23 04 2019

Ինքնիրավչություն

Ինքնիրավչություն

Արարատյան մաքսատուն կատարած այցը բացահայտեց, որ Վարչապետ Փաշինյանի ինքնիրավչությունն արդեն անգերազանցելի է դարձել։ Նրա գործողությունները օրենքների ու Սահմանադրության համատեքստում դիտարկելն այլևս անհրաժեշտություն է։ Նրա հարափոփոխ դրսևորումները, վարքն ու խոսքը, հրահանգները իրավաբանի և հոգեբանի վերահսկողությունից դուրս թողնելը կարող է ազգային անվտանգության սպառնալիքի վերածվել։ Փաստացի, վարչապետը չարաշահում է իր պաշտոնը։ Սահմանադրական անձեռնմխելիությամբ նա օժտված չէ։ Հետևաբար, արդեն մոտ մեկ տարի գրեթե ամեն օր նրա կատարած մանր ու մեծ օրինախախտումներն անպատիժ եմ մնում ապօրինաբար։ Մինչդեռ իրավական ու ժողովրդավարական երկրում դա հնարավոր չէ։ Ուստի` վարչապետն անպատիժ է մնում, քանի որ յուրացրել է իշխանությունն ամբողջությամբ։

Իսկ մեր երկրի Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքները սահմանող հոդվածում ուղղակի է նշված. «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իշխանությունը յուրացնելու միջոցով վարչապետ Փաշինյանն իրագործում է իր անձնական նկրտումները։ Միայն մեծ ցանկության դեպքում ու կասկածելի վերապահումներով դրանք կարող են համարվել` վարչապետի պարտականություններից բխող։ ՀՔԾ պետին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին, դատավորներին ու քննիչներին հրահանգներ տալը ոչ միայն վարչապետի պարտականությունը չէ, այլ դուրս է նրա իրավասություններից. ինքնիրավչություն է։

Գործնականում վարչապետն օրենքն ու օրինական կարգը խախտելու միջոցով կամային որոշումներ է կայացնում։ Իր հրահանգներով նա այս ապօրինի գործուղությունների մասնակիցն է դարձնում նաև տարբեր պաշտոնյաների։ Կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործություններին վարչապետը հարկադրում է մասնակցել և՛ շարքային պետական չինովնիկների, և՝ բարձրաստիչճան։ Բոլորին վարչապետը դարձնում է իր ինքնիրավչության ակամա հանցակիցը։ Իսկ բռնություններ գործադրելու ուղղակի հրահանգներով և սպառնալիքներով կառավարելու պրակտիկան խրախուսելով էլ` վարչապետը փաստացի ծանրացնում է իր ապօրինի հրամանները կատարող յուրաքանչյուրի հանցակազմը։ Հայտնի փաստաբաններից մեկի դիպուկ ձևակարպմամբ` քաղաքական պատվերն այսօր չափազանց մեծ դեր ունի, իսկ անհեթեթությունների մեղավորները օբյեկտիվ լինելու դուխ չունեն։

Եթե ոմանք կարծում էին, թե վարչապետի ինքնիրավչությունը սահմանափակվելու է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին մեղավոր նշանակելով ու նրա դեմ քաղաքական հաշվեհարդար սադրելով, ջհանգիրյաններին, սիլվաներին, շիրխանյաններին ցուցմունքներ պատվիրելով, սահմանադրական կարգը պահպանողին սահմանադրական կարգը տապալելու «ջուր», հիմնազուրկ ու իմաստազուրկ մեղադրանք առաջադրելով և դատական համակարգին այդ ձևակերպում չունեցող, բովանդակությունից զուրկ մեղադրանքը ամեն գնով պաշտպանելու հրաման տալով, ապա նրանք հիմնովին սխալվեցին։

Այսօր այդ ուղտը շատերի դռանն է չոքել։ Վարչապետի ինքնիրավչությունը հասել է վարչական ամենացածր մակարդակի։ Նա արդեն սպառնալիք է դառնում Հայաստանի համար։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ