարող չնկատել միայն նրա լուսանկարի առաջ մոմ վառող աջակիցը կամ հատուկ բուծված ու սոցցանց մտցված հայհոյողը: Իսկ իշխանությունը ընդունելի, հասարակությունը համախոբող գաղափարների, քաղաքական ռեալիստական ծրագրերի ու գործերի փոխարեն անվերջանալի «դմփ» ու «հու» է առաջարկում, ոչինչ ավելին: Այդ մարդիկ հեղափոխականության վրա են մասնագիտացած, հեղափոխությունից բացի էլ բան չունեն ասելու: Երեկ առաջին փուլն էր, այն օրը ազդարարվեց երկրորդ փուլը, հետո՝ երրորդը կլինի: Հենց այնպես չեն ժամանակին նկատել, որ հեղափոխություններն սկիզբ ունենում են, վերջ՝ չէ:
Կա մի կարևոր հանգամանք, ևս, որը Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի անհանգիստ շարժումների իրական դրդապատճառներից մեկն է: Դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական ակտիվ գործունեության նոր հնարավորությունն է: Նույնիսկ ոչ այնքան այդ հնարավորությունը, որ միշտ էլ կար ու կա, այլ այն իրողության գիտակցումը, որ քաղաքական նոր կոնֆիգուրացիան առանց իր մասնակցության չի ստացվի:
Ու բոլորովին պարտադիր չի, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչ-որ քայլերով ու նախաձեռնություններով հանդես գա, դա իր որոշելիքն է, թե ինչպես հանդես կգա: Իրավիճակի նրբությունն այն է, որ իշխանության առաջարկած արհեստական օրակարգերն ու ծայրահեղին մոտեցող հայտարարությունները, վարքը կարող են նպաստել ու նպաստում են, որ կոնկրետ քաղաքական ֆիգուրի շուրջ համախմբվելու գործընթացն արագանա:
Տիգրան Վարդանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը