11 04 2019

Մեկ-երկու հոգու կապրի՞զ, թե՞ «ձայն բազմաց...»

Մեկ-երկու հոգու կապրի՞զ, թե՞ «ձայն բազմաց...»

Հարցումների շարքը, որ նախաձեռնել է Yerevan.today-ը, հետաքրքրական պատկեր են արտացոլում: Դրանք, իհարկե, «դասական» սոցհարցումներ չեն: Բայց արտացոլում են հասարակության մի որոշակի մասի տրամադրությունները, ընկալումները, ամեն դեպքում: Բացի դրանից, «դասական» սոցհարցումների նկատմամբ վերաբերմունքն էլ է հայտնի:

Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքով գործի դատական քննությունը, հավանական է, որ մոտ հեռանկարում կմեկնարկի: Սպասվող այս իրադարձության վերաբերյալ տրամադրությունները հասարակության մեջ, անկասկած, տարբեր են: Կա մարդկանց մի շերտ, հնարավոր է` առայժմ բավականին նկատելի, որ մեկ բառով ասած՝ «կույր ատելությամբ» լեցուն, միայն հաշվեհարդար է ակնկալում: Այս շերտի դեպքում իրավական, օրինական, արդարադատական հարցերի մասին խոսելն անտեղի է ու ջանքերի անիմաստ վատնում: Մարդկանց հատուկ է սեփական ձախողումներն ու բոլոր խնդիրների պատասխանատվությունը բևեռացնել մեկ կետի կամ անձի վրա, բոլոր մեղադրանքները ու ամեն ինչի բացատրույթունը, իբր թե՝ գտնել այդտեղ: Այսինքն, այս շերտի ընկալումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն է ամեն ինչի համար պատասխանատվություն կրում ու, որ կալանավորված է, մարդկանց այս շերտի համար արդեն բավարար է: Նրանք չեն խորանում ո’չ կոնկրետ քրեական գործի, ո’չ ներկայացված մեղադրանքի, ո’չ դրանց հիմնավորվածությանը կամ մանրամասնությունների մեջ: Անվանենք այս մոտեցումը՝ «դըմփ-դըմփ-հու» ընկալում:

Միաժամանակ, անզեն աչքով էլ է նկատելի, որ վերը նկարագրված այդ մոտեցումն աստիճանաբար տեղի է տալիս, իսկ վերջին մեկ-երկու ամսվա մեջ զգալիորեն տեղի է տվել: Գնալով ավելանում է մարդկանց թիվը, որ սկսում են հարցեր տալ, սկսում են մտածել գործող իշխանության քարոզչական ձևակերպումների վրա, նայում են իրենց շուրջը ու քննում, թե ինչն է փոխվել: Հարցեր են տալիս մարդիկ, նաև Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքով գործի հետ կապված: Նրանց արդեն հետաքրքրում է, թե իսկ ինչո՞ւմ են մեղադրում նախկին նախագահին, ի՞նչ ապացույցներ կամ հիմնավորումներ կան: Մնացած բոլորին բռնում բաց են թողնում, իսկ իրեն՝ դեռ պահում են։ Ինչու՞։

Աստիճանաբար մեծացող այս շերտին արդեն այլ ու իրատեսական հարցեր են հետաքրքրում:

Առաջինը. սա քաղաքակա՞ն հետապնդում է, վրեժխնդրությո՞ւն է, թե՞ օրինականության ու արդարադատություն հաստատելու մոտեցում: Մարդիկ սկսում են նկատել, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում կան քաղաքական հետապնդման դրսևորումներ: Հակառակ դեպքում, եթե դա ընդհանուր նոր մոտեցում լիներ, ապա սահմանադրական կարգի տապալման մեղադրանքներով մի գործ էլ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու 1996-ի «ընտրությունները» փաստաթղթավորած մի շարք գործիչների ներկայացված մեղադրանքներով էլ պիտի հարուցվեր:

Երբ մարդիկ սկսում են ինքնուրույն քննել իրավական մանրամասնությունները, որոնք բավականաչափ ներկայացվում են հասարակությանը, քաղաքական հետապնդման պահը ավելի է ընդգծվում:

Երկրորդ. դատավարության անցկացման կարգը, այսինքն՝ բա՞ց դատավարություն լինի, թե՞ մի մասով՝ փակ: Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանական խումբը, հայտնի է, լիովին բաց դատավարություն կողմնակից են: Ավելին, դեռ նախաքննության սկզբից առաջարկել են, որ ներկայացվող մեղադրանքների հիմնավորումները, բաց ու անթաքույց ներկայացվեն հրապարակայնորեն, որ հասարակությանը ոչինչ մութ չմնա, մարդիկ էլ իրենք տեսնեն ու հասկանան, թե ինչ է եղել, ինչու և ինչպես: Բայց ինչպես ՀՔԾ-ն, այնպես էլ՝ իշխանությունները գերադասում են կիսատ-պռատ մոտեցումը, իրենց կարծիքով՝ իրենց մեղադրանքն ու հետապնդումը հիմնավորող դրվագներ են ժամանակ առ ժամանակ հրապարակ նետում կամ բացառապես քարոզչական հնարքների են դիմում՝ խաղալով «դըմ-դըմփ-հու» մասսայի վրա:

Բայց դատը, ամեն դեպքում, դատարանի դահլիճում է տեղի ունենալու: Եվ այնտեղ արդեն պիտի օրենքն ու փաստերը, փաստարկները խոսեն: Ու մարդիկ էլ, ինչպես ցույց են տալիս հարցումները, արդարադատություն են ակնկալում, այլ ոչ թե քաղաքական շոու:

Մինչդեռ, մարդկանց «մատուցում» են նոր կամայականության օրինակներ, ինչպես վարչապետի ցուցումով իր ազգականի վերաբերյալ քրեական գործ հարուցելն է, մաքսային ծառայողներին «դիմում գրեք, գործից հելեք» բեսեդկայական բառապաշարով վերաբերվելը ու մի քանի աստիճանակարգ ցածր գտնվող պաշտոնյայի վրա սեփական դիրքի գերազանցությունը ցուցադրելու տղայական պահվածքը: Նիկոլ Փաշինյանի այդ վերջին փայլատակումները ցրում են շատերի պատրանքները, հայացքները մաքրում են մեկ տարի առաջվա հեղափոխական մշուշից ու բացում աչքերը: Արդեն ավելի շատերն են հարցնում՝ «բա սրա համա՞ր էինք պայքարում, պայքարին միացել, փողոց փակել, Նիկոլին աջակցել» ու այդպես շարունակ: Ու հարցը միայն «Քոչարյանի գործը» չէ, այլ ընդհանրապես՝ սոցիալականը, տնտեսականը, քաղաքականը, իրավականը: Արտագաղթն ու արտագնա աշխատանքը, որի դեպքում էլ ոչ միայն բան չի փոխվել, այլ նախադրյալներ էլ չեն դրսևորվել, որ բան կփոխվի դեպի լավը:

Գործող իշխանությունը հակահեղափոխական վհուկներ է հորինում, բայց ամենից արդյունավետ հենց ինքը՝ իշխանությունն է պայքարում իր դեմ, ինչպես ցանկացած ավտորիտար իշխանական բուրգ: Եվ դա արդեն ավելի շատ մարդիկ են նկատում:

Որքան իշխանությունը շարունակում է կամայական մոտեցումներ դրսևորել, որքան վարչապետ Փաշինյանը շատ է տրվում միանձնյա ղեկավարի գայթակղույթուններին, հասարակության ողջախոհ շերտերում այնքան ավելանում են մտահոգությունները: Ու դա էլ են շատերն արդեն նկատում: Ասվածի մեջ համոզվելու համար կարող եք մեկ անգամ էլ աչքի անցկացնել ներկայացվող հարցումները, որ ձեզանից շատ ժամանակ չեն խլի: Քարոզելու հարց չկա. Յուրաքանչյուր անհատ, քաղաքացի ունի բավարար ունակություններ և ինտելեկտ՝ իր հետևությունները անելու համար։

 

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ