ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող նախնական նիստի չորրորդ օրը նշանավորվեց Արցախի հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցով։ Հայոց երկու պետականնություններից մեկի 2 բարձրագույն ղեկավարները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրոգարյանին անձամբ ներկայացրեցին իրենց անձնական երաշխավորությունը։ Արցախի հերոս Արկադի Ղուկասյանը և Արցախի բանակի մարտական գեներալ Բակո Սահակյանը իրենց ստորագրություններով վերահաստատեցին օրեր առաջ հայտնած խնդրանքը` կալանավորված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց ընտրելու մասին, կատարեցին պահանջված դրամական գրավադրումը` դառնալով իրենց մարտական հրամանատարի ու կյանքով փորձված ընկերոջ ազատության երաշխավորը։
Դատավարության չորրորդ օրը նշանավորվեց ևս մեկ իրողությամբ։ Երբ նախագահ Քոչարյանի պաշտպանական խումբն ավարտեց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության հիմքերը ներկայացնելը, և երբ տարատեսակ հիմավոր փաստարկներով ապացուցվեց, որ առաջադրված մեղադրանքը պարզ ու հասկանալի չէ և առանց մեղադրանքի էությունը Ռոբերտ Քոչարյանին բացատրելու է մեղադրական եզարակացությունն ուղարկվել դատարան, անձնական փաստարկներն ու հիմնավորումներն սկսեց դատարանին ներկայացնել Ռոբերտ Քոչարյանը։ Եվ միանգամից պարզ դարձավ, որ իշխանական թավիշն այնքան ցանցառ ու թուլակազմ է, որ առաջին նուրբ հպումից արդեն բզկտվում է։ Գլխավոր Դատախազն աճապարանքով հասավ դատարան և ակնհայտ ու անկառավարելի լարվածությունից դրդված` զսպվածության հոխորտալի կոչ հնչեցրեց։
Ռոբերտ Քոչարյանի արձագանքն ավելի քան զգաստացնող էր, պատշաճ ու դիպուկ։ ՀՀ երկրորդ նախագահը դատարանին հիշեցրեց, որ փաստաբան չէ և իրեն չի սպառնում դատապաշտպանի իրավունքներից զրկվելու հեռանկար, ուղղակիորեն շեշտեց, որ ստիպված է փաստարկներն ու հիմնավորումները կրկնում, քանզի բազմիցս է համոզվել, որ դատարանում «կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասես` որ մտնի, բայց մեկ է` չի մտնում»։ Իսկ երբ գլխավոր դատախազը փորձեց` դատավարական կարգը կոպտորեն խախտելով, ընդհատել նախագահ Քոչարյանի խոսքը, անմիջապես էլ «գործի վերաբերյալ ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես: Կարո՞ղ է` ինձ պաշտպանվելու իրավունքից էլ զրկեք» բառային նոկաուտ ստացավ, սսկվեց ու մինչև նիստի ավարտը լուռ լսեց նախագահ Քոչարյանի դատավարական ցուցմունքն էական ու որոշիչ փաստերի մասին ։
Նախագահ Քոչարյանը հնչեցրեց օրվա իշխանության ճգնաժամը հոգեվարքի փոխող ճշմարտությունը` մեկ անգամ ևս հաստատելով, որ դատավարության ամեն հաջորդ օրը մերկացնելու է 11 տարի առաջ Փաշինյանի որոշիչ մասնակցությամբ ԼՏՊ-ի գործած բոլոր հանցանքները։ Նախագահ Քոչարյանը նշեց, օրինակ, որ ԼՏՊ-ի ճամբարում քաոսն ու հուսահատությունը (այն` ինչ տիրում է այսօր Փաշինյանի իշխանական ճամբարում) հասել են ծայրակետին, երբ երրորդ տեղը գրաված թեկնածուն հայտարարաել է ընտրություններում հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանին միանալու մասին, իսկ ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանը հնարավորություն չի ունեցել զինված աջակցություն տրամադրել։
Այս իրավիճակում այլևս կորցնելու ոչինչ չունեցող ԼՏՊ-ն իրավապահների վրա հարձակվելու, բախումների ու քաոս ստեղծելու հրաման է տվել իր սադրիչների զինված խմբերին։ Հրապարակում նրա հարամանով իր մարդակուլ հրամանատարական հմտություններն է փորձարկել Փաշինյանը, իսկ ցուցարարներին փողոցում պահելու գործն ստանձնել են 2 հայտնի գործարարներ` հրապարակում հավաքվածներին մատակարարելով ուտելիք, խմիչք, հագուստ (օպերատիվ հայտնի տվյալներով` նաև թմրանյութեր, մահակներ)։ ԱԱԾ-ն երկրի նախագահին զեկուցել է նախապատրաստվող պրովոկացիաների մասին, ուստի ոստիկանությունը ստիպված է եղել` ԼՏՊ-ի միտումնավոր կազմակերպած զինված սադրանքը կանխելու քայլեր ձեռնարկել։ Ցուցարարների ճամբարը զննելու փորձը ԼՏՊ-ն նենգադավորեն վերածել է զինված դիմադրության, իսկ Փաշինյանը դիրքեր գրավելու և բարիկադներ կառուցելու ուղղակի կոչեր է հնչեցրել։ Իսկ երեկոյան արդեն օպերատիվ տվյալներ են ստացվել հրկիզումների, թալանի, զինված դիմադրության ու վիրավորների մասին։
Կատարելով «քննիչին էլ եմ սա պատմել ու հարցրել` ինձ ինչի՞ համար են մեղադրում, բայց հասկացա, որ քննիչն էլ չգիտի, ու մեղադրանքն անհասկանալի է առայսօր» շեշտադրումը, նախագահ Քոչարյանը նաև պնդեց, որ խուսափելով գաղտնիք բացահայտելուց` հավաստում է, որ ի հակառակ թյուր պնդմանը, թե համահավաք գումարտակ է տեղափոխվել Արցախից, ոչ մի մարդ Արցախից Երևան չի բերվել, իսկ թյուրիմացության պատճառը զինված ուժերի կառուցվածքին անտեղյակությունն է։ Հավաստիանալու համար նախագահ Քոչարյանը խորհուրդ տվեց կարդալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ցուցմունքը։
Նախագահ Քոչարյանը հիմնավոր թյուրիմացության հետևանք որակեց նաև պնդումը, թե իր պաշտոնավարումն ավարտող նախագահը կարող է ինչ-որ մեկին հանձնել կամ չհանձնել իշխանությունը, երբ կա ընտրություններում հաղթած թեկնածու և նա՛ պետք է որոշի` ստանձնի, թե չստանձնի նախագահի պաշտոնը։ Ապա դիպուկ հավելեց. «դեռ հարց է, թե ո՞ւմ լիազորությունն էր ավելի` նախագահի, թե վարչապետի` ով ընտրված էր ու մեծամասնություն ուներ ԱԺ-ում։ Իսկ իմ միակ անելիքն այն էր, որ չընտրված թեկնածուն փողոցային գրոհով ու մոլոտովի կոկտելներով չդառնա նախագահ։ Ես պարտավոր էի կատարել իմ պարտականությունը` պահպանել սահմանադրական կարգը, եթե չանեի` պետք է կանգնեի դատարանի առաջ։ Բանակը չի պաշտպանել ՀՀԿ-ին կամ վարչապետին, այլ պետական կարգն է պահպանել»։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը