02 04 2019

Քննչական կոմիտեի գործողություններին պետք է տրվի գնահատական

Քննչական կոմիտեի գործողություններին պետք է տրվի գնահատական

ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ գաղտնալսումների գործը չի բացահայտվում։ Տապալվել է։ Սա հասկանալու համար պարտադիր չէ գործին մանրակրկիտ տեղյակ լինել։ Եթե այսօրվա իրավապահ համակարգը թեկուզ փոքրիկ կասկած է ունենում որևէ հանցագործության շուրջ, դա որպես իրողություն-ապացույց հայտարարում է։ Իսկ գաղտնալսումների մասով լռում են, մեկ անգամ ԱԱԾ տնօրենն ասաց, թե հեսա-հեսա բացահայտվում է, անգամ՝ թե բացահայտվել է հիմնական մասը, բայց հետո կարծես հասկացավ, որ, մեղմ ասած՝ շտապել է։ Ի սկզբանե մեզ հասկանալի էր, որ այսօրվա իրավապահը համակարգն անընդունակ է դա բացահայտել, այնպես, ինչպես անընդունակ է ընկալելու, որ խոսակցության մեջ բացահայտ հանցագործության մասին բովանդակություն կա։ Բոլորը դա լսեցին, ընկալեցին, հասկացան, իրավապահները՝ ո՛չ։ Բայց մեզ իրականում այնքան էլ չի հետաքրքրում, թե այդ ինչպես գաղտնալսվեցին։ Եթե գաղտնալսում են համաշխարհային առաջնորդների, ապա Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն ու Խաչատրյանը, աշխարհի հզորների համեմատ, չափազանց փոքր տրամաչափ ունեն չգաղտնալսվելու համար։

Մեզ հետաքրքրում է, թե ինչ մեղք էր գործել այս ամենում Yerevan.Today կայքը և իր տեխնիկան։

Սեպտեմբեր ամսվանից ի վեր մեր աշխատանքը կիսախափանված վիճակում է։

Նախ մեր տեխնիկան տարան 7․5 ժամանոց խուզարկությունից հետո, 100 օր հետո նոր միայն ասացին, որ փորձաքննությունն ավարտել են և վերադարձրին։ Մենք հայտարարեցինք, որ չենք օգտագործելու, քանի դեռ հայտարարությամբ հանդես չի եկել քննչական կոմիտեն, թե ինչ է հայտնաբերել մեր համակարգիչներում, բնականաբար՝ գործին առնչվող։

Դեկտեմբերի 27-ին վերադարձրել են մեր համակարգիչը և կոշտ սկավառակները, սակայն փաստում ենք, որ մոքտ 100 օր անց դեռ Քննչական կոմիտեն չի կարողանում մեզ ներկայացնել, թե ինչ է գտել դրանցում կամ չի գտել։

Երեք ամիս շարունակ նրանք դրժում են իրենց խոստումը՝ հայտարարությամբ հանդես գալու մասին, իսկ մենք պահպանում ենք մեր խոսքը, և չենք բացում մեզ հանձնված բազմաչարչար տեխնիկան։

Քննչական կոմիտեն, ըստ ամենայնի, համարձակություն չունի հայտարարություն տարածելու, որում ստիպված է նշել, որ ոչինչ չի գտել։ Այդ դեպքում հարց է առաջանալու, թե ուրեմն ի՞նչ օպերատիվ աղբյուրների հիման վրա եք մտել լրատվամիջոցի տարածք։ Փաստում ենք, որ ֆեյքնյուզի, ֆեյք հայտարարությունների, ֆեյքերով առաջնորդվող և պաշտպանվող վարչապետի հետ մեկտեղ ունենք նաև ֆեյքային օպերատիվ աղբյուրներ։

Պնդում ենք, մեր գրասենյակ ներխուժելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է երկրի ղեկավարի վրա, և կարծում ենք, որ հենց նրան էլ պատկանում է Yerevan.Today-ում խուզարկություն անելու պատվերը։

Դիմում ենք ՀՀ լրատվամիջոցների խնդիրներով և խոսքի ազատությամբ զբաղվող ու մտահոգ կառույցներին՝ կոչ անելով հարցադրումներ ուղարկել քննչական կոմիտեին և պահանջել գրավոր տեղեկանք, թե գաղտնալսումներին առնչվող ինչ է հայտնաբերել մեզանից առգրավված և հետազոտված համակարգչային տեխնիկայում։ Բարոյականության ցենզը հուշում է, որ առնվազն ներողության հաղորդագրություն պետք է տարածի այդ կառույցը։

Քննչական կոմիտեի գործողություններին պետք է տրվի թե՛ լրագրողական, թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական։

Այլապես, կատարվող ապօրինությունների նկատմամբ մեր հնազանդ-հարմարվողական կեցվածքը թույլ է տալիս, որ իրավապահ մարմիններն անխոչնդոտ մտնեն որ լրատվական կառույց ուզում են, առգրավեն ինչ ուզում են, ԱԱԾ հրավիրեն ում խելքները փչի ու որևէ պատասխան չտան՝ հղում անելով ֆեյքային օպերատիվ աղբյուրներին։ Մերժելի երևույթ է սա, որի առաջխաղացումը պետք է կասեցնել։ Այլապես այն տարածվում է և մի օր կդառնա մերժելի օրինաչափություն։

Ես՝ Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիրս, մեզ մոտ ապօրինի խուզարկության օրը նշել եմ, որից հետո, ցավոք, առիթ ունեցել եմ կրկնելու միտքը, որ մեզ մոտ կատարվածը պատշաճ գնահատական չստանալու դեպքում կունենա տարածական էֆֆեկտ, սկսել են մեզանից և կանցնեն մյուսներին՝ նպատակ ունենալով ճնշել ազատ խոսքը։ Եվ պատահական չէ իրավապահների այցը news.am, aysor.am խմբագրություններ, պատահական չէ «Բլոգնյուզ»-ի ղեկավարին ԱԱԾ հրավիրելը, պատահական չէ տարածքներ ազատելու պահանջով «Հրապարակ», «Հայելի» և այլ լրատվամիջոցներին դիմելը։

Եթե մենք չենք կարողանում ինքնակազմակերպվել, դա անում են իշխանական ֆեյքերն ու օպերատիվ աղբյուրները, սակայն՝ մեր դեմ և պարզ է՝ ում պատվերով։

Արդյունքում այս գործընթացը կհանգեցնի դաշտում միայն իշխանական ու հատկապես՝ նիկոլական, արևմտյան և մեր երկրի շահերին վնասող ու սպառնացող լրատվամիջոցների առկայությանը, բայց՝ ո՛չ անկախ հայկական։

Սա ահազանգ է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ