Հատկապես թավշյա վարչապետին, նաև ռեժիմի վերնախավին ու բոլոր կամակատարներին, ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ մեր երկրում իշխանությունը անխտիր բոլորի դեպքում բխում է ո՛չ թե ինչ-որ մեկի նկրտումներից, քմահաճույքից, կամքից, շահերից կամ ծառայամտությունից, այլ միայն սահմանադրությունից ու օրենքներից։ Եվ դա այն պարզ պատճառով, որ Սահմանադրության հոդված 1-ի համաձայն` մեր երկիրն իրավական պետություն է, իսկ հոդված 2-ը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին և այն որևէ կերպ յուրացնողը հանցագործ է։
Ռեժիմի ամբողջատերը դարձած վարչապետը նաև պետք է հիշի, որ կարող է պատասխանատվության կանչվել անգամ չնչին զանցանքի և դատվել նույնիսկ իրեն աննշան թվացող օրինախախտման համար, քանի որ չունի սահմանադրական անձեռնմխելիություն։ Լեգիտիմ ԱԺ-ն շանտաժով ու ռեպրեսիաներով լուծարելու, ընտրական պրոցեսների տոտալ ադմինիստրատիվ, ուժային ու աջակիցների խիստ կողմնակալ վերահսկողության պայմաններում կատարված «ազատ» քվեարկության միջոցով խամաճիկային ԱԺ ձևավորելու, իր նշանակած իքական մեծամասնության միաձայն քվեարկությամբ վարչապետ դառնալու, ժողովրդին ամեն օր նոր ստով խաբելու և մոլորեցնելու, ամբողատիրական ռեժիմ հաստատելու համար Փաշինյանը վաղուց մի դատավարությունից մյուսը վազելու վիճակում կլիներ, եթե քննիչներին, դատախազներին ու դատավորներին հեռախոսային կառավարմամբ անձական կամքը թելադրելու գերագույն օրինազանցությունը նորմ դարձրած չլիներ։
Անհրաժեշտ է նաև բոլորին հիշեցնել, որ մեր պետության գլուխը նախագահն է (սահմանադրության հոդված 123) և նա է հետևում սահմանադրության պահպանմանը` լիազորություններն իրականացնելիս անաչառորեն առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով, ողջ ուժը ներդնելով ազգային միասնության ամրապնդման գործին։ Այսինքն. երկրի նախագահի համար սահմանադրական ահազանգ պետք է լինի ժողովրդին սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանող, այս կերպ ազգային միասնությունը պառակտող վարչապետ Փաշինյանի կառավարումը։
Եվ ի տարբերություն վարչապետի` երկիր նախագահն անձեռնմխելի է (սահմանադրության հոդված 140), իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար էլ կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո: Այսինքն. նույնիսկ ամբողջատեր վարչապետը օրինական կարգով ի զորու չէ նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնել (թեև հենց դա՛ հիմա անօրինական կարգավ անում է ՀՀ երկրորդ նախագահի ու այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ)։
Քաղաքական վրեժի քաղաքականություն վարող Փաշինյանին ժամանակն է հիշացնել նաև, որ կառավարության լիազորությունները սահմանվում են ոչ թե վարչապետի ցանկություններով, այլ սահմանադրությամբ և օրենքներով: Եվ ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է գործադիր իշխանության բարձրագույն մարմինը, որն իր ծրագրի հիման վրա պարտավոր է մշակել ու իրականացնել պետության ներքին, նաև արտաքին քաղաքականությունը: Մինչդեռ թավշյա կառավարության ծրագիրը ընդհանուր դատողությունների, ցանկությունների, կենացների, պոպուլիստական ու անժամկետ խոստումների մի հավաքածու է, որը չի կարող հիմք դառնալ ո՛չ ներքին քաղաքականություն մշակելու, ո՛չ էլ այդ ներքին քաղաքականությունը սպասարկող արտաքին հարաբերություններ կառուցելու համար։ Թավշյա կառավարության անգործության մատնված լինելու պատճառներից միայն մեկն է սա։
Միայն խորհրդարանական մեծամասնության (որի էկլեկտիկ հավաքածուն արդեն պառակտվում ու մասնատվում է) հեղհեղուկ հիմքի վրա գոյատևող թավշյա վարչապետն իր վիճակը ավելի չծանրացնելու նկատառումով գոնե խելամտորեն պետք է հրաժարվի դատական իշխանությանը քաղաքական պատվերներ պարտադրելու պրակտիկայից և հիշի, որ մեր երկրում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան (սահմանադրության հոդված 162-164), իսկ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն, նաև արտակարգ դատարաններ ստեղծելն արգելված է:
Ժամանակն է նաև, որ դատական ողջ համակարգը թոթափի Փաշինյանի շանտաժային ու սադրիչ ճնշումները և վերհիշի սահմանադրական նորմերը, ըստ որոնց` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար և դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Դատավորները ստիպված են լինելու սթափվել ու հիշել, որ դատարանը սահմանադրության պահանջով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ կմտաբերի, որ անկախ է և երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ գլխավոր դատախազն էլ կհիշի, որ ինքն է դատական միասնական համակարգի ղեկավարը և պարտավոր է գործել իրեն վերապահված սահմանադրական լիազորությունների շրջանակում ու օրենքի հիման վրա (ինչը հիմա չեն արվում ՀՀ երկրորդ նախագահի ու մարտի 1-ի գործով մյուս բոլոր անհիմն ամբաստանվածների դեպքում):
Սահմանադրության վերը նշված բոլոր հոդվածները փաստորեն այսօր խախտվում են և փաստացի հարյուրավոր պաշտոնյաներ պարտադրված սահմանադրության ու օրենքների խախտումներ` հանցագործություն են կատարում իշխանությունը բռնազավթած մեկ անձի կամքով։ Հիմա է ժամանակը` իրողությանը սթափ հայացքով նայելու և տեսնելու հոխորտանքով ստող ամբողջատերի մերկությունը, գիտակցելու` որ նրա միակ հիմք մնացած խորհրդարանական մեծամասնությունը պառակտվում է և Փաշինյանի ոտքի տակից հողը փախչում է։ Հետո զղջումը շատ ավելի ցավալի` ուշացած կլինի։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը