Խոստումներ տալու եւ չկատարելու անգերազանցելի վարպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019թ-ին պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով, «ինչը վերջին 9 տարիների համար աննախադեպ է, որովհետև չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն, այն էլ այսպիսի ծավալով»։ Միանգամից ասենք, որ սա ոչ այլ ինչ է, քան նրա հերթական ստերից մեկը։
Բնականաբար, ունեցել ենք բյուջեի եկամուտների գերակատարում: Հեռու չգնանք, 2017 թ․-ին պետական բյուջեի եկամուտները նախապես պլանավորված են եղել 1 տրլն 210 մլրդ դրամ, փաստացի հավաքվել է 1 տրլն 237 մլրդ դրամ։ Այսինքն, բյուջեի եկամուտները գերակատարվել են 27 մլրդ դրամով։ Շեշտենք, որ սա իրականություն դարձած գերակատարված բյուջե է, այլ ոչ թե խոստում։ Ինչ վերաբերվում է բյուջեի գերակատարման սպասվող ծավալներին եւ ընդհարապես գերակատարմանը, ապա դեռեւս չիրականացածով հպարտանալը, այսպես ասենք, լուրջ չէ։ Այդուհանդերձ, որքանո՞վ է հնարավոր բյուջեի գերակատարումը եւ ինչի՞ հաշվին դա կարող է տեղի ունենալ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիտարկենք այս եւ նախորդ տարիների հունվար-փետրվար ամիսներին հավաքված հարկային եկամուտներն ու տուրքերը։
2018 թ․-ի հունվար-փետրվարին հարկային եկամուտները կազմել են 144 մլրդ դրամ, իսկ 2019 թ․-ին՝ 182 մլրդ դրամ։ Առաջին հայացքից արդեն իսկ 42 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են հավաքվել այս տարվա առաջին երկու ամիսներին։ Սակայն միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ անցյալ տարվա առաջին երկու ամիսներին փաստացի հավաքվել է մոտ 54 մլրդ դրամով ավելի գումար, որը որպես «անցումային գերավճար» հետ է վերադարձվել արտահանողներին։ Հիշեցնենք, որ արտահումը ազատված է ավելացված արժեքի հարկից եւ պետությունը ապրանք արտահնողներից նախ գանձում, ապա որոշակի ժամանակհատվածում հետ է վերադարձնում ավելացված արժեքի հարկը։ Կարեն Կարապետյան կառավարությունը իսկապես գերակատարել էր պլանով նախատեսված հարկային մուտքերը, որը նրան հնարավորություն էր տվել տարվա առաջին երկու ամիսներին հետ վերադարձնել 54 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ։
Այսինքն, ստացվում է, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին փաստացի հավաքվել էր ոչ թե 144 մլրդ դրամ, այլ 54 մլրդ դրամով ավելի՝ 198 մլրդ դրամ։ Ի տարբերություն սրա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավաքել է 182 մլրդ դրամ եւ արտահանողներին վերադարձրել ․․․ 58 մլն դրամ։ Սա նշանակում է, որ հարկերի բարձր ցուցանիշն «ապահովվում է» բացառապես արտահանող ընկերությունների գումարները հետ չվերադարձնելու հաշվին։
Դատելով վերոնշյալից, կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը արտահանողներին ավելացված արժեքի հարկը չվերադարձնելու հաշվին էլ «գերակատարելու» է բյուջեի եկամուտները։ Եկամուտների գերակարատման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե այս տարի կառավարությունը արտահանողներին վերադարձնի այնքան, որքան անցյալ տարի՝ 55 մլրդ դրամ։ Եթե այդ գումարը վերադարձնելուց հետո պետական բյուջեի եկամուտների նախատեսվածից ավելի լինեն 40 մլրդ դրամով, միայն այդ դեպքում կարող ենք փաստել եկամուտների գերակատարման մասին։
Լրացուցիչ 40 մլրդ դրամով, անշուշտ, հնարավոր կլինի նաեւ աշխատավարձեր բարձրացնել։ Այլ հարց է, որ դա ոչ թե տնտեսության զարգացման եւ հարկային եկամուտների ավելացման, այլ տվյալ դեպքում արտահանողների գումարը չվերադարձնելու, ինչպես նաեւ պետական համակարգի շուրջ 10 հազար աշխատակիցների կրճատվելու հաշվին է իրականացվելու։ Հարց է առաջանում՝ որքանո՞վ է բարոյական հանրության մի խմբի հաշվին մյուսին լավություն անել։ Նման մոտեցումն, իհարկե, նորություն չէ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման վիճակ նա արդեն ստեղծել է եկամտային հարկի համահարթեցմամբ։ Այդուհանդերձ, առաջ անցնելով նշենք, որ անգամ այս դեպքում չափազանց կասկածելի է թվում բյուջեի մուտքերը կատարելու կամ աշխատավարձերի անգամ նման չնչին բարձրացումը։ Տնտեսական վիճակի վատթարացումը եւ աշխատավարձերի ու թոշակների վճարման ուշացումները փաստում են, որ իրականությունն այլ է, ներկայացվող թվային ցուցանիշները՝ այլ։ Սակայն դա չի խանգարում կառավարության ղեկավարին շարունակել մարդկանց հիմարեցնելու փորձերը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը