04 04 2019

Չորրորդ եռամսյակի նոսրացած ներդրումներն ու անհասկանալի «սրբագրումը»

Չորրորդ եռամսյակի նոսրացած ներդրումներն ու անհասկանալի «սրբագրումը»

Շատ ժամանակ չի անցել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա հպարտանում էր 2018-ի երրորդ եռամսյակի ներդրումներով, չարախնդում իր ընդդիմախոսների վրա, որոնք մատնանշել էին երկրորդ եռամսյակում ներդրումների ավելի քան 10 անգամ նվազումը և գրառումը եզրափակում «2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։ Դուխով» հեղափոխական պաթետիկայով։ Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկը հրապարակել է չորրոդ եռամսյակի տվյալները, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ «դուխով», ոչ էլ առանց դրա ինչ-որ չի շտապում անդրադառնալ դրանց։

Առաջին պատճառն այն է, որ «դուխով» անդրադառնալու պատճառ չկա։ Երկրորդը, որ «հպարտ» քաղաքացիները երբեք «սիրելի վարչապետից» հետևողականություն չեն ակնկալում և չեն սպասում, թե հրապարակված որևէ՝ որպես կանոն ընդհանուր պատկերից կտրված ցուցանիշ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում կամ ի՞նչ եղավ այդ ցուցանիշի հետ հետագա ժամանակահատվածում։ Դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, որը սակայն չի ենթադրում, որ իրականությունը երկար թաքցնել չի լինի և Հայաստանում միայն «քայլ արածները» չեն ապրում։ Փաստ է, որ նրանց հեղափոխությունը ոչնչացրել է տնտեսական զարգացման բարձր տեմպը և դրա հետագա ազդեցությունը սոցիալական վիճակի լավացման վրա։

Այժմ, ըստ էության ներդումների ցուցանիշների մասին՝ հիշեցելով Նիկոլ Փաշինյանի նախորդ գրառումը։ Նա, մասնավորապես, ներդրումային ցուցանիշների հետևյալ աղյուսակն էր բերել․

2017, I եռամսյակ, 68 մլն դոլար

2017, II եռամսյակ՝ 29.1 մլն դոլար

2017, III եռամսյակ՝ 50.9 մլն դոլար

2017, IV եռամսյակ՝ 101.8 մլն դոլար

2018, I եռամսյակ՝ 94.2 մլն դոլար

2018, II եռամսյակ՝ 8.9 մլն դոլար

2018, III եռամսյակ՝ 75.5 մլն դոլար

Այնուհետև նշել էր, որ 2018 թ․-ի երրորդ եռամսյակում ներդրումներն աճել են 50 տոկոսով 2017թ․-ի նույն եռամսյակի համեմատ կամ 50,9 մլն դոլարի դիմաց կազմել 75,5 մլն դոլար։

Այժմ, նույն համադրությամբ նշենք, որ 2018 թ․-ի չորրորդ եռամսյակում ներդրումները 30 տոկոսով նվազել են 2017 թ․-ի նույն եռամսյակի համեմատ կամ 101,8 մլն դոլարի դիմաց կազմել 70,7 մլն դոլար։ Այս ցուցանիշը փաստում է, որ ներդումները նվազել են նաև 2018 թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ։ Հետևաբար, ինչպես տեսնում ենք «դուխով» անդրադառնալու ոչ մի առիթ չկա այս ցուցանիշին։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, մեկ այլ բան կգտնի ժամանակավորապես «կերակրելու» հեղափոխական զանգվածին։ Եվ ընդհանրապես, ներդրումների հետ կապված ցուցանիշներին լավ կլինի, որ նա ընդհանրապես չանդրադառնա։

Ինչպես արդեն նշել ենք, մինչ իրականություն դառնալը, ներդրումներն անցնում են երկար ճանապարհ և 2017 թ․-ի ու 2018 թ․-ի առաջին եռամսյակի ներդրումների աճը բացառապես նախորդ կառավարության ջանքերի արդյունքն է։ 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում դրանց կտրուկ նվազումը ապրիլ-մայիսյան իրադարձությունների պատճառով էր։ Հետագայում, Կարեն Կարապետյան կառավարության ժամանակ աճ արձանագրած ներդրումների մի մասը վերականգնվեց, բայց, ինչպես երևում է հենց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած աղյուսակից, ոչ ամբողջությամբ։ Բանն այն է, որ եթե ներդումներ ներգրավելու համար երկար ճանապարհ է պետք անցել, սակայն դրանք ի չիք կարող են դառնալ շատ ավելի կարճ ժամկետում։ Ինչն էլ տեղի է ունենում հիմա։

Անդրադառնանք նաև ԿԲ հրապարակած տվյլաներին, որտեղ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 8,9 մլն դոլարը դարձել է 13,8 մլն դոլար։ Ինչո՞ւ։ Կենտրոնական բա՞նկն էլ է սկսում զբաղվել թվային աճպարարությամբ։ Նրանից ե՞ւս սպասենք, որ 2019 թ․-ի ցուցանիշներն արդեն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի «սրտով» են լինելու, ինչպես դա անում է ազգային վիճակագրական ծառայությունը։ ԿԲ նախագահը և խորհուրդը վախենում են կորցնե՞լ իրենց պաշտոնները։ Այդ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա նրանց կորցնել, քանի որ ՔՊ-ական «հանճարներից» Կենտրոնական բանկում անգամ առաջատար մասնագետ աշխատելու համար գիտելիքներ և հմտություններ ունեցող չկա։

Ի՞նչ է ստացվում տարեկան ցուցանիշների հետ ԿԲ-ի «սրբագրած» տարբերակի և նախորդ տարբերակի դեպքում։

Եթե 2017 թ․-ի օտարեկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը կազմել է 249,8 մլն դոլար, 2018 թ․-ին այդ ցուցանիշը, ըստ ԿԲ նոր «սրբագրած» տարբերակի՝ կազմել է 254,2 մլն դոլար, իսկ ըստ նախնական տարբերակի՝ 249,3 մլն դոլար։ Այսինքն, եթե ԿԲ-ն 8,9 մլն դոլարը չդարձներ 13,8 մլն դոլար, կստացվեր, որ 2018 թ․-ին Հայաստանում կատարված ներդումներն ավելի քիչ են եղել, քան 2017 թ․-ին։ Սակայն, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկը» կախվել է նաև ԿԲ գլխին։

Ամեն դեպքում, անգամ փոփոխված ներդումային ցուցանիշների հետ ներկայիս կառավարությունը որևէ առնչություն չունի։ Այն չի կարող բերել գեթ մեկ ներդրումային քիչ թե շատ նշանակալի ծրագիր, որը սկսել և իրականություն է դարձրել ինքը։ Փոխարենը կասեցվել կամ դադարեցվել են նախատեսվող կամ իրականացվող ներդրումային ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը միայն դա են արել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ