Թավշյա իշխանափոխության առաջին տարելիցի, ապա և` մեր երկրի հետխորհրդային շրջանի պատմությունը հետահայաց դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ Փաշինյանը արատավոր քաղաքական գենետիկա ունի։ Ինչպես ՀՀՇ-ի առաջնորդ ԼՏՊ-ին, այնպես էլ նրա քաղաքական հոգեզավակին հատուկ է իշխելու մղումը, քաղաքական մրցակիցներին «վտանգազերծելու» օրինազանց ցինիզմը։ Ժամանակագրությունը Փաշինյանի քաղաքական ապօրինի ծագման և մեղսալի էության վկայությունն է։
Վերանկախացած Հայաստանի առաջին նախագահական ընտրություններին Կոմկուսը մասնակցելու հնարավորությունից զրկվեց, քանի որ հակախորհրդային ժողովրդական ալիքի վրա (այն ժամանակ էյֆորիան այսպես էին անվանում) օրենսդիր իշխանությունը զավթած ՀՀՇ-ն կարողացավ շանտաժի ու սադրանքի մի ամբողջ շարքի միջոցով չեզոքացնել կոմունիստներին։ Նույն անօրեն ու անբարո «պայքարը» մինչև վերջ մղվեց Աշոտ Նավասարդյանի առաջնորդած ՀՀԿ-ի և ազգի պատմական հիշողությանն ապավինած Դաշնակցության դեմ։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ 1991-ի հոկտեմբերի 16-ի հապշտապ ընտրություններին մասնակցեց հեռակա (խորհրդային իշխանությունը նրան վտարել էր Եթովպիա)։ Արդյունքում ԼՏՊ-ն ստացավ 83% «ազատ, բայց չգիտակցված» քվեներ։
Առաջին նախագահի իշխանավարման առաջին քառամյակը բացահայտեց և՛ էյֆորիկ «ընտրության» կործանիչ բնույթը, և՛ իշխող Հայոց համազգային շարժման առաջնորդի հայատյաց էությունն ու համազգային պառակտիչ նկրտումները։ 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական երկրորդ ընտրությունների արդյունքները ԼՏՊ-ի ուղղակի հրամանով կեղծվեցին անողորմ ցինիկությամբ։ Քվեաթերթիկների բազմակի «վերահաշվարկից», բացահայտ «ուղղումներից» հետո, վերջնաժամկետից միայն վայրկայաններ առաջ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ԼՏՊ-ն «ստացել» է քվեների 51.75%-ը, իսկ գլխավոր մրցակցին` ազգային համաձայնության դաշինքի միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյանին թողել էին 41.29%-ը։
1996-ի նախագահական ընտրություններում ԼՏՊ-ի անվերապահ, բացահայտ պարտության, սահմանադրական կարգը ոտնահարելու և ընտրությունների արդյունքները հիմնովին կեղծելու միջոցով իշխանությունը յուրացնելու փաստը բազմիցս հաստատել են ոչ միայն ԼՏՊ-ի քաղաքական հակառակորդները, այլ նրա ամենասերտ համախոհները։ Կարկառուն հհշական և ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը խոստովանել է. «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց` պատրաստ չէ: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ…»։ Մեկ այլ հհշական կարկառուն` Գերագույն խորհրդի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը գրել է. «Եթե ես և մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու...»:
Հայոց պետականության ու ժողովրդի դեմ գործած ԼՏՊ-ի անչափելի այս հանցանքին Վազգեն Մանուկյանի գնահատականը անբեկանելի է. «1996-ին ժողովուրդը հասկացավ, որ խաբված է: Ոչ թե ինձնից խլեցին նախագահ դառնալու իրավունքը, այլ ժողովրդից խլեցին իր ձայնի իրավունքը: Ժողովուրդը կոտրվեց, կոտրվեց գաղափարը, որ 88-ից ժողովրդի մեջ մտցրել էինք, որ էս հողը ձերն է, էս պետությունը ձերն է, ամեն ինչ ձերն է: Արտագաղթի մեծ ալիք բարձրացավ, ժողովրդի մի հսկա հատված հիասթափված թողեց-գնաց: Այն, ինչ արեցին իշխանությունները 1996-ին, պատմական հանցագործություն էր մեր պետության դեմ։ Իշխանությունը բանակը հանեց ժողովրդի դեմ: Դա հանցագործություն է, քանի որ բանակը քաղաք մտնելու և քաղաքականությանը խառնվելու իրավունք չուներ։ Եթե չլիներ 1996-ը, չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը»: Ամեն ինչի հիմքերը դրվեցին 1996-ին»։
Իսկ Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ տրակտատ է գրել ԼՏՊ-ի ընտրական ապօրինությունների, սահմանադրական կարգի բռնի խախտումների, ժողովրդի դյուրահավատ խմբերին իր հանցավոր արկածախնդրության զոհը դարձնելու, նրա քաղաքական կեղծիքների ու դեմագոգիայի զոհերից մեկը լինելու, բայց նաև` նրան ամբողջովին ընդօրինակելու մասին։ Այս հոդվածաշարը «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» վերնագրով ու Ա. Սմբատյան ստորագրությամբ նա հրապարակել է իր «Հժ» օրաթերթում։ Միայն մեկ ցիտատ. «Տեր-Պետրոսյանը քաղաքական խաբեությունը պետք է վերածվեր քաղաքական բեմադրության. հազարավոր քաղաքացիներ հիմարացվում էին այսպիսի ցինիզմով: Ո՞վ գիտե՝ առաջի՞նն էր սա, թե երկրո՞րդն էր, տասներո՞րդը, հարյուրերո՞րդը»:
Իշխանությունը իբրև թե գործ է հարուցել իր կողմնակիցների նկատմամբ, ՊՎԾ պետ, վարչապետի ազգական, առողջապահության նախարար և այլն։ Տարբեր քրգործերով անցնող յուրայիններից գրեթե բոլորն ազատության մեջ են և հետևում են իրենց գործի ընթացքին։ Եթե սա խաղ չէ, ապա իրավական պետության համար ճառեր կարդացող իշխանությունը պարտավոր էր 96-ի սահմանադրական կարգը տապալելու վգերաբերյալ ևս քրեական գործեր հարուցել։ Չէ՞ որ ծանրագույն հանցագործությունները կատարվել են հենց այդ ժամանակ։
Նույն ապօրինի ճանապարհով, խաբեությամբ ու ցինիզմով 1 տարի առաջ իշխանությունը բռնազավթեց Փաշինյանը։ Հանցավոր, մեղսալի, արատավոր քաղաքական ժառանգականությունն է պատճառը, որ թավշյա վարչապետը ո՛չ 96-ին, ո՛չ էլ 2008-ի փետրվար-մարտին գործած աղաղակաղ հանցանքների համար բարոյական, քրեկան ու քաղաքական պատասխանատվության չի կանչում իր հոգևոր հայր ԼՏՊ-ին։ Նմանը նմանն չի դատում, բայց հաստատ գիտակցում է, որ դա այլևս անխուսափելի է և հաջորդն ինքն է լինելու, որ պատասխան է տալու իշխանափոխական խաբեությաբ սահմանադրական կարգը տապալելու, լեգիտիմ ԱԺ-ին ֆիկտիվ «քվեարկությունների» շարք պարտադրելով` ֆիկտիվ ընտրվելու, հրաժարվելու, 2 անգամ չընտրվելու, ապա ԱԺ-ն լուծարելու և ֆիկտիվ վարչապետ դառնալու համար։
Փոխարենը ֆիկտիվ վարչապետն այսօր քաղաքական հաշվեհարդարի ու անձնական վրեժառության պրոցես է սանձազերծել Ռոբերտ Քոչարյանի դեմ հենց այն պատճառով, որ նա 2008-ին կանխել է սահմանադրական կարգը տապալելու միջոցով քաղաքական ռևանշի հասնելու ԼՏՊ-ի փորձը, իսկ հիմա դարձել է 2018-ին նույնպիսի հակասահմանադրական փորձի միջոցով իշխանությունը բռնազավթած ԼՏՊ-ի քաղաքական հոգեզավակ ու մերձավոր հանցակից Փաշինյանի քաղաքական հակառակորդը։ Թավշյա ժամանակների անցումային արդարադատության երկակի ստանդարտները բացահայտ են։ Փաշինյանի հակաօրիանական հրամանով գրեթե 5 ամիս է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ԼՂՀ վարչապետ, Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ վարչապետ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանված է։ Ոչ մի կերպ օրենքի պահապանները չեն համարձակվում շրջանցել վարչապետի օրինազանցությունը` միայն այն անհիմն հիմնավորմամբ, որ չկալանված նախագահը կարող է խոչընդոտել գործի քննության ընթացքը։ Այս գործողություններով օրվա իշխանությունը աներկբա հաստատում է Ռոբերտ Քոչարյանի անվերապահ քաղաքական հեղինակությունն ու թավշյա ռեժիմի ամենաազդեցիկ քաղաքական մրցակիցը լինելու, նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրագործելու փաստը։ Նաև պարտակում է հանցավոր գենետիկա ունեցող, արդարադատությունը բռնաբարող ռեժիմի բռնապետի անձնական վրեժառությունը։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը